Եվրամիությունը պատրաստ է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման գործում: Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:
«Հետպատերազմյան լարվածությունը դուրս բերելու համար մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել՝ տեխնիկական աջակցություն սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև տարածքների ականազերծման գործերում: Նաև մենք պատրաստ ենք ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ հարցերում, քանի որ հասկանում ենք, որ երկարաժամկետ խաղաղությունը սկսվում է փոքր քայլերից: Մենք պատրաստ ենք աջակցել երկու կողմերին էլ: Եվրոպան կողմնակից է ոչ միայն հաշտության, այլև վերականգնման գործընթացին»,- ասել է Վարխելին՝ հավելելով, որ Ադրբեջանն իրենց համար «հուսալի և ռազմավարական գործընկեր է»:
Իր հերթին Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթաց, բայց առանց նախապայմանների:
Բայրամովը նաև իր գործընկերոջը տեղեկացրել է իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնողական աշխատանքների մասին:
Կարդացեք նաև
«Մտքեր են փոխանակվել, թե ինչ ձևով կարող է ԵՄ-ն օգնություն ցուցաբերել այդ հարցերով: Այդ ամենը ցույց է տալիս՝ որքան լայն է ԵՄ-ի և Ադրբեջանի գործակցության օրակարգը»,- ասել է Բայրամովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ