Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքվից եկած, էս չոլերում կանգնած՝ թուրքն ավելի շատ է վախենում. մենք ամեն ծակ ու ծուկ գիտենք, կարանք գնանք՝ էդ «պոստերը» գրավենք. Տեղ համայնքի բնակիչը դեմ չէ «խաղաղության դարաշրջանին»

Փետրվար 04,2022 18:14

«Հենե՜, էն մարդուն տեսնո՞ւմ ես 3-4 հազար ոչխար ուներ, հիմա ծախել է, ցրել է, լրիվ պարտքով է տվել՝ փողն էլ չեն տվել»,-պատասխանելով հարցիս, թե Տեղի բնակիչնե՞րն էլ են պատերազմից հետո մնացել առանց արոտավայրերի, ասում է Արամ Սնեցունցը՝ մատնացույց անելով գլխիկոր քայլող համագյուղացուն:

Արամ Սնեցունց

Տեղ համայնք հասանք այն պահին, երբ մարդիկ իրենց անասուններին գոմերն էին ուղեկցում: Այս սեզոնին էլ լանջերին կանաչ խոտ կա.

Տեղացիները անասուններին հանում են, արածեցնում, ջուր տալիս ու գոմերն անում: 44-օրյայից հետո աահմանամերձ դարձած Տեղն էլ բացառություն չի. հազարներով անասնագլխաքանակ է կորցրել. որը մորթել՝ վաճառել են, որը՝ կենդանի-կենդանի հանձնել: Այսինքն՝ տավարաբուծությունը, որը Հայաստանի կառավարության համար գերակա ուղղություն է եւ գյուղատնտեսության ՀՆԱ-ի մեջ մեծ մասնաբաժին ունենալու համար կառավարությունը գյուղացուն, ֆերմերին հազար ու մի արտոնություն է խոստանում, նրանց համար արտոնյալ վարկային պայմաններով անգամ խելացի անասնագոմեր կառուցում, Տեղ գյուղում, կարելի է ասել՝ «մահացել» է:

Տեղի բնակիչների խոսքով, տուն չկա, որ անասնագլխաքանակը կրճատած չլինի. ասում են՝ գյուղը մոտ 20 հազար գլուխ միայն ոչխար է ունեցել, հիմա երեւի 5 հազար էլ չի մնացել: Նույնն էլ խոշոր եղջերավորների դեպքում: Արամ Սնեցուցն ասում է՝ գարունը եկավ՝ չգիտեն եղածին ոնց են պահելու. ո՛չ արոտավայր ունեն, ո՛չ՝ անասնակեր:

Տեղ համայնքի արոտավայրերը

Արամը ցույց է տալիս գյուղի եղած արոտավայրերն ու ասում՝ «Ինչ-որ ստեղից երեւում է՝ էտ է մնացել, կրուգավոյ լրիվ իրենք են, արոտ չունենք»:

Պատերազմի արդյունքում սահմանների փոփոխությունից հետո Տեղի բնակիչները մի խնդիր էլ ունեն. ոմանք չեն կարողանում սեփական այգիներից, որոնք հայտնվել են ճանապարհին տեղակայված սահմանային հենակետերի մերձակայքում, փայտ հանել:

«Ասում են՝ չես կարող, իրավունք չունես: Մենք էլ տունը փայտով ենք ջեռուցում: Ես իմ 22 տարվա այգուց իրավունք չունեմ փայտ տանեմ՝ վառեմ»,-ասում է Արամը:

Հարցնում եմ՝ օգտվո՞ւմ են սահմանամերձ համայնքներին տրամադրվող սոցիալական աջակցությունից, ի՞նչ է տալիս գյուղացուն, արդյոք լույսի, գազի, ջրի եւ այլ վարձերի զեղչը գյուղացու հոգսը մի քիչ թեթեւացնո՞ւմ է: «Հա, լավ է, որ գոնե դա էլ կա, որ գնում ես կոմունալները մուծելու, վճարներն ահագին պակաս են գալիս, դե որ շարունակվի՝ լավ կլինի: Բայց մեկ ամսվանը լրիվ ենք մուծել, հլը որ զեղչ չեն արել»,-ասում է Արամը:

Նրան միանում է կինը՝ Սուսաննան՝ նշելով, որ տունը, ամեն դեպքում, փայտով են տաքացնում, եւ լավ կլիներ, որ օգնությունը փայտի տեսքով էլ լիներ, քանի որ գյուղի մեծամասնությունը փայտի վառարան է օգտագործում, իսկ անտառներից այլեւս փայտ բերելու հնարավորություն չկա:

Սնեցունցների ընտանիքը բազմանդամ է. 5 զավակ ունեն՝ 4 աղջիկ, տղան էլ անչափահաս է:

«Նկատե՞լ եք պատերազմից հետո գյուղից գնացողներ եղե՞լ են»,-հարցիս Արամը պատասխանում է՝ մեր գյուղից արտագաղթ չկա ու նշում, որ ինքը նույնպես այլ տեղ ապրելու մտադրություն չունի. «Գնալու տեղ շատ կա, բայց գնացողը չեմ: 22 տարի է՝ այգի եմ մշակել, վարկ եմ վերցրել, անասուններ պահել, ճիշտ է՝ պատերազմից հետո բոլորը ծախել եմ, բայց միտք չունեմ գյուղը լքեմ»:

Սուսաննան էլ Քարահունջից է Տեղ գյուղ հարս եկել եւ արդեն 30 տարի այստեղ է ապրում: Թե՛ իր եւ թե՛ երեխաների ապագան այստեղ է տեսնում:

Տեղ գյուղի անասնագոմերը

Այս գյուղում որպես անասնագոմեր հին գյուղի քարանձավներն են ծառայում:

հին գյուղի անասնագոմերը

Տեղի բնակիչները ցավով են նշում, որ դրանք գրեթե դատարկ են մնացել: Մինչդեռ ընդամենը մի երկու-երեք տարի առաջ այդ գոմերում մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների մեծ աշխուժություն է տիրել:

Հրանտ Դալլաքյան

Հրանտ Դալլաքյանը երեք կով, մի խոզ ու տրակտորն է հաջողացրել փրկել իր ողջ ունեցվածքից: Տասը տարի առաջ Տեղ համայնքից տեղափոխվել է Քաշաթաղ, տուն-տեղ դրել, մի հեկտար խաղողի այգի հիմնել, ասում է՝ «կարալյոկ, խնձոր» տնկել, բայց չի էլ հասցրել ստեղծածը մի կարգին վայելել: Հիմա արդեն պատերազմից հետո վերադարձել է հայրենի գյուղ:

Հրանտը դեմ չէ խաղաղության դարաշրջան բացելու իշխանությունների մտադրությանը: Ասում է՝ այն տարիներին մեխանիզատոր է աշխատել, ադրբեջանցիների հետ գնալ-գալ է եղել, հաճախ գնացել է նրանց համար գործ արել, փողը ստացել՝ եկել, «թուրքը» եկել Տեղի խանութից առեւտուր է արել, հայն էլ գնացել՝ նրանց խանութից է օգտվել: Հիմա էլ է վստահ, որ երկու ժողովուրդները կարող են միմյանց հետ լեզու գտել: Ասում է՝ ադրբեջանցիների՝ Տեղ գյուղի սարերի գլխին հայտնվելով վտանգ չի տեսնում, համոզված է՝ այնտեղ կանգնած՝ «թուրքն» ավելի շատ է վախենում. «Մենք ամեն ծակ ու ծուկ գիտենք, կարանք գաղտնի գնանք էդ «պոստերը» գրավենք, բայց իր համար անծանոթ տեղեր են, Բաքվից եկել է՝ էս չոլերում կանգնել»:

Հրանտը գտնում է, որ, եթե մենք վնաս չտանք, նրանք էլ չեն տա. «Հենա մարդիկ են եղել, որ ոչխար են տարել երկու-երեք անգամ․ թուրքերը զգուշացրել են՝ որ չգաս էս կողմ: Բայց մարդը գնացել է, վերցրել են, տարել են: Որ գողը գա, մտնի ձեր տուն՝ ի՞նչ կանես, պիտի խփես, բռնես որ չմտնի չէ՞: Մի քանի օր առաջ էլ մեր գյուղից ոչխար են տարել, ընկերոջս ոչխարները, է՜, գնացել է իր պոստը` նրանք էլ տարել են: Հիմա էսօր, որ թուրքը գա հասնի ստեղ, ես չե՞մ վերցնելու իրեն տանեմ, պարզ է, որ տանելու եմ»:

Հրանտի երեք որդիները մասնակցել են վերջին պատերազմին, մի որդին Հադրութում վիրավորվել է, երկու որդիներն էլ զինվորական են: Ասում է՝ արցախյան առաջին պատերազմին էլ ինքն է մասնակցել. «Պարզ է, որ 30 տարի շատ լավ էր մեզ համար, դե հիմա, որ սենց է ստացվել՝ ի՞նչ արած: Ես տասը տարի Քաշաթաղում ապրել եմ, Քաշաթաղից որ գալիս՝ մտնում էինք Գորիսի խանութ, ասում էին՝ թուրքերից եկել են: Չէին ասում՝ Արցախից եկել են, դե թուրքերի՞ց ենք եկել, թուրքերն էլ ասում են՝ եղբայր իմ հողը տուր, որ դու թուրքերի հողում ես ապրում»:

Հրանտ Դալլաքյանի խոսքով, չնայած Տեղ համայնքում ադրբեջանական ու հայկական հենակետերի միջեւ հեռավորությունը մի 5 մետր է, բայց այստեղ անմշակ հողեր գրեթե չկան. «Մեր գյուղում ոչ մի անմշակ հող չկա, Կոռնիձորը, որը հենա կպած, մարդիկ էլի իրենց դաշտերը մշակում են»:

Տեղ համայնքը, որը խոշորացվել է 2016 թվականին՝ շուրջը միավորելով Գորիսի տարածաշրջանի 7 բնակավայր, ունի 2234 բնակիչ:

Գյուղը Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա է, Գորիս քաղաքից էլ 12 կիլոմետր հեռավորությամբ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28