Կամչատկայի հայկական համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված փետրվարի առաջին շաբաթը «Կրոնների, դավանանքների միջև միջկրոնական հարաբերությունների համաշխարհային շաբաթ անցկացնելու» ծրագրի շրջանակում կազմակերպել էր Աֆրիկյան երկրների դեսպանների այցը հայկական եկեղեցի:
Փետրվարի 4 -ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հյուրընկալեց ՌԴ-ում հավատարմագրված Եմենի Հանրապետության դեսպան Ահմեդ Սալեմ Ալ-Վահեյշին, Սոմալիի դեսպան Հասան Աբդի Դաուդային, Ջիբութիի դեսպան Մոհամեդ Ալի Կամիլին,Կամերունի դեսպանի խորհրդական Մոհամեդ Ալֆադիլին, ՌԴ-ում Բանինի համայնքի ղեկավար Օգյուստ Այմոնչեին, ՌԴ-ում Աֆրիկյան համայնքների միության նախագահ Զենեբե Տաֆեսեին:
Կարդացեք նաև
Հյուրերը, որոնց ուղեկցում էին ՌԴ-ում դեսպանորդ Արսեն Առաքելյանը և Կամչատկայի հայկական համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանը, եղան Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, ծանոթացան եկեղեցու կառուցման պատմությանը, ապա այցելեցին համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարան: Այստեղ ծանոթանալով հայ ժողովրդի հոգևոր և մշակութային գանձերին՝ հյուրերը հաճելիորեն զարմացան՝ տեսնելով Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու սրբությունների, աստվածաշնչյան թեմաներով մարմարե ու փայտե քանդակների, ծիսական իրերի ու խաչերի ժամանակավոր ցուցադրությունը:
Առաջնորդարանի ժողովասրահում տեղի ունեցավ դեսպանների և թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիպումը:
Ողջունելով հյուրերին ՝ Եզրաս սրբազանն ընդգծեց, որ Ռուսաստանը բազմազգ ու բազմակրոն պետություն է, որտեղ համերաշխ ու խաղաղ բնակվում են բազում ժողովուրդներ, այդ թվում՝ նաև հայեր: «Վստահ եմ, որ այսօր դուք բացահայտեցիք ձեզ համար Հայաստանը, ծանոթացաք հայ ժողովրդի ստեղծագործ մտքին ու հարուստ մշակութային ժառանգությանը»,- ասաց Եզրաս սրբազանը: Թեմակալ առաջնորդը հույս հայտնեց, որ դեսպանների հետ առաջին հանդիպումը շարունակական կլինի և հիմք կդառնա հետագայում միջկրոնական հանդիպումների և երկխոսության համար: «Բոլոր կրոնների առաքելությունն ու սուրբ պարտականությունն է ամեն ջանք գործադրել, որպեսզի մարդիկ ապրեն սիրո, խաղաղության և համերաշխության մեջ: Սիրո զգացումը Աստծո, հայրենիքի ու մերձավորի հանդեպ ամենքիս համար նույնն է, որը և միավորում է բոլորիս: Հանապազ աղոթքով հայցենք, որ Տիրոջ աստվածային սիրով լուսավորվի մեր միտքը, սիրտն ու հոգին»,- օրհնության իր խոսքում ասաց Եզրաս սրբազանը: