Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի քարտեզ չկա ստորագրված, հաստատված խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից․ «Առերեսում»

Փետրվար 05,2022 23:26

Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ կարիք չկա «կրեատիվ» մոտեցումներ մշակել սահմանազատման հարցում, միջազգային սահմանները պետք է ճանաչվեն: Սակայն կարո՞ղ ենք արդյոք ասել, թե այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում այս հարցին ի պատասխան՝ ԽՍՀՄ տարիների ժողտնտեսության ինստիտուտի քարտեզագրության բաժնի վարիչ, «Նահապետ» հրատարակչության տնօրեն Սեն Հովհաննիսյանը մասնավորապես պատասխանեց․ «Վստահ կարող եմ ասել՝ չկան եւ չեն կարող լինել առաջիկա մի քանի տարիների ընթացքում»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել է, որ ԽՍՀՄ միութենական հանրապետությունների ներքին սահմանազատման քարտեզները ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում են։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ «Ռուսաստանի նախագահի նշած քարտեզները, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են Հայաստանի վարչական բաժանման մասին օրենքում նկարագրված Հայաստանի Հանրապետության սահմանների հետ»։ Արդյոք պարզ է, թե խոսքը ո՞ր քարտեզների մասին է։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանը հարցին ի պատասխան նշեց․ «Միանշանակ կարող եմ ասել, որ ճիշտ է 20-ական թվականների քարտեզները որպես հիմք վերցնել։ Իրավական եւ այլ առումներով՝ ավելի ճիշտը դրանք են»։ Ըստ նրա՝ այդ քարտեզներում Արծվաշենը միացած է Հայաստանին, անկլավներ չկան։ «Եվ այն ճանապարհները, որոնք այսօր պրն վարչապետը համարում է ադրբեջանական՝ նույնիսկ հիմնականում Հայաստանի տարածքում են»,– հավելեց պրն Մանասյանը։

Այդ քարտեզներից որո՞նք են, որ օրինական ուժ ունեն։ «Կարող եմ հստակ ասել, որ ոչ մի քարտեզ օրինական ուժ չունի»,– հարցադրմանն արձագանքեց Սեն Հովհաննիսյանը։ Սահմանազատման համար իրավական հիմք հանդիսացող քարտեզները պետք է հաստատված, կնքված և ստորագրված լինեն Հայաստանի Խորհրդային Հանրապետության և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության ղեկավարների կողմից: Սակայն պրն Հովհաննիսյանը պնդում է․ «Ոչ մի քարտեզ չկա ստորագրված, հաստատված։ Ես եղել եմ Հրանտ Ոսկանյանի (1975-1985 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահ՝ 1985-1990 թվականներին․–խմբ) մոտ, որն աշխարհագետ է մասնագիտությամբ եւ ինքն այդ ամենը ինձ փոխանցել է։ Երբ որ ինքը Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահ էր՝ իրենց մոտ չկար որեւէ նման փաստաթուղթ»։

Սեն Հովհաննիսյանը բերել էր 1920 թվականին եւ հետագա տարիներին հրապարակած բազմաթիվ քարտեզներ, որոնք ցուցադրեց հաղորդման ընթացքում։ Դրանց բնօրինակները, ըստ նրա, Փարիզի ազգային գրադարանում են։

Արդյոք պետական մարմինները դիմե՞լ են՝ այս փաստաթղթերը ստանալու համար։ Հարցադրմանն ի պատասխան՝ Մաքսիմ Մանասյանն ասաց․ «Այսօր ցավոք ընդհանրապես գիտնականների եւ մասնագետների կարծիքները ոչ ցանկություն կա լսելու, ոչ էլ լսում են»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ․ Գ․ Զրույցի վերջում անդրադարձ եղավ նաեւ Գարեգին Նժդեհի անվան շուրջ շահարկումներին, որոնք դադարեցնելու համար, երեք տարի առաջ Ռուսաստանի հայերի միությունը նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով պետական մակարդակով նախաձեռնել ռուս-հայկական հանձնաժողովի ձևավորում՝ Գարեգին Նժդեհի համբավը պաշտպանելու համար: Ըստ ՌՀՄ հայտարարության՝ «Այն թույլ կտար մուտք գործել ռուսական համապատասխան արխիվներ և հասնել ճշմարտության: Ի պատասխան՝ մեզ՝ որպես հասարակական կազմակերպության, խորհուրդ տվեցին չխառնվել այս գործին, քանի որ, իբր, «այդ հարցով արդեն իսկ զբաղվում են իշխանության ամենաբարձր մակարդակով»։ Մեր զրուցակիցներին բացարձակ տեսանելի չէր, որ այդ հարցով իրոք զբաղվում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28