Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հանրությունը մտածելակերպի փոփոխության կարիք ունի». Բակուր Կարապետյան

Փետրվար 04,2022 23:40

«Մտավորականների այս հավաքը «Շուշի»  բարեգործական հիմնադրամի անունից է նախաձեռնվել, նկատի ունենալով ժամանակավորապես օկուպացված բերդաքաղաքը մեր հոգում պահպանելու կարևորությունը ու հիշել, որ այն ամենևին դժբախտ ու դժգույն բերդաքաղաք չէ. …Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին: Անցած երեսուն տարիներին մեր հանրության ներուժը, մտածելակերպը չկարողացավ առաջընթաց ապրող երկիր ստեղծել, ճիշտ կողմնորոշվել ընտրություններում: Մեղքը բարդել իրար հաջորդող չորս իշխանությունների վրա, ինչպես տեսնում ենք, փակուղի է տանում: Դա ձեռնտու է միայն այսօրվա ռեժիմին: Երկիրը ամբողջովին պարտվել է տեղեկատվական պատերազմում, որի հետևանքներից է նաեւ ռազմի դաշտում պարտությունը, կապիտուլյացիան, Արցախից հրաժարումը…»,-  ԳԱԱ դահլիճում կայացած Մտավորականների միության ավագանու երկրորդ նիստին ասաց արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:

Նրա ձեւակերպմամբ, իրավիճակի միակ պատասխանատուն հանրությունն է. «Եթե հանրությունը դիտարկենք որպես ամբողջական օրգանիզմ, կտեսնենք, որ նրա ուղեղը լիարժեք չի գործում, այլապես կհսկեր երկրում տեղի ունեցող հասարակական, քաղաքական երևույթները, գոնե ընտրություններում նման կոպիտ սխալներ թույլ չէր տա: Ուստի համոզվում ենք, որ մեր հանրությունը մտածելակերպի փոփոխության կարիք ունի, իսկ ժամանակ շատ քիչ ունենք»:

Բակուր Կարապետյանի խոսքով. «Երեսուն տարի մեր երկրում նորաստեղծ վերնախավի կողմից արհամարհվել է մշակույթը, ուստի և ստեղծագործող մտավորականները ասպարեզից դուրս են մնացել: Հանրությունը կտրվել է սեփական մշակույթից, գրականությունից: Ստեղծագործական միությունները ավելորդ բեռ են դարձել երկրի ղեկավարների համար: Այդ միություններն է թափանցել կոռուպցիան: Երկիրը առաջընթացի փոխարեն առնվազն հիսուն տարով ետ է մնացել: Անտեսվել է առաջադեմ միտքը: Իսկ աշխարհում առաջատարը, զարգացման հիմքը միտքն է՝ մտավորականների հիմնական զենքը: Իհարկե, մեր մտավորականությունն իր ներսում լուրջ խնդիրներ ունի, որոնց հաղթահարումը և լուրջ ջանքեր են պահանջում»: Մտավորականության խնդիրը հանրության մտածելակերպի փոփոխությունն է: Պետք է գիտակցենք, որ Հայոց պատմության այս փուլում պատասխանատու շրջան ենք ապրում»:

Բակուր Կարապետյանը նշեց, որ այս հավաքին հրավիրել մտավորականների, որոնք կարող ուժ են ներկայացնում ոչ միայն գիտելիքով, այլև արդարամտությամբ, ազնվությամբ, լայնախոհությամբ, ունակություններով: Նա հույս հայտնեց, որ Ավագանու այս խմբով կարող ենք երկրում լուրջ փոփոխությունների հիմք ստեղծել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Բակուր Կարապետյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28