Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թվականի եզրակացությամբ Հայաստանում հեպատիտ «Ց»-ով վարակված բնակչությունը կազմում է 4%

Փետրվար 05,2022 15:20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` ամբողջ աշխարհում 58 մլն մարդ ապրում է քրոնիկ հեպատիտ «Ց»-ով:

Հայաստանում առկա տվյալների վերլուծության համաձայն և մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ 2018 թվականին` «Հիվանդությունների վերլուծության հիմնադրամի» (CDA Foundation) եզրակացությամբ, հեպատիտ «Ց»-ով վարակված բնակչությունը կազմում է 4%։

Վիրուսային հեպատիտ «Ց»-ն վարակային հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Քրոնիկ հեպատիտ «Ց» ունեցող պացիենտների մեծ մասի մոտ չեն լինում ախտանշաններ և հիվանդությունը հայտնաբերվում է բժշկական հետազոտության կամ արյան թեստերի իրականացման արդյունքում: Սակայն քրոնիկական ընթացքը տարիներ անց կարող է հանգեցնել լյարդի ցիռոզի կամ քաղցկեղի։

Հեպատիտ «Ց» վիրուսը հանդիսանում է Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ: Քրոնիկ հեպատիտ «Ց»-ով պացիենտները նաև կարող են ունենալ տարբեր արտալյարդային դրսևորումներ` վասկուլիտ, դիաբետ, դեպրեսիա, քրոնիկական երիկամային հիվանդություն, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ և այլն:

2016 թվականին ԱՀԿ-ի կողմից առաջարկվել են հեպատիտ «Ց» հիվանդության բուժման նոր սխեմաներ՝ օգտագործելով ուղղակի ազդող հակավիրուսային դեղեր, որոնցով բուժման տևողությունն ավելի կարճ է, իսկ բուժման արդյունավետությունը՝ շատ ավելի բարձր: Հեպատիտ «Ց» հիվանդության բուժման հիմնական նպատակը վիրուսի իսպառ վերացումն է: Բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով բուժման ավարտից 12 և/կամ 24 շաբաթ անց անհրաժեշտ է իրականացնել հեպատիտ «Ց» վիրուսի ՊՇՌ հետազոտություն՝ բացասական արդյունքի դեպքում պացիենտների մոտ արձանագրվում է կայուն վիրուսաբանական պատասխան (Sustained Virologic Response, SVR 12, SVR 24)։

«Հայաստանի Հանրապետությունում քրոնիկ վիրուսային հեպատիտ «Ց»-ով պացիենտներին անվճար տրամադրվող ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով բուժման ծրագիրը» մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի վերջից:

Ծրագրի շրջանակում հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվում են միայն հակավիրուսային դեղերը:
Առողջապահության նախարարի «12» օգոստոս 2021թ. No 3064 – Լ հրամանում կարող եք ծանոթանալ շահառուների ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով բուժման կարգի, պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկին, բուժման վերահսկման և մշտադիտարկման մանրամասներին:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28