Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արցախի գործող Սահմանադրությունը մի շարք ռիսկեր է պարունակում, որոնց վերացնելուն էլ, ուղղված է Սահմանադրության փոփոխությունների ներկայիս գործընթացը»

Փետրվար 07,2022 15:00

ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը վստահ է՝ Ադրբեջանի գլխավոր նպատակն Արցախի մնացած մասը եւս հայաթափելն է, եւ ռուսական խաղաղապահ առաքելությունն այդ նպատակը խոչընդոտող գործոն է:

«Ակնհայտ է, որ այս փուլում ռուս խաղաղապահների դերն էական է Արցախում հայության գոյության տեսանկյունից»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Նախարարին հիշեցրինք՝ մի առիթով հայտարարել էր, որ Ղարաբաղում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար բնակավայրերի մոտից պետք է հեռացվեն ադբեջանական դիրքերը: Այնուհետեւ փաստեցինք՝ շատերն են Արցախի ժողովրդի անվտանգությունը կապում ռուս խաղաղապահների հետ: Օրերս էլ ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը սփյուռքի գործիչների հետ հանդիպման ժամանակ կարծիք էր հայտնել՝ եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, մեկ հայ այնտեղ չի մնա, ու մեր հարցին՝ այդ վտանգը Հայկ Խանումյա՞նն էլ է տեսնում եւ ո՞րն է նրա դիրքորոշումը ռուս խաղաղապահների՝ Արցախում ներկա լինելու առումով, նախարարը պատասխանեց. «Ադրբեջանի գլխավոր նպատակն Արցախի մնացած մասը եւս հայաթափելն է, եւ ռուսական խաղաղապահ առաքելությունն այդ նպատակը խոչընդոտող գործոն է»:

Հայկ Խանումյանի հետ զրույցում հիշեցրինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱՊՀ ստեղծման փաստաթղթերով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ իրավաբանները պնդում են, որ խոսքը ամբողջականության սկզբունքի եւ ոչ թե ԽՍՀՄ վարչական սահմանները ճանաչելու մասին է, այսինքն՝ ՀՀ-ն չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուստի հետաքրքրվեցինք՝ հետեւաբար ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ վարչապետի այդ հայտարարությունը, Հայկ Խանումյանը խուսափեց անձնական մեկնաբանություններից ու նշեց. «Արցախի նախագահը եւ Ազգային ժողովն արձագանքել են ՀՀ վարչապետի մեկնաբանություններին, եւ ես դրանց ավելացնելու ոչինչ չունեմ»: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի քաղաքական ղեկավարությունից բավականին կոշտ արձագանք էր ստացել: Արայիկ Հարությունյանն իր հայտարարությունում նշել էր, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Արցախի ԱԺ-ն այդ հայտարարությունները տարակուսելի էր համարել ու վստահեցրել. «Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող եւ հնարավոր օտար տարրերի ներկայության կարեւորությունը ընդգծող հայտարարությունները, որոնք մերժելի ու պարսավելի են Արցախի ազատության եւ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի դիմաց»:

Ներկայումս Արցախում ընթանում են սահմանադրական փոփոխությունների հետ կապված գործընթացներ: Հայկ Խանումյանին հարցրինք՝ ո՞րն է Ձեր դիրքորոշումը Արցախում Սահմանադրության փոփոխության հարցով, քանի որ կարծիքներ կան, որ ԱՀ ներկայիս ԱԺ-ն այլեւս չի արտահայտում հասարակական տրամադրությունները, հետեւաբար պետք չէ ձեւականորեն այն պահել մինչեւ 2025-ը, Արցախի կառավարության անդամը նշեց. «Սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելը խորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցելով է եղել: Ժամանակին ես դեմ եմ եղել գործող Սահմանադրության ընդունմանը, իմ գլխավորած կուսակցությունը 2017-ին ձեւավորել է «դեմ»-ի շտաբ եւ հանրաքվեի քարոզչության ժամանակ դեմ քարոզել: Գործող Սահմանադրությունը մի շարք ռիսկեր է պարունակում, որոնց վերացնելուն էլ, կարծում եմ, ուղղված է Սահմանադրության փոփոխությունների ներկայիս գործընթացը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28