Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդների քաղաք»՝ Գյումրիում․ Քանի՞ աշխատատեղ կստեղծի Եվրամիության զբոսաշրջության այս ծրագիրը

Փետրվար 04,2022 20:00

Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում  քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանի մասնակցությամբ ամփոփվեց Եվրամիության՝ զբոսաշրջությանը նվիրված ծրագրերից մեկը, որը կոչվում է «Երիտասարդների քաղաք․ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում»։

Ըստ էության տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին հինգ երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստանից,  Չեխիայից, Խորվաթիայից, Ուկրաինայից, Վրաստանից։

Երիտասարդները ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարներն՝ ակնկալելով, որ դրանք կֆինանսավորվեն Եվրամիության կողմից ու կկարողանան սեփական բիզնեսը հիմնել իրենց իսկ երկրում՝ աշխատատեղեր ստեղծելով ու այլ երիտասարդների աշխատանքով ապահովելով։

Հայաստանում այս ծրագիրն իրականացնում էր «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն։ Այն Եվրամիության «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում է, որը բավական երկարաժամկետ է։

Ծրագիրը, որը մեկնարկել էր 2019 թվականի ապրիլից, տուժել էր քովիդի պատճառով․ ստիպված են եղել շատ միջոցառումներ անցկացնել համացանցով։

Այդուհանդերձ ծրագրին մասնակից երիտասարդներին հաջողվել էր այցելել հինգ երկրներ՝ Հայաստան, Չեխիա, Խորվաթիա, Ուկրաինա, Վրաստան ու տեղում ուսումնասիրել տվյալ երկրի զբոսաշրջության առանձնահատկությունները, հյուրատնային բիզնեսը, տուր-ուղեկցողների աշխատանքը։

«Մեր նպատակը մի կողմից կրթությունն ապահովելն ու կարողությունները զարգացնելն է, մյուս կողմից՝ գործնականում տեսնելն է։ Այսինքն՝ մենք միայն չխոսենք զբոսաշրջային ենթակառուցվածքների մասին, այլ երիտասարդն ինքը տեսնի՝ ինչպես է դա աշխատում այս կամ այն երկրում։ Մեր նպատակը ոչ միայն երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնելն է զբոսաշրջության նկատմամբ, այլ այնպես անել, որ կարողանան որակյալ ծառայություններ ապահովողներ դառնալ»,-մեզ հետ զրույցում ասաց «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի փորձագետ Արթուր Նաջարյանը։

Անդրադառնալով երիտասարդների կողմից ներկայացրած բիզնես գաղափարներին՝ մեր զրուցակիցն ասաց․

«Ծրագիրը միանշանակ շատ աշխատատեղեր կստեղծի, մեր նպատակն է, որ երիտասարդը դառնա ինքնազբաղ, ինքնուրույն, տնտեսապես կայուն,  հասարակության մեջ դերակատարություն ունեցող անձ, որպեսզի իր հերթին աջակցի այլ երիտասարդների՝ աշխատանք ունենալու։

Դա է ծրագրի ամենակարևոր ուղղությունը, իսկ զբոսաշրջությունը մեզ համար որպես գործիք ենք օգտագործում, նպատակը երիտասարդների ֆինանսապես անկախ դառնալն է ու պետության տնտեսական զարգացմանը նպաստելն է»։

էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ երիտասարդները շատ հետաքրքրված են զբոսաշրջությամբ և մեծ ցանկություն ունեն զարգացնել հատկապես արկածային տուրիզմը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28