Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը որոշել է «բարեփոխել» ԶԼՄ-ները

Փետրվար 05,2022 10:00

Կառավարությունն անցած շաբաթ որոշում է ընդունել դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանն ուղղված Եվրամիության դրամաշնորհի մի մասը ծախսել ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը «բարեփոխելուն»:

Կառավարության ներկայացրած նախագծում խոսվում է «հավաստի եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, մասնավոր կյանքի պաշտպանության եւ լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերի ձեւավորման» մասին: Էթիկայի մասին նախագծում կա եւս երկու նախադասություն՝ հիմնավորելու համար, որ այդ խնդիրները պետք է օրենսդրորեն կարգավորում ստանան:

Հետաքրքրությունն այդ ոլորտի հանդեպ, հավանաբար, բացատրվում է նրանով, որ կառավարության ներկայիս ղեկավարը էթիկական նորմերի խանդավառ ջատագով է, եւ «շնաբարո դուրսպրծուկների», «պատերի տակ վնգստացողների», «շինելու» եւ «կզցնելու» արտահայտությունները միանգամայն տեղավորվում են այդ նորմերի մեջ:

Բայց դա ԶԼՄ-ների հետ կապված օրենսդրությունը «բարեփոխելու» թերեւս անձնական պատճառն էր: Կան նաեւ քաղաքական շարժառիթներ: Դրանք հասկանալու համար պետք է վերհիշել, թե ինչ օրենքներ է ընդունել այս երեք տարիների ընթացքում ԱԺ «իմքայլական», իսկ այնուհետեւ նաեւ՝ ՔՊ-ական մեծամասնությունը լրատվամիջոցների վերաբերյալ: Ոչ միայն իմ, այլեւ բազմաթիվ փորձագետների կարծիքով, այդ բոլոր օրենքներն ուղղված են խոսքի ազատության սահմանափակմանը: Պարզ է, որ սահմանափակվում է ոչ թե իրենց՝ իշխանավորների խոսքը, այլ նրանց, ում ասածներն ու գրածները իշխանավորներին դուր չեն գալիս: Այնպես որ՝ օրենսդրական «բարեփոխումներն», ամենայն հավանականությամբ, նոր սպառնալիք են լրատվամիջոցների համար:

Ինչպես հիմա ոստիկանները մարդկանց հարցաքննությունների են քարշ տալիս իշխանավորներին իբր «վիրավորելու» համար, այդպես էլ այդ «բարեփոխումներից» հետո նույնն անելու են, ասենք, «էթիկական նորմերը» խախտելու համար: Ինչ մնում է «հավաստի եւ բազմակողմանի» լրատվությանը, ապա այստեղ էլ ոչ մի գաղտնիք չկա. իշխանավորներն այդպիսին են համարում միայն այն լրատվությունը, որը գովերգում է իրենց կառուցած «դրախտը»:

Սակայն անկախ քաղաքական կոնյունկտուրայից եւ իշխանության միանգամայն թափանցիկ մտադրություններից՝ էթիկական խնդիրներն օրենքով կարգավորելն ինձ չափազանց վիճահարույց է թվում: Եթե մարդը վատ է դաստիարակված, եթե նա ինքն իրեն չի հարգում եւ չի չափավորում իր գրավոր ու բանավոր խոսքը, նրան ոչ մի օրենսդրություն չի կարող խանգարել, մանավանդ սոցիալական ցանցերի այս դարաշրջանում: Պարզապես այդպիսի մարդը պետք է շփվի իր նմանների հետ, իսկ դաստիարակված մարդիկ պետք է ունենան իրենց շփումների շրջանակը: Իսկ դա արդեն ինքնակարգավորման խնդիր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այն, որ ԵԱՏՄ անդամ երկրների իշխանությունների համար սովորական բան է, որ բիրտ ճնշումներ գործադրեն ԶԼՄ-ների վրա և իրենց ուզած չափով փակեն նրանց բերանը՝ թքած ունենալով տեղեկատվության ազատության մասին օրենքների վրա, դա վաղուց հայտնի է բոլորին: Բայց ստացվում է, որ Եվրամիությունն էլ իր հերթին թքած ունի, որ մեկ այլ ոլորտի (դատական բարեփոխումների իրականացման) համար իր տված դրամաշնորհի մի մասը ծախսվի լրիվ այլ ոլորտի՝ ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը «բարեփոխելու», այսինքն՝ ԶԼՄ-ների բերանը ավելի կուլտուրական ձևով փակելու նպատակով:
    Կոմիերիտմիությունում և կոմկուսում աշխատանքային թրծվածք ձեռք բերած Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց հետո երբ իրեն քննադատողներին «մոսկա» էր անվանում (բնականաբար՝ իրեն էլ փիղ էր պատկերացնում ), անկախ լրագրողներից շատերը արհամարհելով ճնշումները, չէին խեղճանում և «բարեփոխվում», այլ համարձակորեն Իվան Կռիլովի ստեղծագործության երկրպագուի պորտը տեղն էին դնում: Հիմա կարծես զավեշտի ժանրից է՝ այդ ժամանակվա համարձակ լրագրողը դառնալով երկրի ղեկավար, ինքն է սկսում ճնշել անկախ լրագրողներին, ինչ է թե նրանք չեն կզում «անսխալական» ՔՊ-ական իշխանության դիմաց:
    Կարող ե՞ն արդյոք ԶԼՄ-ների «բարեփոխումները» նպաստել Կռիլովի վերը նշված ստեղծագործության նոր երկրպագուի ի հայտ գալուն, կախված է մեր լրատվական հանրույթի և հասարակության գիտակից շերտի արժանապատվությունից:

  2. Լավատես says:

    Լրագրողը նույն մասնագետն է, ինչ լեզվաբանը, իրավաբանը թե ֆիզիկոսը, չեմ պատկերացնում, բացի աջակցելուց’ ֆինանսապես, նյութապես, հատուկ ծառայություններից ստացված տեղեկատվությամբ, բարոյապես եւ այլ աջակցության, էլ ի՞նչ դերակատարություն պետք է ունենա Կառավարությունը, ժամանակին իրենց հիտլերը որ իրենց գուդերիանին լսեր, արդեն պատերազմը հաղթած կլիներ, բայց մեր բախտը բերեց, որ չլսեց, հիմա էլ իմանաս մերի դեպքում, ո՞ւմ բախտն է բերում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28