«Իմ մոտեցումն այն է, որ իրական խորհրդարանական համակարգ ունենանք։ ՀՀ-ում կա կեղծ խորհրդարանական կառավարում, եւ սրա մասին ես ասել եմ դեռեւս 2014-15թթ․-ին։ Յոթ տարի էլ ասել եմ խորհրդարանում»,-սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Հիմա կա հնարավորություն՝ հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմներ սահմանելու համար ու ունենալու համար հավասարակշռված իշխանություն։ Հնարավորություն կա նաեւ դատական իշխանությունը վերանայել, վերադարձնել որոշ դրույթներ, օրինակ՝ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականության եւ անկախության երաշխավորը ՀՀ նախագահն է։ Հիմա ոչ նախագահն է, ոչ վարչապետը։ Չկա անկախությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորող ինստիտուտ»,-շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Նա նաեւ նշեց՝ «Ելք» դաշինքի ժամանակ, երբ սահմանափակվում էին նախագահի լիազորությունները, «կռիվ են տվել» դրա դեմ, եւ ինքը հիմա էլ է կողմ, որ նախագահի նվազեցված լիազորությունները վերականգնվեն․ «Բայց թե խորհուրդն ինչ ճանապարհով կգնա, կտեսնենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ