«Մեր ցանկությունն էր, որ իրենք ներկա լինեն։ Անկեղծ ասեմ՝ գնացել եմ, հանդիպել եմ խմբակցություններից մեկի հետ։ Իրենք դժվարությամբ համաձայնեցին այդ հանդիպմանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Հիշեցնենք՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում նա այսօր հայտարարել էր, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել սահմանադրական բարեփոխումների ընթացքին։
«Կուզեի, որ կառուցողական քննարկում լիներ, անգամ եթե շատ այլ հարցերում տարակարծություններ ունենք, անգամ եթե համարում են, որ իրենք չպետք է մասնակցեն, օրինակ, նախագահի ընտրություններին։ Հույս ունեի, որ գոնե սահմանադրության հարցում կկարողանայինք մի սեղանի շուրջ նստել, խելք-խելքի տալ։ Բայց ներկա չլինելն իրենց իրավունքն է, հարգում եմ որոշումը»,-նշեց նախարարը։
Նախարարը հույս հայտնեց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում խորհրդի աշխատանքին, ապա գոնե ուշադիր հետեւում է գործընթացին, իսկ հանրությունը վերջում կլսի նաեւ իրենց տեսակետը․ «Անգամ եթե առաջարկներ չուղարկեն մեզ, ես հետեւելու եմ իրենց հայտարարություններին ու հարցազրույցներին, որ իրենց իմացածից էլ մի բան հայտնվի սահմանադրությունում»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել իր հետ հանդիպել։
Կարդացեք նաև
«Պատճառներ ասացին, որ մինչեւ այսինչ մարդիկ չլինեն ազատության մեջ, չեն մասնակցի։ Իմ համար տարօրինակ է, որովհետեւ այդ մարդիկ հիմա ազատության մեջ են, բայց ընդդիմությունը, միեւնույնն է, մասնակից չէ։ Տպավորություն է, որ ըստ իրենց՝ մինչեւ չլինի իրենց համար ընդունելի իշխանություն, չեն անի սահմանադրական բարեփոխումներ։ Չգիտեմ՝ աշխարհում կա՞ ընդդիմություն, որի համար իշխանությունն այնքան ընդունելի է, որ մի սեղանի շուրջ նստեն։ Հակառակը, կարծում եմ, որ մի կողմ պետք է դնեին մյուս հարցերով ունեցած անհամաձայնությունները, որ միասին աշխատեինք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ