Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի լինելու փաստաթուղթ, որը համոզելով կներկայացվի ժողովրդին․ գաղտնի օրակարգ չկա»․ նախարարը՝ սահմանադրության փոփոխությունների մասին

Փետրվար 04,2022 18:02

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր անդրանիկ նիստն է անում, որը նախագահում է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Նախ նա խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նիստն ուղիղ եթերում հեռարձակվում է, եւ հետաքրքրվեց՝ առարկություններ կա՞ն։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Զինված ուժերին վերաբերող սահմանադրական կարգավորումների հետ կապված հարցեր կան, որոնք կարիք ունեն նվազ հասանելիության պայմաններում քննարկվելու, իսկ մնացած հարցերում թափանցիկությունը ողջունելի է»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց․ «Հանրությանը ներկայացնելու տեսանկյունից խնդիր չունենք, բայց կարող են լինել հարցեր, որոնք առնչվում են ազգային անվտանգությանը։ Լավ կլիներ, որ նիստերը լինեն հրապարակային, եթե իհարկե խորհուրդն այլ որոշում չկայացնի»։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն առարկեց․ «Սահմանադրական նորմերին առնչվող որեւէ հարց չի կարող փակ ռեժիմով քննարկվել, որովհետեւ փաստաթուղթն ինքնին հրապարակային է։ Առաջարկում եմ գործընթացն ամբողջությամբ դարձնել հրապարակային»։

Կարեն Անդրեասյանը հստակեցրեց․ «Խոսքն այս նիստում եւ այս օրակարգի մասին է․ կա՞ դիտարկում, որ սա պետք է լինի փակ ռեժիմով։ Կարծում եմ՝ բոլորը կողմ են, որ բաց ռեժիմով լինի։ Եթե հետագայում լինի հարց, որը կառաջարկվի քննարկել փակ, որոշում կկայացնենք»։

Դանիել Իոաննիսյանը պատասխանեց Արթուր Սաքունցին․ «Իմ ասածը բնավ չէր վերաբերում նրան, որ սահմանադրությունում կարող են լինել գաղտնի դրույթներ։ Կան փաստարկներ, որոնք կաշկանդված կլինենք հրապարակային ասել՝ կապված ԶՈՒ կարգավորումների հետ։ Սրա մասին էր խոսքը։ Գաղտնի բանի մասին խոսք լինել չի կարող»։

Այնուհետեւ Կարեն Անդրեասյանը շեշտեց՝ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների էլ են հրավիրել․ «Բացասական պատասխան ենք ստացել խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցություններից։ Նրանք հրաժարվել են մասնակցել գործընթացին։ Ամիսներ առաջ ենք մենք սա սկսել, փորձել ենք նրանց ներգրավել, բայց դա իրենց քաղաքական որոշումն է։ Կառավարությունը շատ կարեւորում է նաեւ ներկա չգտնվող արտախորհրդարանական մյուս ուժերին, որոնք մասնակցության համար որոշակի չափանիշներին չեն բավարարել, բայց դա մեզ չի զրկում նրանց լսելու հնարավորությունից։ Իսկ հ/կ-ներից ներկայացված են երեքը, թեեւ շարունակելու ենք աշխատել տասնյակ հ/կ-ների հետ»։

Նախարարի խոսքով՝ կառավարության համար շատ կարեւոր է, որ այդ գործընթացը լինի թափանցիկ․ «Չի լինելու փաստաթուղթ, որը հետո մի կերպ, համոզելով, կներկայացվի ժողովրդին։ Գործընթացը լինելու է մասնակցային։ Չկա որեւէ գաղտնի օրակարգ, որը դրված է իմ կամ խորհրդի առաջ, թե իբր սա արվում է սահմանադրությունն այս կամ այն կերպ «ձեւելու» համար։ Ինչպես վարչապետն է ասել՝ սա բարդ գործընթաց է, որի նպատակն է սահմանադրությունն աուդիտի ենթարկելը, ինչի արդյունքում վեր կհանվեն խնդիրներ։ Մասնակցային ձեւով կհասկանանք՝ ի՞նչ է պետք փոխել մեր երկրում»։

Կարեն Անդրեասյանը նաեւ հայտնեց, թե ինքն անձամբ ինչ է ակնկալում սահմանադրական բարեփոխումներից․ «Ուզում եմ վեթինգի հնարավորությունները քննարկենք։ Ցանկանում եմ, որ սահմանադրությունում լինի իշխանության թեեւերի հավասարակշռում, դատական իշխանության համակարգի վերանայում, թեեւ չունեմ վերջնական պատկերացում, թե որ դատարանը որին պետք է միավորվի։ Բայց այս հարցերը պետք է քննարկվեն։ Ունեմ նաեւ անհանգստություն, որ գործող սահմանադրությունն ունի թերություններ, տեքստային բացեր, որոնք նախկինում հենց այդպես էլ թողնվել են այն պատճառով, որ շատ հարցեր լուծվել են ոչ թե սահմանադրությամբ, այլ ներքին՝ քաղաքական որոշումներով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28