Հատված «Հիշողություններ Գերմանիայի եւ գերմանացիների մասին» իմ անտիպ վիպակից
Սկիզբը՝ հունվարի 20-ի համարում
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի ուղեւորների դիմավորման ելքի դիմաց ես նկատեցի ուշադիր դեպի ինձ նայող ու ժպտացող երկու, կարծես թե ծանոթ, դեմք: Տղամարդը ձեռքով ողջույնի շարժումներ էր անում, իսկ կինը՝ հաճելի ժպտում էր ու մոտը կանգնած տղամարդու նման կրկնում ողջույններն՝ ավելի քնքուշ ու սիրալիր ձեւով: Հիշողությունս լարելով առաջացա եւ ի՞նչ տեսնեմ, Բրաուն ամուսիններն են…
– Ինքնաթիռի ժամանման տվյալների «մատնիչները» հաստատ Բաուերներն են,- անմիջապես գլխի ընկա ես եւ ուրախությունս ու հրճվանքս անթաքույց, ջերմորեն ողջագուրվեցինք՝ նրանց իսկ «նախաձեռնությամբ»:
Կարդացեք նաև
Ուղեբեռերս տեղավորելով, նստեցինք Կատերինայի ավտոմեքենան եւ դուրս եկանք օդանավակայանի տարածքից: Երբ ավտոբան մտանք, ես զգացի, որ սլանում ենք, այլ ոչ թե ընթանում: Այդպես է Եվրոպայում: Հրաշալի ճանապարհներ ունեն, ավելի ճիշտ՝ կատարյալ: Մոտ 100 կմ անցնելուց հետո, Կատերինան կանգ առավ ճանապարհի եզրին գտնվող մի հանգստավայրի մոտ: Մեքենայից իջնելով, Յորգն ինձ հրավիրեց գարեջրատուն:
– Միայն «Կառլսբերգ»,- գարեջուր է պատվիրում նա եւ աթոռի մեջ ավելի հարմար տեղավորվելով, դեպի ինձ է նայում ու ժպտում:
– Յորգ, եղբայրս, Ալոյիսն իմ «գաղտնիքներից» որեւէ բան չի՞ մոռացել… Մենք հասկանում ենք միմյանց ու քահքահ ծիծաղում:
«Կառլսբերգն» իմ ամենասիրած գարեջուրն էր: Երբ Գերմանիայից տուն էի վերադառնում, անմիջապես զանգում էի Ալոյիսին: Առաջինն իմ «գաղտնաբառն» էի ասում՝ «Կառլսբերգը», որն ըստ մեր պայմանավորվածության նշանակում էր՝ ամեն ինչ բարեհաջող է եւ սահմանային անցակետերում խնդիրներ չեն եղել: Չէ՞ որ 90-ականներից սկսած մեր անցակետերում քաոսն ու ջեբկիրությունը հասել էին անասելի չափերի: Չնայած Ալոյիսը համարյա ողջ աշխարհը շրջել եւ ոչ մի անցակետերում խնդիրներ չէր ունեցել, բայց եւ այնպես ինքն էլ իր համար «Ախթամար» գաղտնաբառն էր ընտրել: Նա անսահման սիրում էր այդ կոնյակը:
Մենք «դատարկեցինք» գարեջրի մեր բաժին շշերն ու նորից ճանապարհ ընկանք: Դեռ մի երկու ժամ ժամանակ կար մինչեւ մթնելը, երբ հասանք Բիսթեն: Բրաունների տան մոտ մեզ սպասում էին Ալոյիսն ու Էլիզաբեթը: Մեքենայից իջնելով, մենք ողջագուրվեցինք ու մտանք Բրաունների տուն: Կատերինան մեզ «Կառլսբերգ» հյուրասիրեց, ապա Յորգը դրսում Ալոյիսին ցույց տվեց այն աշխատանքները, որոնք ես պետք է կատարեի: Մի փոքրիկ ցախատուն կար այգու կենտրոնում: Այն պետք էր հիմնանորոգել, հիմքի շուրջբոլորը սվաղել, այգին ավելի գեղեցկացնել եւ նման այլ աշխատանքներ, որոնք, ըստ իրենց «ավարտական գնահատականների», հիանալի էի կատարել:
Ալոյիսի ու Էլիզաբեթի հետ մենք հրաժեշտ տվեցինք Բրաուններին: Ալոյիսը բացեց իր տան դարպասները եւ Էլիզաբեթի մեքենան մտավ բակ:
Սեպտեմբերյան ծաղիկների հրաշագեղ «շքահանդեսն», անկեղծ ասած՝ ինձ ուղղակի շշմեցրեց հենց առաջին վայրկյանից: Նրանց մեջ առավել նրբագեղությամբ աչքի էին զարնվում բազմագույն ու բազմապիսի մանուշակները, որոնց թփերն Էլիզաբեթն Սպիտակի իմ պարտեզից էր տարել: Ես զգացի, որ Բաուերները դրանք մտածված տեղավորել էին ծաղիկների կենտրոնում, ամենից բարձր, որպեսզի ես ինձ «լավ զգամ»: Գերմանացիների կողմից հյուրին հաճախակի հաճոյանալու նման պահերի ես շատ եմ հանդիպել: Եվ սա ոչ ցուցամոլություն եմ համարել, ոչ էլ ձեւամոլություն: Ու, եթե կուզեք՝ ցանկալի հյուրին պատվելու՝ մեզ համար անսովոր, իրենց համար՝ ընդունված հարգանքի երեւելի կարգ է…
Սովորաբար, իմ այցելությունների առաջին օրը Բաուերների տանը գինարբուքով էինք անց կացնում: Սկզբից «Կառլսբերգ», հետո մի մի թաս անգլիական ջին ու նորից աստվածային «Կառլսբերգ»: Եվ այսպես շարունակ: Հաճախակի մեզ էր միանում նաեւ Էլիզաբեթը գարեջրի ավելի թույլ տեսակով:
Յորգի տանը ես Ալոյիսին հայտնել էի, որ այս անգամ կարողացել եմ ինձ հետ բերել Էլիզաբեթի նվերը: Ալոյիսն ուրախությունից քիչ մնաց ճչար…
Երբ «քեֆներս արդեն լավացել էր», Ալոյիսի հետ «Էլիզաբեթի նվերն» զգուշորեն դրեցինք հյուրասենյակի սեղանին ու գնացինք քնելու: Ես ապրում էի նրանց տան երկրորդ հարկի ինձ հատկացված երկուսենյականոց բնակարանում, որտեղ նախանձելի հարմարություններ կային:
Առավոտյան ես արթնացա Էլիզաբեթի ուրախության «համազարկերից» ու հասկացա, որ նա մտել է հյուրասենյակ… «Էլիզաբեթի նվերը» Կուրսկում Բոտաշով ֆիրմայի կողմից 1870 թ. արտադրված պղնձե գեղեցիկ ինքնաեռ էր … Այդ առավոտից սկսած, Էլիզաբեթի տրամադրությունը շարունակում էր մնալ արտակարգ բարձր: Գերմանացիների տրամադրություններն ընդհանրապես լինում են իրենց «մշտական բարձրության վրա» եւ դեմքի տհաճ արտահայտությամբ չեն շփվում մարդկանց հետ: Եվ թող կարծիք չստեղծվի, որ նրանք անհոգ են ապրում: Լարված ու անհանգիստ է նրանց առօրյան: Բայց տրամադրությունները միշտ տեղն է, ժպտում են միմյանց: Ու չես պատկերացնի, որ նրանցից շատերի ներսը տագնապներով է լցված՝ աշխատանքից դուրս չմնալու, ժամանակի մեջ տեղավորվելու, տան հոգսերը կրելու եւ այլ խնդիրների պատճառով…
Էլիզաբեթի հետ մտածել էինք նաեւ «Ալոյիսի նվերի» մասին: Երեկոյան, նրանց զրուցարանում գարեջրի վերջին շշերը դատարկելուց հետո, Էլիզաբեթն ասաց, որ երազում տեսել է, թե ինչպես է իրենց դիմացի անտառից մի փոքրիկ արջուկ եկել ու բազմել զրուցարանում: Նա խոսքն ավարտելուց հետո, աննկատ աչքով արեց ինձ…
Առավոտյան, ինչպես միշտ, Բաուերների շվեյցարական հսկա ժամացույցի զանգերի «ուղեկցությամբ», ուղիղ ժամը 8:00-ին, ես ներս մտա նրանց խոհանոց: Այդ պահին Էլիզաբեթը պատուհանից դուրս նայեց ու .
– Աստվա՜ծ իմ, երազս կատարվել է…
Ալոյիսը շտապեց պատուհանի կողմը: Զրուցարանում տեսնելով մեկ լիտրանոց արջի տեսքով շշալցված կոնյակը, աչքերի գեղեցիկ ժպիտն ինձ ուղղեց:
– Սա իրոք հայկական արջ է,- կոտրատված հայերենով ասաց նա, նույնը գերմաներեն թարգմանելով Էլիզաբեթին:
Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
արձակագիր