ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը ՀՅԴ 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսության ժամանակ իր ելույթում ասաց, որ հանդիսությունը անցկացվում է մեր հայրենիքի համար ճակատագրական այս օրերին, երբ Արցախի մեծ մասը կորսված է, Մայր Հայաստանը կանգնած է պետականության կորստի, իսկ հայ ազգը՝ վերջնական պառակտման եզրին:
«Պատմական գործընթացները կրկնվելու սովորություն ունեն: Եվ պատմությունը դաժան է նրանց նկատմամբ, ովքեր դրանից ճիշտ դասեր չեն քաղում: Ցավալիորեն նույնը կատարվեց եւ կատարվում է մեր հետ: 90-ականների արցախյան շարժման համազգային զարթոնքին եւ հաջողություններին զուգահեռ առաջ բերվեց «քանի Արցախը կա, լավ չենք ապրելու» վտանգավոր եւ պառակտիչ թեզը, որը նման է ռումբի: Եվ չնայած 90-ականներին չպայթեց, բայց նաեւ չվնասազերծվեց եւ վերածվեց դանդաղ գործողության ականի: Մեր նորանկախ պատմության 30 տարիները վերջին հաշվով պայքար էին գաղափարական երկու ուղղությունների միջեւ: Մեկը՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության վրա հիմնված հզոր Հայաստանի կերտումն է, մյուս ուղղությունը՝ Հայաստանի հրաժարումն է ցեղասպանության պահանջատիրությունից, Արցախի դատից, իր ինքնությունն ու արժանապատվությունը ընդգծող շեշտված քայլերից: Մյուս ուղղության կողմնակիցները երազում են ունենալ բաց ճանապարհներով սահմաններ, ենթադրվող տնտեսական հնարավորություններ եւ դրանց միջոցով բարեկեցություն ապահովելու ակնկալիքներ: Եվ եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո մեր շատ հայրենակիցներ մտածում էին, որ չնայած ցավալի կորուստներին եւ պարտությանը եւ ըստ իրենց՝ արցախյան բեռից ազատվելուց հետո հնարավորություն կունենան հանգիստ ապրելու, մնացածը փրկելու, ժամանակը ցույց տվեց, որ այդ խայտառակ համաձայնագիրը միայն սկիզբ դրեց մեր ազգի շարունակական պարտություններին»,-ասաց նա եւ նշեց, որ 2018 թվականի ժողովրդական ընդվզումը արտաքին որոշ ուժերի կողմից հմտորեն օգտագործվեց իշխանափոխության համար:
Մյուս կողմից օգտագործեցին, այսպես կոչված, հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններ եւ պահը օգտագործելով՝ իշխանության բերեցին ազգային շահին ու պետականությանը անհաղորդ, քաղաքականապես դիմազուրկ մի խմբակի, որը «իր իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ոտնահարել ազգային եւ պետական ցանկացած շահ»։ Արթուր Մոսիյանը նաեւ հայտարարեց, որ դրանք ցանց են գցել նաեւ Արցախում, այդ թվում՝ իշխանության բարձր պաշտոններում, ինչի արդյունքում թիրախում հայտնվեցին պետության ողնաշար հայոց բանակը, եկեղեցին, ազգային կուսակցությունները, հայ ընտանիքը:
«Պատմության պահոցից հանվեց հանրահայտ սպիտակ թուղթը, որը դարձավ սպիտակների համար ճանապարհային քարտեզ, որի իրագործումը կհանգեցնի պետության եւ ազգի կողմից վերջնականապես պարզված սպիտակ դրոշի»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Բանախոսը կոչ արեց ձեւավորել դիմադրության համազգային հուժկու շարժում եւ կանգնեցնել այս պարտությունների շղթան, կանգնել ընդհանուր շարք: «Պատմական վճռորոշ ժամանակահատվածում փետրվար ամիսը մեր ազգի համար եղել է ըմբոստության եւ ազգային զարթոնքի, իսկ մայիսը՝ հաղթանակների ամիս»,-եզրափակեց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ