Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքուն որ միացնում ենք, Ալիեւը նենց հպարտ-հպարտ խոսում ա, ներվայնանում ենք, մենք էլ մեզ անտեր ենք զգում». Հույսն ու քունը կորցրած Խոզնավարը

Փետրվար 06,2022 18:25

Գյուղամիջում իրարանցում տեսնելով՝ Վալյա տատն ընկերուհու հետ դուրս է գալիս պատշգամբ:

«Էն հինչա՞ պտահալ»,-միմյանց հարցնում են գյուղի բնակիչները՝ փորձելով գուշակել՝ հո լուրջ բան չկա՞: Այսպես արդեն մոտ մեկ տարի վախը սրտներում ապրում են Խոզնավարի բնակիչները: Ադրբեջանցիների ներխուժումով հայտնի դարձած այս գյուղը Գորիսից 11 կիլոմետր է հեռու:

Մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի Ծիծեռնավանք գյուղին, այժմ՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած Լաչինի շրջանին: Իսկ անցյալ տարվա մայիսից էլ գյուղը, կարելի է ասել, երեք կողմից շրջափակման մեջ է:

2021 թվականին Սեւ լճի տարածք ներխուժած ադրբեջանական զինվորականները օրեր անց էլ՝ մայիսի 20-ին, Խոզնավարի ուղղությամբ  էին 1.5 կիլոմետր առաջ եկել եւ, չնայած Հայաստանի տարածքը լքելու՝ ՀՀ իշխանությունների պահանջին, ադրբեջանցիները մեր այցելության օրն էլ Խոզնավարի գլխին պինդ-պինդ կանգնած էին:

«Որ նորից մի բան եղավ, ճանապարհ էլ չունենք, որ փախնենք»,-ասում է Վալյա տատն ու կատակում՝ «Սկի չենք էլ կարա փախնենք, մեկս «հռոն» ա մեկս՝ «դռոն»՝ ցույց տալով վառարանի կողքը նստած ամուսնուն: Ասում է, մեծահասակ են, ամուսինն էլ մեկ տարի առաջ կորցրել է առողջությունը: Տարեց ամուսինները վեց աղջիկ ունեն, 14 թոռ: Բոլորն էլ ամուսնացել են Խոզնավարից դուրս, բայց, ինչպես Վալյա տատն է ասում, ծնողներին «աչքի լույսի» պես պահում են: Մի աղջիկը Ռուսաստան է կանչում՝ միասին ապրելու, մեկը՝ Երեւան, մյուսն՝ իր տուն՝ Կապան, որ ծնողների համար հանգիստ լինեն, բայց ամուսինների սիրտը Խոզնավարից չի կտրվում: «Ո՞նց գնանք, էսքան արել՝ դրել ենք»,-ցույց տալով տունը, այգին ասում են ամուսիններն ու հյուրասիրում այգու բարիքները:

Վալյա Պարսյան

«Մեր պնդուկն ա կեր, մեր խնձորը, տանձը, տես ինչ համով ա, Երեւանումդ սենց բան չես գտնի»,-ասում է տիկին Վալյան: Մեծահասակ կնոջ տունը մաքրությունից փայլում է, վառարանի վրա շարված պղնձե կաթսաները՝ նույնպես: Ասում է՝ առաջվանը չի, հիմա շուտ է հոգնում, համ էլ՝ պատերազմից հետո շատ հարցեր հետին պլան են մղվել. «Ա՜յ, բալա ջան, հիմա ով ա՞ մաքրության մասին մտածում, հենա, գիշեր-ցերեկ վախը սրտներումս ապրում ենք, տեսնես ի՞նչ կլինի մեր վերջը, խաղաղություն կտեսնե՞նք, թե կմեռնենք՝ առանց տեսնելու»:

Հակառակորդի «պոստերից» մեկն ուղիղ Վալյա Փարսյանի տան պատշգամբին է նայում:  86-ամյա Վալյա տատն ասում է՝ իրիկունները լույսը շուտ հանգցնում է, որ «թուրքի դիրքից» հանկարծ՝ չկրակեն:

Հարցնում եմ՝ ի՞նչ պահանջ ունենք իշխանություններից: «Իշխանություններից ուզում ենք, որ կյանքը լավ լինի, անտեր երկիր է, տեր չունի: Բաքուն որ միացնում ենք, Ալիեւը նենց հպարտ-հպարտ խոսումա ներվայնանում ենք, մենք էլ մեզ անտեր ենք զգում»:
Պատերազմից հետո Խոզնավարից արդեն 2 ընտանիք գնացել են, մեկն էլ պատրաստվում է հեռանալ:

Արտագաղթելու պատճառն, ըստ Խոզնավարի վարչական շրջանի ղեկավար Վահան Զաքյանի, անվտանգությունն ու սոցիալական վիճակն է: Չնայած ամեն գիշեր Խոզնավարի տղամարդիկ գյուղում հերթապահություն են իրականացնում՝ հսկելով, որ թշնամին չփորձի գյուղ մտնել, գյուղի արոտավայրերը կորցնելուց հետո գրեթե բոլոր ընտանիքները լուրջ խնդրի առաջ են կանգնել:

Վահան Զաքյանն ասում է՝ առաջ մարդիկ 10 կով էին պահում, հազիվ ծերը ծերին հասցնելով ապրում էին, հիմա 3-4 կով պահելով ո՞նց ապրեն, դրա համար էլ հեռանում են:

Վահան Զաքյան

Նրա խոսքով, հայկական եւ ադրբեջանական դիրքերի արանքում չեզոք գոտի կա, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, եւ գյուղացիները անասնակերը հիմնականում այդ հատվածից են հնձել: Այսօր, սակայն ադրբեջանցիները թույլ չեն տալիս, որ մարդիկ այդտեղ հունձք կատարեն:


«Մեր ժողովուրդն այդտեղից ահագին խոտ բերելուց է եղել, վերեւը՝ Սեւ լճի տակը, մի 100 հեկտարի չափ տարածք էլ ըտեղ է մնացել թուրքերին, մեր համայնքի հողերն էին, ժողովուրդը հիմնականում ընդեղից էլ էր խոտը բերում»,-ասում է վարչական շրջանի ղեկավարը:

Խոզնավարը 2016 թվականին խոշորացվել է՝ միավորվելով Սյունիքի մարզի Տեղ համայնքին: Խոզնավարում 76 ընտանիք է ապրում՝ 350 բնակչով:

Վահան Զաքյանն ասում է, որ անցյալ տարվա տարբերությամբ գյուղի անասնագլխաքանակը զգալի պակասել է. մնացել է 434 գլուխ խոշոր անասուն, 1626 ոչխար, մի քանի խոզ, բայց ժամանակին կրկնակի, եռակի է եղել: Եղած անասուններին արածեցնելիս էլ խնդիրների առաջ են կանգնում. Ասում է՝ հովիվները մշտապես լարված են լինում, որ շատ առաջ չգնան. աշխատում են սահմանին շատ մոտ չարածեցնել:
Վարչական շրջանի ղեկավարը արտագաղթը կանգնեցնելու լուծում է առաջարկում՝ Խոզնավարում աշխատատեղեր բացել:

Ասում է՝ «Սովետի» տարիներին գյուղում կոնդեսատորի ցեխ է եղել, կարի արտադրամաս ու վինտիլյատորների մասեր են արտադրել, ինչի շնորհիվ էլ գյուղը ծաղկել է: Գյուղի ղեկավարի գլխավերեւում էլ «Սովետից» մնացած հուշեր կան՝ մեծադիր քարտեզը, որը պատմում է 1919-1920 թվականներին  Սովետական միության՝ այլ երկրների հետ ունեցած ռազմական գործողությունների մասին:

Խոզնավարի բնակիչներին էլ, որպես սահմանամերձ գյուղի, Կարմիր Խաչը յուրաքանչյուր ընտանիքին 280 հազար դրամ է հատկացրել՝ վառելիք ու անասնակեր գնելու նպատակով: «Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ բոլորին արեւային ջրատաքացուցիչ է տեղադրել, բայց ինչպես այլ գյուղերում, Խոզնավարում էլ մարդիկ ջրի խնդիր ունեն եւ շատերը չեն կարողանում ջրի սակավության պատճառով օգտվել այդ ջրատաքացուցիչներից:

Այս պահին գյուղում մանկապարտեզ է կառուցվում. ինչպես Վահան Զաքյանն է ասում, մանկապարտեզի տարիքի Խոզնավարում 5 երեխա կա, բայց մինչեւ այն պատրաստ լինի՝ նրանց թիվը 20-ը կլինի:

Գյուղը վերանորոգված մշակույթի տուն էլ ունի, որտեղ վերջերս Բանակի տոնն էին նշել: Դպրոցը նույնպես բարեկարգ է:
Առաջին հարկում արցախյան առաջին պատերազմի հերոսների եւ հայազգի հայտնիների լուսանկարներն էին. Այստեղ կողք-կողքի էին, հիմա՝ հակադիր ճամբարներում գտնվող Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Բաբայանը, Սերժ Սարգսյանն ու Արկադի Տեր-Թադեւոսյանը, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Օհանյանը եւ այլոք:

Խոզնավարի դպրոցում այժմ սովորում է 38 աշակերտ: Ընտանիքների՝ գյուղից հեռանալուց հետո 12 աշակերտ դուրս է եկել: Խոզնավարի միջնակարգ դպրոցը 6 առաջին դասարանցի ունի: Տնօրեն Վոլոդյա Զախարյանը ցավով է նշում, որ դպրոցը 8-րդ եւ 11-րդ դասարաններ չունի, ինչը նշանակում է, որ եկող տարի ավարտական դասարան էլ չեն ունենալու: Խոզնավարի երեխաներին 17 ուսուցիչ է դասավանդում, որոնց մի մասը գալիս է Գորից: Բայց աշխարհագրության ուսուցիչ չունեն:

Վոլոդյա Զախարյան

Վարչական շրջանի ղեկավարի խոսքով, երկար տարիներ է դիմում են գյուղը սպասարկող ճանապարհի վերանորոգման համար: Պատերազմից հետո խնդիրն ավելի հրատապ է, քանի որ այն միակ ճանապարհն է մնացել, որը Խոզնավարը կապում է Գորիսին: Խոզնավարցիների խոսքով՝ կյանքի ճանապարհը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28