«Գործող սահմանադրությունն էական լծակներ եւ կարողություններ չի տվել ՀՀ նախագահին։ Շատ լավ տեսնում ենք, որ մեզ հաճախ մեղադրում են, որ սահմանադրությունը վարչապետական մեծ ազդեցություն է տվել վարչապետին, լծակներ․․․իշխանությունը, ճիշտ է, մեզնից է տանելու լիազորություններ, բայց մենք պատրաստ ենք քննարկել եւ հավասարակշռել իշխանության թեւերի միջեւ տարանջատումը»,-Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարման ձեւի հնարավոր փոփոխությանը՝ ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«2015թ․-ին խոսում էին իրական խորհրդարանական պետություն ստեղծելու մասին, բայց, ցավոք, հավասարակշռությունը խախտվեց․ «Սա առաջին հերթին պետք է քննարկվի եւ շտկվի։ Միաժամանակ՝ չպետք է այնպես անենք, որ գործադիրից եւ վարչապետից լիազորություններ վերցնենք ու տանք նախագահին կամ ԱԺ-ին՝ այն տրամաբանությամբ, որ հետո էլի ճգնաժամեր ստեղծվեն։ Գիտենք, թե մենք ինչ տարածաշրջանում ենք։ Եթե սահմանադրությամբ չկարողանանք կառավարել անկայուն իրավիճակները, դա կբերի քաոսի․․․հիմա ուժեղ է վարչապետի ինստիտուտը, բայց եթե թուլացնենք ու ինչ-որ լծակներ վերցնենք ու ճգնաժամի ժամանակ չթողենք, որ վարչապետը լինի միահեծան ղեկավար, ապա կարող ենք քաոսի առաջ կանգնել։ Ես հավանում եմ խորհրդարանական համակարգը, որովհետեւ դա շատ ավելի ժողովրդավար է»,-կարծիք հայտնեց Կարեն Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ գործադիրն ու վարչապետը չեն ուզում ուղղորդել կամ թելադրել խորհրդի անդամներին, թե որն է իշխանության թեւերի հավասարակշռման տարբերակը․ «Ես ինքս քիչ եմ խոսում այդ մասին, որ չուղղորդեմ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ պատրաստակա՞մ են, որ այլեւս «սուպերվարչապետական» համակարգ չլինի։ Անդրեասյանը պատասխանեց․ «Սուպերվարչապետական համակարգն ուզում ենք դարձնել հավասարակշռված համակարգ։ Դեռ չենք քննարկել հարցը։ Եթե անձամբ ես քվեարկելու լինեմ, ես դեմ կլինեմ կառավարման համակարգի փոփոխությանը, բայց կառավարությունը կոլեգիալ մարմին է։ Այս առիթով անգամ կուսակցությունում չունենք քննարկում, որովհետեւ այստեղ չենք եկել՝ խորհրդի անդամներին պատվեր տալու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ