Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք գիտենք՝ ինչ է կատարվում մեզ հետ, երբ երկար ենք մնում սոցցանցերում․ հոգեբանը՝ սոցցանցերի բացասական ազդեցությունների մասին

Փետրվար 06,2022 23:00

«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ հոգեկան առողջության վրա (և ոչ միայն) սոցցանցերի գործած դրական ու բացասական ազդեցությունների, բացասական ազդեցություններից ձերբազատվելու մեխանիզմների մասին։

Սոցցանցերի բացասական և դրական ազդեցությունը, ինչպես պաշտպանվել:

Սոցիալական ցանցերի ազդեցությունը մարդկային կյանքի վրա յուրահատուկ է, որը դեռևս այդքան էլ ուսումնասիրված չէ: Սակայն, ինչ խոսք, այն փոխել է մարդկային կյանքը, մարդու հոգեբանական դիմագիծը, վարքագիծը, հուզական և ինտելեկտուալ կարողությունները:

Համացանցի բացասական ազդեցություններ ենք համարում

1. Ինֆորմացիայի գերհագեցվածությունը համացանցում, սոցցանցերն առաջացնում են կախվածություն ինֆորմացիայի նկատմամբ, որը երբեմն հիշեցնում է թմրանյութի բացակայության ժամանակ գործող մեխանիզմը, ասենք, երբ մարդը երկար ճամանակ ինֆորմացիա չի ստանում, ապա բացը լրացնելու «կպչունություն» է ձեռք բերում: Եվ, բացի դրանից, ցանկացած ինֆորմացիայի շատը, նույնիսկ դրականը, սթրես է մարդու համար, քանի որ խախտվում է մարդու հոմեոստատիկ հավասարակշիռ վիճակը:

2. Մարդը համացանցի ներսում սկսում է բավարարել և՛ սիրված  ու կարևորված լինելու, և՛ հեղինակություն վայելելու, և՛ ինչ-որ մի բան սովորելու, ընկերներ ձեռք բերելու, և՛ շփվելու պահանջմունքը, այդ ամենն իրականացնում է նկարներ և գրառումներ հրապարակելով, ինչ-որ խմբեր մտնելով, քննարկումներ ծավալելով և այլն: Սակայն այդ ամենը կեղծ է, որը խզում է առաջացնում իրականության հետ, մարդը դառնում է վիրտուալ աշխարհի զոհը և կտրվում կյանքից:

3. Կարող է ազդել ինքնագնահատականի վրա և նույնիսկ ինքնագնահատականի տրավմա առաջացնել հատկապես անլիարժեքության զգացում ունեցող անձանց մոտ, քանի որ մարդը տեսնում է հաջողված մարդկանց կյանքեր, երջանիկ գրառումներ, որոնք ոչ միշտ են իրական և սովորաբար իդեալական են ներկայացված, իսկ իդեալին, բացարձակ ցանկալիին հասնելն անհնարին է, ինչն էլ հյուծում և բացասաբար է ազդում մարդու ինքնագնահատականի վրա:

4. Սոցցանցերում մարդն ակամայից կարդում է նորություններ, հաճախ հանդիպում բացասական վերնագրերի, գրառումների, քննադատությունների, թվում է, թե կարդաց, անցավ և մոռացավ, սակայն  այդ ամենը կուտակային սթրես է և բացասաբար է անդրադառնում՝ առաջացնելով բացասական  հույզեր, ապրումներ, որոնք մարդուն դարձնում են դյուրագրգիռ, անհանգիստ, տագնապային, երբեմն՝ դեպրեսիվ։  Այստեղ կուզեի նշել, որ այն, ինչ բացասական է, սարկազմիկ, ագրեսիա ու զայրույթ է պարունակում, ավելի շատ է ընթերցվում, ավելի իմաստավոր ու խելացի է թվում, ու այդ ոճը դառնում է համընդհանուր՝ ձևավորելով հոգեկերտվածք, կրթական ցենզ, մարդիկ ենթագիտակցորեն սկսում են կրկնել կամ նմանակել այդ արտահայտչամիջոցները, քանի որ դրանք ասոցացվում են ուժի, իշխանության հետ, սակայն պետք է տարբերակել, որ դրանք զուտ  մանիպուլյացիոն հնարքներ են ու շատ վնասակար։

5. Մարդը կարող է կախվածության մեջ հայտնվել հրապարակված նյութի, քննարկման կամ նկարի նկատմամբ ունեցած արձագանքից․ եթե արձագանքները և մեկնաբանությունները դրական են՝ կրկին նույն հաճույքը զգալու ցանկության մեջ է հայտնվում, եթե բացասական են՝ տրամադրության անկում և ճնշվածության զգացում է ունենում:

6. Երբեմն համացանցը «կեղծ ես»-ի  արտահայտման հնարավորություն է, որը «իրական ես»-ին չի համապատասխանում․ ամպագոռգոռ գրառումներ, բարի, երջանիկ կամ խելացի մարդու կեղծ կերպար, որը կերտվում է նկարների, գրառումների, մեկնաբանությունների միջոցով՝ նմանվելով մանիպուլատիվ հնարքի, և ցավալին այն է, որ որոշ մարդիկ հավատում են դրան։

7. Սոցցանցերը բացասաբար են անդրադառնում ուշադրության կենտրոնացման և մտածողական պրոցեսների վրա, մարդիկ դառնում են ցրված, մտածողությունը՝ ոչ հանգամանալից և տրամաբանական, քանի որ ստացվող ինֆորմացիան շատ տարբեր է, և մարդը քաոտիկ փնտրում է և չի հասցնում վերլուծել:

8. Հիշողության վրա նույնպես բացասաբար է անդրադառնում ինֆորմացիոն այդ գերհագեցածությունը։

9. Բացասաբար է անդրադառնում քնի վրա, օրվա ստացած ինֆորմացիան չի հասցվում մշակվել, երբեմն ինֆորմացիան իր վերնագրով կամ բովանդակությամբ անհանգստության և տագնապի, ջղայնության զգացումներ է առաջացնում, բացի դրանից, քնելուց առաջ մութ սենյակում «գադջեթի» լույսը բացասաբար է անդրադառնում քնելու գործընթացի վրա:

10. Համացանցը միջին կամ միջինից ցածր մասնագիտական որակավորում ունեցող անձանց համար ինքնաներկայանալու և կեղծ փիառ անելու լավագույն միջոց է դառնում, որոնք բլոգներ բացելու, ֆոտոշարքերի, հրապարակումների և տարաբնույթ նյութեր հրապարակելու միջոցով կարողանում են մեծ ճանաչում ձեռք բերել: Երբեմն ոչ կոմպետենտ անձինք տարբեր խմբերում դառնում են կեղծ փորձագետներ՝ տարբեր ոլորտների առնչությամբ տարբեր խմբերում քննարկումներ ծավալելով, ինչը երբեմն շատ բացասական հետևանքներ է ունենում:

11. Մարդու ֆիզիկական առողջությունը նույնպես անմասն չի մնում համացանցի դարաշրջանին բնորոշ կենսակերպի բացասական ազդեցություններից․ ծանրաբեռնվում է ներքին օրգանների աշխատանքը, նյարդային համակարգը, տեսողության օրգանը, առաջ են գալիս նյութափոխանակության խանգարումներ և այլն:

Սկզբնական շրջանում ինտերնետից օգտվելը թվում է անվնաս, այն գայթակղիչ է, լիցքաթափող և հետաքրքիր: Աստիճանաբար համացանցը կլանում է մարդուն, և գործողություններն ու միտքը  դառնում են կպչուն:

Պետք է վերահսկելի դարձնել համացանցից, մասնավորապես սոցցանցերից օգտվելու ողջ պրոցեսը, օրվա ընթացքում սահմանել ժամեր՝ երբ և ինչպես օգտվել համացանցից: Ստացվող տեղեկատվության նկատմամբ ունենալ քննադատական վերաբերմունք, քնելուց 2 ժամ առաջ չստուգել ոչինչ:

Տեղեկանալով այս ամենի մասին՝ անհրաժեշտ է  խիստ կարգուկանոն սահմանել, օրը հագեցնել օգտակար զբաղմունքներով, որպեսզի սոցցանցերի նկատմամբ պահանջը նվազագույնի հասնի: Շատ լավ օգնում է «արգելքի» վարժությունը, երբ ցանկություն է առաջանում ստուգել համացանցը, արգելում եք ինքներդ ձեզ և դրա փոխարեն գիրք ընթերցում, նոր բան սովորում, ինչ-որ բան պատրաստում և այլն:

Սովորաբար 21 օր կամք գործադրելը և ժամերը պակասեցնելը օգնում է սովորույթ ձևավորելուն և կախվածությունից ձերբազատվելուն:

Սոցցանցերի դրական ազդեցությունները

1. Աշխարհի տարբեր երկրների մարդկանց հետ կապի հաստատումն է:

2. Հաղորդակցական դժվարություններ ունեցող անձանց համար շփման հնարավորություններ են ստեղծում:

3. Մենակության հաղթահարման և հույզերի արտահայտման միջոց կարող են լինել:

4. Ընկերների ուշադրությունը և հավանությունը հրապարակումների և նկարների շուրջ կարող է ոգևորել մարդուն, բարձրացնել վերջինիս ինքնագնահատականը։

5. Ինքնառեալիզացիայի հնարավորություն են ստեղծում, որոշակի ունակություններ կիսելու, ցուցադրելու և կայանալու ՝ պատրաստելու, նկարելու, ստեղծագործելու և այլն:

6. Նոր բաներ սովորելու, ինքնակրթության հիանալի միջոց են։

7. Դրական հույզեր ստանալու և պարգևելու լավ հարթակ են։

8. Երբեմն թույլ են տալիս տխրությունը կամ տառապանքը խաղարկելու՝ փոխակերպելու դրականի՝ ուրախ նկարների տեղադրում, ոգեշնչում ընկերների կողմից և այլն:

 

Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28