«Բարության ծաղկեփունջ» գիրքը Սուրեն Հայրապետյանի երկրորդ հանդիպումն է ռուսալեզու ընթերցողի հետ։ Նվիրված է սիրելի ընկերոջը՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեւոն Վռամի Հարությունյանի անմար հիշատակին եւ այն ընկերներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին բնապահպանությանը։
Հեղինակն իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել նաեւ իր հավատարիմ ընկերներ՝ հովանավոր Սուրեն Լեւոնի Սիմոնյանին եւ գրքի առաջաբանի հեղինակ, թարգմանիչ, խմբագիր, «Գոլոս Արմենիի» թերթի մշակույթի բաժնի վարիչ Ալեքսանդր Թովմասյանին՝ գրքի հրատարակմանն աջակցելու համար։
«Հավերժ բնապաշտ պատանին» առաջաբանում՝ գրող, հրապարակախոս Ալեքսանդր Թովմասյանը դրվատանքով է արտահայտվում Սուրայրի բնագիտական գործունեությանը։ Եվ շեշտադրում է, որ մարդու ոչ պատշաճ վերաբերմունքը բնության հանդեպ անդառնալի կորստի է հանգեցնում. հրդեհներ, հեղեղումներ, երկրաշարժեր, պատերազմներ, կլիմայի տաքացում…
Գիտնականներն ահազանգում են, նախազգուշացնում, կոչնակ հնչեցնում, սակայն ո՞ւմ ես ասում, բոլորը չէ, որ կարող են լսել, անտարբերությունը նրանց զգոնությունն է թուլացրել։ Նման կոչ անողների շարքում է նաեւ սիրված գրող, լրագրող, ճանապարհորդ, լուսանկարիչ, բնագետ-բնապահպան, բազմաթիվ պատմվածքների, մանրապատումների, բնապահպանական հոդվածների հեղինակ Սուրայրը, նույն ինքը՝ Սուրեն Հայրապետյանը։ Ինը գիրք է ձոնել բնապահպանությանը, որոնցից երկուսը ծնվել են «Գոլոս Արմենիի» թերթի հետ համագործակցության արդյունքում՝ ռուսերեն երկու գիրք։ Այսպես են լույս աշխարհ եկել «Мир вокруг нас»- «Աշխարհը մեր շուրջը» (2017թ.), իսկ այս տարի՝ «Բարության ծաղկեփունջը» (2022), որը լույս ընծայվեց հեղինակի 75 եւ 55 տարվա ստեղծագործական ամյակների առթիվ։ Սուրայրի հերոսները մեզ շրջապատող բուսական եւ կենդանական աշխարհի արարածներ են։ Բնագետի սերն անսահման է նրանց նկատմամբ։ Լսում է նրանց մրմունջը, բույսերի դյութող ձայները, նկարագրում նրանց վարքն ու կենցաղը եւ իր կախարդական լուսանկարչական ապարատով հավերժացնում գեղեցիկը. բացահայտելով մեզ ոչ այնքան տեսանելի բնության հմայող երեւույթները։
– Իմ գլխավոր նպատակն է սիրով վարակել մարդկանց հոգիները,- ասում է գրողը,- շատ կարեւոր եմ համարում մանուկ հասակից այդ սերը ներարկելը։ Հին ժամանակներից է հայտնի հնդկացների մարգարեական այս խոսքերը. «Հենց որ մարդիկ արմատախիլ են անում վերջին ծառը, թունավորում վերջին գետը, որսում վերջին ձուկը, միայն այդ դեպքում են հասկանում, որ միայն ոսկով չենք հագենա եւ ոսկին չէ, որ կփրկի աշխարհը»։
Սուրեն Հայրապետյանի նոր գիրքը հերթական կոչն է մարդկանց՝ լինել զգոն, մտածել ապագայի մասին, պահպանել այն, ինչը մեծ ջանքերի շնորհիվ է հասել մեզ՝ 21-րդ դարը։
Գուրգեն ԼՈՌԵՑԻ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2022