Օրերս Եղվարդի N 3 հիմնական դպրոցում կազմակերպել էին հուշ-ցերեկույթ` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված եղվարդցի հերոսներին։ Այն կրում էր «Կյանքս կյանքիդ գնով» խորագիրը (կազմակերպիչներ` Ա. Իսահակյան և Հ. Մկրտչյան)։
Երեխաները ներկայացրին հերոսների կենսագրությունը, նրանց մարտական սխրանքները և խոնարհվեցին հերոսածին մայրերի առաջ։ Ելույթ ունեցավ Եղվարդի N 3 դպրոցի տնօրեն Լ. Աղայանը, որը կարևորեց դպրոցի և ուսուցչի դերը մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում։
Կարդացեք նաև
Տնօրենը ներկայացրեց նաև փոխգնդապետ Արշալույս Չոբանյանի ընկերներ Մկրտիչ Մակարյանի և Արամ Մուսաելյանի՝ ռազմագիտության դասարանը փոխգնդապետի անունով կոչելու առաջարկը։ Նրանց ջանքերով վերանորոգվել և կահավորվել էր դասարանը, որի բացման ժամանակ փոխգնդապետ Արշալույս Չոբանյանի շքանշանը` «Մարտական խաչ առաջին աստիճանի», նրա 15-ամյա որդուն հանձնեց գնդապետ Ա. Մանուչարյանը։
Արարողությանը ներկա էր նաև Կոտայքի մարզի Նաիրի ( Եղվարդ) համայնքի ղեկավար Ն. Սարգսյանը, որը նախ շնորհավորեց բոլոր զինծառայողներին, ապա ուժ ու համբերություն մաղթեց նահատակ հերոսների ընտանիքներին:
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ