Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է պետական մարմինը պարզելու, թե արդյո՞ք նույնականացման քարտում պատկերված անձը փաստաբան է

Փետրվար 05,2022 14:00

Օրեր առաջ «Հայփոստով» ՏԱ օրենքով սահմանված կարգով հերթական հարցումն էի ուղարկելու պատկան մարմնին: Պահանջվեց անձնագիր, անձնագրային տվյալներ:

Կան դատարաններ, որտեղ լրագրողի բեյջն այլեւս դեր չի խաղում, լրացուցիչ պահանջում են անձնագիր, նույնը ՔԿՀ-ներում է: Երբ ՖԲ սոցիալական հարթակում հարց բարձրացրեցի եւ ԲԴԽ եւ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ո՞ր իրավական նորմով է կարգավորվում այդ տվյալների «հավաքագրումը» անհայտ գրանցամատյաններում, լռություն էր, իսկ նամականիս թեժ էր, քանի որ արձագանքում էին եւ իրավաբանները, եւ փաստաբանները, անգամ՝ այն քաղաքացիները, ովքեր կադաստր են դիմելու, ՏԻՄ մարմիններ եւ այլն:

Տեղեկացա, որ ՀՀ վարչական դատարանում կան հայցեր, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակին դիմած փաստաբան Լուսինե Մկրտչյանը (լուսանկարում) դիմել էր թե արդարադատության նախարարին, թե առաջարկություններ էր ուղարկել ՀՀ կառավարություն, թե հետեւողական դիմել է վարչական դատարան անձնական տվյալների պաշտպանության խնդրով, խնդիր, որին առնչվում են շատերը:

Լուսինե Մկրտչյանը մեր հեռախոսազրույցի ժամանակ երեկ ասաց, որ դեռ անցյալ տարի ՄԻՊ-ին տեղեկացրել էր, որ «Հայփոստ» ՓԲ ընկերությունը սեպտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել, որ ծառայություններն իրականացնելու է միայն հաճախորդների նույնականացումն իրականացնելուց հետո: Այդ հայտարարությունից հետո նա դիմել էր արդարադատության նախարարություն՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որտեղից պատասխանել էին՝ «տեղյակ են եւ աշխատանքային կարգով դիմել են ընկերությանը»: Մկրտչյանի պնդմամբ, ով «Հայփոստի» դեմ նույնպես հայց ունի դատարանում, ասում է, որ «Հայփոստը» այդ տվյալները պահանջում է առանց որեւէ իրավական հիմքի, իսկ գործակալությունն էլ վարչական վարույթ չի հարուցում:

Մինչդեռ ըստ փաստաբանի՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հանդես է գալիս որպես լիազոր մարմին։

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն. «Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը` եւպահանջում է արգելափակել, կասեցնել կամ դադարեցնել սույն օրենքի պահանջները խախտող անձնական տվյալների մշակումը». այսինքն, այնպես չէ, թե գործակալությունը չունի լիազորություն, ընդհակառակը՝ ուներ բացառիկ լիազորություն. «Այդ մարդն իր նախաձեռնությամբ վարույթ պետք է հարուցեր, նա մեզանում բացառիկ վարչական մարմիններից է, որն ունի լիազորություն առանց դատական ակտի գործընթացը կասեցնելու»: Նկատենք, որ «Հայփոստը» միակ փոստային կապն է, նրան այլընտրանք չկա: Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրական խնդիրներից մեկն էլ՝ քաղաքացուն ապահովելն էր այլընտրանքով: «Հայփոստը» անձնագրի տվյալ է ուզում, անգամ, երբ նամակ ես ստանում, իսկ թե որ իրավական հիմքով, հիմնավորում չկա: Կառավարությունը լուռ է:

Տեղեկացանք, որ փաստաբանի բողոքը ՄԻՊ-ն ընդունել էր վարույթ:

Փաստաբանը մեր հեռախոսազրույցի ժամանակ հղում կատարեց ՀՀ Կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմանը, որը վերաբերում է անձը հաստատող փաստաթղթերին։ Որոշմամբ նշված է անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերի ցանկը։

Նշված որոշումը, զրուցակցիս կարծիքով, այլեւս հնացած է։ «Նշված որոշման ընդունումից անցել է բավականին ժամանակ եւ Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային պայմանագրեր, ունի մի շարք ստանձնած պարտավորություններ։ Պետք է նշեմ, որ ներկայիս պահանջմունքներին չի բավարարում այդ որոշման գոյությունը եւ հակասության մեջ է մտնում մի շարք իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի օրենսդրությանը։ Այսպես, վառ օրինակ է հենց մեր՝ փաստաբաններիս մասով։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում եւ ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար: Փաստաբանն իրավունք ունի դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով։

Որպես կանոն, հարցմանը կից ներկայացվում է փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը՝ որպես փաստաբան հանդիսանալու իրավական փաստաթուղթ։ Միեւնույն ժամանակ յուրաքանչյուր փաստաբան, փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալիս, ստանում է նաեւ վկայական, որում նշվում է անուն-ազգանուն, լուսանկար եւ արտոնագրի համարը, տրված ամսաթիվը, իսկ փաստաբանական գործունեության վկայականի եւ արտոնագրի համարը նույնն են։ Մինչդեռ, օրինակ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի հիման վրա փաստաբանը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որը ամրագրված է վերը հիշատակված Կառավարության որոշմամբ, օրինակ՝ նույնականացման քարտի պատճենը»։

Փաստաբաններից շատերի արձագանքների համաձայն, նմանօրինակ գործողությամբ (այդ գործողությունը հակասում է թե «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքին, թե «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին-Ռ.Մ.) արդեն իսկ տվյալներ են մշակվում տվյալ փաստաբանի մասին եւ իրավամբ հարց է ծագում. ինչպե՞ս է պետական մարմինը պարզելու, թե արդյո՞ք նույնականացման քարտում պատկերված անձը փաստաբան է, այն դեպքում, երբ փաստաբանի կարգավիճակը հնարավոր է պարզել վկայականում պատկերված լուսանկարի հետ համեմատելու միջոցով։ Նույնը նաեւ լրագրողներիս դեպքում է:

Ի վերջո, հնարավո՞ր է հստակ սահմանել անձը հաստատող, ինքնությունը հավաստող իրավաբանորեն, իրավական ձեւակերպմամբ բնորոշումը, ինչպես նաեւ այդպիսի փաստաթղթերի շարքին դասել այնպիսի փաստաթղթերը, որոնք տրվում են որոշակի պետական մարմինների կողմից, որոնք իրավասու են տալ եւ ունեն անհատականացնող տվյալներ, օրինակ՝ յուրաքանչյուր պետական ծառայող ունի վկայական եւ համար, որում նաեւ առկա է լուսանկար, յուրաքանչյուր քննիչ նույնկերպ, դատախազ, դատավոր, ցանկացած պետական եւ համայնքային ծառայող, այսինքն՝ այդ բոլոր փաստաթղթերը տրվում են պետական մարմինների կողմից՝ հերթական համարով եւ միեւնույն համարի տակ չի կարող երկու անձ լինել:

Ընդունենք, փաստաբանին, լրագրողին տրված արտոնագրի, վկայականի համարը հանդիսանում է թիվ 222-ը: Դա նշանակում է, որ որեւէ այլ անձ չի կարող թիվ 222 համարի տակ նույնպես հանդիսանալ փաստաբան, տվյալ լրատվամիջոցի լրագրող, արտոնագրի եւ վկայականի տրամադրումը, արտոնագրումը կատարվում է ՀՀ-ում միայն մեկ կառույցի կողմից՝ ՀՀ փաստաբանների պալատի կողմից, տվյալ լրատվամիջոցի տնօրինության կողմից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28