Լրահոս
Օրվա լրահոսը

Խոտն էլ է ճանապարհից զրկվել. Մարդիկ տանջանքների գնով են Մեղրի, Կապան, Քաջարան հասնում

Փետրվար 06,2022 21:12

Անցյալ տարվա աշնանից պետությունը Խոտ գյուղի բնակիչների համար էլ նոր ճանապարհ է կառուցում: Նոյեմբերի 9-ի՝ գիշերով ստորագրած հայտնի համաձայնագրից հետո, ինչի արդյունքում Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Սյունիքի մարզի Խոտը նույնպես զրկվել է Մեղրիի, Կապանի, Քաջարանի եւ Գորիսի հետ կարեւոր ենթակառուցվածքից՝ ճանապարհից: Գյուղը նաեւ սահմանամերձ է դարձել:

Գյուղն այլընտրանքային ճանապարհ ունեցել է, որը տանում է դեպի Որոտան, սակայն այն թե՛ երկար է, թե՛ խիստ անբարեկարգ: Խոտի բնակիչներն ասում են, որ ճանապարհն անանցանելի էր թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար եւ այն կտրել-անցնել հնարավոր էր միայն ամենագնաց մեքենաներով:

Ուստի, մինչեւ կկառուցվի նոր ճանապարհը, մարդիկ տանջանքների գնով են այդ բնակավայրեր հասնում:
«Քանի որ թուրքերը ներքեւի՝ Գորիսից դեպի Որոտան եկող ճանապարհը փակել են, էս ճանապարհը դրա համար են կառուցում, որպեսզի կապ ունենանք Մեղրու, Կապանի, Քաջարանի հետ: Մեր կապն էդ բնակավայրերի հետ շատ ա, հազար ու մի գործով գնում՝ գալիս ենք»,-մատնացույց անելով հայտնի Թասի ոլորաններն՝ ասում է Խոտ գյուղի բնակիչ Թանգի Իվանյանը:

Նրա խոսքով, այդ ոլորանների մի մասը հիմա ադրբեջանցիների կողմում է: Խոտում շատերն են պատրաստակամ դրսից եկողին ընկերակցելու, գլխներին եկածի մասին պատմելու, անգամ փոքրիկ «տուր» կազմակերպելու, որպեսզի տեսնենք՝ պատերազմից հետո իրենց կյանքն ինչպես է 180 աստիճանով փոխվել, ինչպես է գյուղը զրկվել ճանապարհից, ադրբեջանական զինված ուժերը որտեղ են տեղակայված եւ այլն:

Չնայած հասակին՝ Թանգին, մի տեսակ մեղքի զգացումով ասում է՝  հաշմանդամություն ունի, չի կարողացել մասնակցել պատերազմին: Ասում է նաեւ, որ գյուղը 44-օրյային երկու զոհ է տվել:

Թանգիի կինը՝ Սիրուհի Իվանյանը ամուսնու հյուրերին չտեսած՝ նկուղից դեղձի «կոմպոտներն» է վերեւ բարձրացնում:

«Քաղցած կլինեք, տարբեր բաների կարիք կունենաք, եկե՛ք մի քիչ հանգստացեք»,-ասում են ամուսիններն իրենց գյուղ եկած լրագրողներիս խմբին:

«Ռայա՛, խոսի դու լավ ես խոսում, պատմի մեր վիճակից»,-ասում է տիկին Սիրուհին ու իր անվան շուրջ կատակներ անում:

Ռայա Կարապետյանը հոգոց է հանում՝ ինչ ասեմ, գյուղը պատերազմին երկու զոհ է տվել: Գյուղի զոհված երիտասարդներին հիշելուց հետո միայն տիկին Ռայան անցնում կենցաղային հարցերին. «Ճանապարհի պատճառով կյանքներս շատ ա դժվարացել. հիմա Տաթեւով են գցել, երեկ չէ առաջին օրն է տղաս գնացել, ասում ա՝ շատ դժվարությունով գնացել է, եկել է»:

Ասում է՝ սահմանամերձ դառնալուց հետո սրտները վախ է ընկել: Մինչեւ 1993 թվականը Խոտն ուներ սահմանամերձ գյուղի կարգավիճակ։ Բայց 28 տարիների ընթացքում այդ կարգավիճակից հետ են վարժվել, թիկունքում հայկական բնակավայրեր են ունեցել:

Ռայա Կարապետյանը 55 տարի առաջ է Խոտ հարս եկել: Ծնվել է Սիսիանի Գետաթաղ գյուղում: Հինգ զավակ ունի՝ երեք երեխաները թոռներով Խոտում են ապրում. միայն մի որդին ու աղջիկն են գյուղից դուրս եկել: 40 տարուց ավելի Խոտի մանկաբարձն է եղել: Ասում է՝ եղել է, որ տանն է ծնունդ ընդունել, կամ՝ մեքենայի մեջ:

Տիկին Ռայան հարեւանուհու՝ Սիրուհի Իվանյանի հետ հաճախ են անցած գնացածը հիշում, ասում է՝ դժվար տարիներին անգամ հույսը չեն կորցրել. հիմա ամեն ինչ այլ է. մեծացել են, սրտները չի դիմանում կատարվածից:

Խոտը 2015 թվականից մաս է կազմում խոշորացված Տաթեւ համայնքի։ Հեռավորությունը Գորիս քաղաքից 12 կիլոմետր է: Գյուղը գտնվում է Որոտանի ձախ կողմում՝ բարձրադիր սարավանդի վրա։ Խոտն ունի մոտ 900 բնակիչ: Այստեղ բնակիչները ապրում եւ վաստակում են հիմնականում անասնապահությամբ ու դաշտավարությամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28