Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպիսիք նման են Զոհրապին, որին երբ տանում էին սպանելու, հարցնում էր՝ «Թալեաթը տեղյա՞կ է»

Փետրվար 05,2022 14:30

«Այսօրվա Թուրքիայի քայլերը չեն նշանակում, թե իրենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման են գնում մեր հետ: Սա մեկընդմիշտ թող բոլորը հասկանան»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական երկխոսության մեկնարկի գործընթացին՝ ասաց քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը: «Բացի այդ, միջազգային հարաբերություններում ե՞րբ է սկսվում թշնամու հետ բանակցությունների վարումը. երբ ստիպված ես դա անել, երբ բանակցություն վարելու իմիտացիա ես անում կամ երբ թշնամիդ չափից ավելի թույլ է: Ներկայիս իշխանությունների պատճառով ՀՀ-ն այսօր դարձել է թույլ, գործիք, մանրադրամ, որը մեծ պետությունները նետել են սեղանին: Այդ պատճառով ամենահարմար պահն է Թուրքիայի համար, որպեսզի իր դարավոր պահանջները ներկայացնի հայությանը ու պոկի դրանք մեզանից»,-կարծիք հայտնեց Վազգեն Պետրոսյանը:

Նրա խոսքով. «Միաժամանակ, եթե Թուրքիան ինչ-որ բան անգամ կարողանա պոկել, դա դեռ վերջը չի: Դա կարող է վերջի սկիզբը լինել: Ոչ լեգիտիմ իշխանությունները եթե որեւէ բան ստորագրեն, դա կարելի է հետ բերել, բայց շատ թանկ վճարելով: Կարծում եմ՝ Էրդողանն անգամ երազում չէր տեսնի մեր այսօրվա իշխանության պես իշխանություն, որն իրականացնում է նրա բոլոր ցանկությունները: Դրանք այս իշխանությունը կատարում է լիարժեք, ուստի ինչո՞ւ չպետք է գնա բանակցությունների»:

ՀՀ-ն եւ Թուրքիան ԱԳՆ մակարդակով հայտարարել են, որ երկու երկրների միջեւ հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների: Այս առնչությամբ մեր զրուցակիցը հարցադրում արեց՝ ի՞նչ է նշանակում առանց նախապայմանների. «Պարզ ասած՝ ՀՀ-ն հրաժարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից, ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու այդ կերպ հրաժարվում Արեւմտյան Հայաստանից, հրաժարվում է Արցախից, իր անվտանգությունից եւ սուվերենությունից: Այս բոլորը նախապայմաններ են: Եթե սրանցից հրաժարվում ենք, էլ ի՞նչ ուզենք: Թուրքերն իրենց բոլոր ցանկություններին հասնում են այս իշխանության շնորհիվ»:

Հիշեցրինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկն այն մասին, որ ՀՀ որեւէ իշխանություն երբեւէ տարածքային պահանջներ չի ունեցել Թուրքիայի հանդեպ: Վազգեն Պետրոսյանը նշեց. «Ինքն ընդհանրապես չի հասկանում, թե ինչ են միջազգային հարաբերությունները: Մեկ օրինակ՝ իշխանությունը շատ է խոսում նախկիններից: Եթե նախկինները վատն էին, եթե նրանց որոշումները դավաճանական են, իսկ այս իշխանությունն անում է նույնը, նշանակում է, որ ինքն էլ է վատը, որ ինքն էլ է դավաճան ու չի հասկանում, թե ինչ է անվտանգությունը: Միջազգային հարաբերություններում հարցերը փոքր-ինչ այլ կերպ են ձեւակերպվում: Երբ հրեաները պահանջում էին Գերմանիայից հոլոքոստի ճանաչում, դրանից անմիջապես հետո փոխհատուցման հարց բարձրաձայնվեց: Մեր նախորդ իշխանությունը, հասկանալով կամ իրենք իրենց համոզելով, որ ի վիճակի չեն Թուրքիայից տարածքային պահանջներ ունենալ, շեշտը դրեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա՝ հույս ունենալով, որ դրանից հետո ինչ որ իրավիճակ կլինի: Նաեւ Թուրքիայի կողմից ճանաչման պահանջ դրվեց: Հիմա եթե նախորդ իշխանությունը սխալ է արել, այս իշխանությունն իրավունք ունի՞ նույն սխալն անելու. ոչ: Եթե անում է, ուրեմն իրենց մեջ տարբերություն չկա, էլ ինչո՞ւ ենք սեւ-սպիտակ, նախկին-ներկա անում: Բոլորն էլ նախկին են»:

Հիշեցրինք նաեւ, որ այս թեմայով բանավեճերում երբեմն պնդում է հնչում, թե «այդքան ասում եք՝ թուրքերը գալու են մեզ մորթեն, մորթեցի՞ն». ո՞րն է Թուրքիայից ուղղակի կամ անուղղակի սպառնալիքը: Վազգեն Պետրոսյանը պատասխանեց. «Թուրքիան ուղղակի սպառնալիք այս պահին ՀՀ-ի դեմ չի կարող իրականացնել… երկրորդ, եթե այդպես ասողները կամ իրենց ընտանիքը չի մորթվել, ապա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը մորթվել չի՞: Սահմանին զինվոր է զոհվում, դա մորթվել չի՞: Անպայման պետք է 1915թ.-ի իրավիճակը լինի՞, որպեսզի իրենք տեսնեն: Այդպես մտածողները շատ չեն տարբերվում Գրիգոր Զոհրապի մտածողությունից: Երբ Զոհրապին տանում էին սպանելու, հարցնում էր՝ Թալեաթն արդյոք տեղյա՞կ է: Նրա գլուխը քարով ջախջախեցին: Եթե նա ողջ լիներ, նույն հարցադրումը կանե՞ր, թե զենք կվերցներ: Եթե այսօրվա իշխանավորները պատմությունից դասեր չեն կարողանում քաղել, մեղքն իրենց վզին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28