Վերջին շրջանում ժամանակակից գրական միջավայրում կառուցվածքային նոր մոտեցումներով ու յուրօրինակ մտածողությամբ գրված պատմվածքների, էսսեների, վեպերի ենք հանդիպում։ Դրանք հաճախ գրական տարբեր ժանրերի խառնուրդ են լինում եւ այդ իրողությունը երբեմն-երբեմն չի զգացվում: Բայց դիտարկումներիս արդյունքում համոզվել եմ, որ շատ անգամ դա հաջողվում է մեր հեղինակներին, եւ հետաքրքիրն այն է, որ հիմնականում երիտասարդ հեղինակներն են կառուցվածքային նոր տարրեր համադրում հնի հետ՝ ստեղծելով ժամանակակից գրականության նմուշներ:
Չէի կարող շրջանցել երիտասարդ գրող Վարդան Սմբատյանի «Մանյան» պատմվածքը, որը ժամանակին ընթերցել եմ «Գրեթերթում», իսկ վերախմբագրված տարբերակը վերջին օրերին՝ «Երեւանյան էսքիզ» գրական-մշակութային հարթակում: Ճիշտ է, վերջին տարբերակում նկատում ենք էական փոփոխություններ, որը հեղինակի վերջին մեկ տարվա ինքնադիտարկումների արդյունքն է, որը շատ կարեւոր է ստեղծագործողի համար:
«Մանյան» սովորական սյուժեով պատմվածք չէ: Առաջինը, որ կարելի է նշել՝ ընտրված թեմայի արդիականությունն է, կերպարի վերաիմաստավորված գրական դիմագիծը:
Վարդանը պատկերաստեղծման եւ ապա դրանք խորը դիտելու հմտություն ունի։
Կարդացեք նաև
Սա օգնում է երիտասարդ գրողին տողը ճիշտ կառուցել։ «Մանյան» պատմվածքի սկզբում ակնառու է մի բան` հեղինակը Մանյայի կերպարը ամեն կերպ հասցնում է մարդու ներաշխարհ, որպեսզի մարդկային կապի միջոցով կարողանա հույզ առաջացնել ոչ թե բառերով, այլ բուն երեւույթով, որն արդեն տող է։ Իսկ շարժվող տողը վկայում է գրականության բնականության մասին: Մտածողության հետաքրքիր խնդիրների ենք հանդիպում այս պատմվածքում։ Վերջապես` որտեղից ո՞ւր է գնում պատմվածքի հերոսուհին եւ սրանով ի՞նչ է առաջ բերում հեղինակը։ Մենք անընդհատ սպասումների մեջ ենք` վերջին պահին հիասթափությո՞ւն կլինի, թե՞ նոր տրամադրություն։ Եվ ինչ էլ հետեւում է պատմվածքի ընթացքին, միեւնույն է, ազատությունն անքողարկելի է դառնում: Ազատությունը խոսում է ոչ միայն հեղինակի շուրթերով, այլեւ լույսի, որ հետեւում է կյանքի երեւույթներին: Այստեղ նաեւ հետաքրքիրն այն է, որ հեղինակը լռության հաստատուն գիծ է պահում: Հիշեցի արձակագիր Վրեժ Իսրայելյանի տողերը, երբ ասում էր. «Խոսքի ազատությունը անսակարկելի է, սակայն անսակարկելի է նաեւ լռելու ազատությունը: Ոչ բոլոր բառերն են, որ արտասանվելու համար են մեզ տրված»: Թվում է՝ Վարդանը Մանյայի կերպարում լռելու ազատության մասին մոռացել է, բայց սրան զուգահեռ նաեւ կարեւոր կետերում է կենտրոնացել:
Թաղումներին գումարով լացող Մանյան կորցրել է որդուն եւ մի տեսակ դառնացած է աշխարհից, ամեն մեռնողի խնդրում է, որ լուր տանի որդուն: Սա թվում է եղած բան է, բայց միանշանակ կարելի է պնդել, որ այդ երկու սովորական տողով ողջ իմաստն անկարելի է ներկայացնել, որովհետեւ հեղինակը խտացրել է իրավիճակն ու զգացմունքները, ճշմարտությունն ու մտածմունքները. «որովհետեւ աշխարհում սիրտ չի մնացել, արցունք չի մնացել, զղջում չի մնացել, ես ամեն մեռնողին խնդրում եմ լուր տանի Անդրանիկիս, Աստված վերցրել ա ինձնից ամեն ինչ, մենակ լացել եմ կարողանում, ուրիշ ինչի՞ համար ա պիտանի անտեր պառավը: Իսկ դուք՝ անօրեն տականքներ, մենակ հռհռալ եք կարողանում այլոց ցավերի վրա»:
Նկատել եմ, որ իրավիճակային պահերը շատ հարազատ են Վարդանի գրչին: Նրա պոեզիան այս դեպքում նահանջում է, երբ արձակում իրավիճակը հաղթում է՝ հեղինակի կողմից: Սակայն իրավիճակն արձակում ճիշտ ներկայացնելը դյուրին չէ։ Նախ հեղինակը պետք է ունենա պատմելու խտանյութ, որը կամաց-կամաց կտարածվի գրական ստեղծագործության ընթացքում։
Պատմվածքի վերջում Մանյայի վախճանը նույնպես ինքնատիպ է ներկայացված. «Մանյան փլվում էր գետնին՝ պատահական հուժկու հարվածից փշրվող հախճապակու պես՝ կտրուկ աղմուկով, վայրկենական»: Սրան հետեւում է նաեւ դիպուկ խոսքը, Մանյայի, այսպես ասած՝ վերջին բառերը. «Չլացե՛ք վրաս»:
Այս պատմվածքը ընթերցողին ընկալման նոր փուլ կտեղափոխի, որովհետեւ Վարդանը կարողացել է ոչ միայն բառապատկերներով հագեցնել, այլեւ ստեղծել իրականություն՝ երեւույթների հետ եւ դրանցից անջատ:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2022