Հայ հեղափոխական դաշնակցության 131-ամյակին նվիրված ՀՅԴ ԳՄ նախաձեռնությամբ կազմակերպված պաշտոնական հանդիսությանը ներկա էին ՀՀ երկրորդ եւ երրորդ, ինչպես նաեւ Արցախի նախկին նախագահները, հոգեւոր այրեր, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարները, պատգամավորները:
ՀՅԴ կուսակցության համար 131-ամյակը նախ եւ առաջ հաշվետվություն է իր շարքերի, համակիրների եւ բովանդակ հայ ժողովրդի առջեւ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ տասնամյակների ավանդույթ է՝ նշել ՀՅԴ օրը, ինչը առիթ է հաշվետվությամբ արժևորելու անցած ճանապարհը, խոսելու բացթողումների, չարված գործերի մասին, նաեւ հանրայնացնելու դաշնակցության մոտեցումները եւ տեսակետները առանցքային հարցերի վերաբերյալ: «Դաշնակցության պատմությունը անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից: Եվ անցած 131 տարիների ընթացքում դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին, կերտել մեր երազանքների հայրենիքը: Երեկ, այսօր եւ վաղը դաշնակցությունը եղել է, կա ու լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հային ու հողին, գործելով հայրենիքում եւ հայրենիքից դուրս՝ միշտ վառ է պահել անկախ պետականության գաղափարը»,- ասաց նա եւ ընդգծեց, որ 1990 թվականին դաշնակցությունը վերադառնալով հայրենիք՝ անմիջապես ձեռնամուխ եղավ Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը, ոգի եւ կազմակերպված բնույթ հաղորդեց ազատագրական պայքարին: Զինական գործին զուգահեռ դաշնակցությունը ակտիվ գործունեություն ծավալեց քաղաքական ասպարեզում:
Կարդացեք նաև
Դաշնակցության մուտքը սպասված էր շատերի համար, բայց նաեւ անցանկալի՝ որոշների: Հատկապես օրվա իշխանությունների, որովհետեւ տեսակի, նկարագրի, արժեհամակարգի խնդիր կար: Եվ կրկին փորձ արվեց կասեցնելու կազմակերպության գործունեությունը հայրենիքում; Իհարկե, չստացվեց»,-ասաց բանախոսը:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ 1999-ից մինչեւ 2018 թվականը իրենց կուսակցությունը տարբեր ձեւերով իշխանության մաս է կազմել, որովհետեւ դաշնակները ոչ միայն լավ կռվել գիտեն, այլեւ՝ կառուցել: «Այդ տարիներին եղել են եւ մեծ ձեռքբերումներ, եղել են նաեւ սխալներ: Բայց այդ սխալները արագ շտկվող են, դրանք մեզ թուլացնող, մեր զարգացման տեմպերը դանդաղեցնող սխալներ էին, բայց ոչ երբեք կործանարար: Դաշնակցությունից ժողովրդի սպասումները միշտ մեծ են եղել, բայց տված քվեն՝ ոչ բավարար: Մենք հանուն քվեի երբեք ամբոխավարությամբ չենք զբաղվել: Միշտ ցույց ենք տվել իրական զարգացման ճանապարհը, որը եղել է բարդ եւ դժվարանցանելի: Մենք մեր մասնակցության չափաբաժնով տեր ենք այդ տարիների եւ լավին եւ վատին»:
ԱԺ փոխնախագահը ավելի շատ կենտրոնացավ ներկայի եւ ապագայի վրա: «Այսօր Հայաստանը եւ ժողովուրդը խորը ճգնաժամի մեջ է: Օրվա իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում՝ Արցախի, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, բանակաշինության, տնտեսության հարցերում: Ձախողել են նաեւ այն ոլորտներում, որոնք, իբր, իրենց համար եղել են արժեք եւ համոզմունք: Արդեն ակնհայտ փաստ է՝ իրենք որեւէ կապ եւ առնչություն չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար դատական համակարգի, քաղաքացու՝ ազատ ընտրելու եւ ընտրվելու իրավունքի հետ: Իրենց համար դրանք, ինչպես մնացած պարագաներում, ընդամենը լոզունգ են, ֆեյսբուքյան ստատուս, հանրությանը մոլորեցնելու միջոց, բայց ոչ երբեք նպատակ:
Արդար դատական համակարգի «ջատագովները» կալանավորում են ընդդիմադիրներին ապօրինի չդատող դատավորներին, ազատ ընտրությունների «ջատագովները» ձերբակալում են ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավարներին: Ուժային կառույցները դարձել են մեր երկրում մեկ մարդու իշխանություն, ավելի ճիշտ, բռնապետություն հաստատելու բութ գործիք: Իսկ միջազգային հանրությունը եւ իրավապաշտպան կազմակերպությունները լուռ հետեւում են այս ամենին, դեռ մի բան էլ ասում են, թե Հայաստանում ժողովրդավարությունը առաջընթաց է ապրում: Ամեն ինչ պարզ է. այս իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայերից: Կարող եմ շատ երկար թվարկել, թե ինչ կորուստներ է պատճառել այս իշխանությունը մեր ժողովրդին եւ պետությանը: Բայց դրա կարիքը չկա, դրանք հայտնի փաստեր են: Կարող եմ ասել միայն, որ այդ գործընթացը երբեք կանգ չի առել, այն նույնիսկ չի դանդաղել, այն նույն տեմպով շարունակվում է հենց այս պահին: Հայ-թուրքական, այսպես կոչված հաշտեցման գործընթացը դրա վկայությունն է:
Սիրելի հայրենակիցներ: Մենք արդեն չափից ավել ենք հանդուրժել այս իշխանության կամայականությունները: Ասաց՝ ինչ ուզեմ, կբանակցեմ, դրա արդյունքում Արցախի մի զգալի մասը կորցրեցինք: Հիմա էլ ասում է՝ ես եմ իշխանություն, ինչ ուզեմ՝ կորոշեմ: Պարզ է չէ՞ սրա վերջը ինչ է լինելու: Պետականության կորուստ; Արդեն բավ է, նահանջելու տեղ չունենք, սպասելու ժամանակ չունենք: Հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը, որը հանգեցնելու է թրքացման, պետք է կասեցվի: Եվ սա լինելու է մեր քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը: Հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած, յաթաղանը բայրաքթարով փոխարինած թուրքը չի կարող Երեւանի կենտրոնում զվարճանալ, իսկ մենք կենդանական բնազդով հետեւենք այդ ամենին: Չի ստացվելու: Մոռացեք: Թույլ չենք տալու»:
Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանը խոսքն ուղղեց դաշնակցական ընկերներին: «Սիրելի ընկերներ; Գիտեմ՝ վիրավոր եք, դառնացած: Շատերդ ատամները սեղմած՝ որոշման եք սպասում: Շատերդ մեզ քննադատում եք, որ այդ որոշումը ուշանում է: Նույնիսկ երբեմն մտածում եք, թե դաշնակցությունը առաջվանը չէ՝ համակերպվել է, հանդուրժում է դավաճան իշխանությանը, երկրին աղետ բերած իշխանությանը, հանդուրժում է լկտիությունը: Նույնիսկ թուրքի առաջ ծնկի եկածները համարձակվում են ձեռք բարձրացնել եւ անպատիժ մնալ: Ինչ վերաբերում է իշխանությունների լկտիություններին, մենք պարզապես չենք ուզում, որ երկիրը վերածվի քաոսի եւ անարխիայի: Կարծում եմ՝ պարզ ասացի: Իսկ երբ գլխավոր մեղավորը եւ պատասխանատուն ասում էր. եթե ես սխալ եմ, թող ժողովուրդն ինձ գնդակահարի պատերի տակ, կրկին պետք է հիշեցնեմ: Մենք ջունգլիներում չենք ապրում: Հայաստանում պետք է լինի օրենք, դատարան, իսկ հանցագործները իրենց պատիժը ստանան օրենքով: Ու ստանալու են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ