Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) հանդիսատեսի համար կրկին հաճելի նորություն ունի. նա ներկայացրել է «Հավերժական սեր» ստեղծագործության յուրովի մեկնաբանությունը։ Բարրոյին բնորոշ նրբազգացություն և էներգետիկա կա կատարման մեջ։
Բարրոյի խոսքով՝ մեր հոշոտված վիճակների դեպքում արվեստի մարդու համար սպեղանի է երգը` որպես դիմակայելու միջոց։
«Որպես օպերային երգիչ ցանկացա ֆրանսիական սիրո երգին մի տեսակ թարմ, նորարարական շունչ հաղորդել, ու բարձր արվեստ ընկալող հասարակությանը, ինչպես նաև ավելի լայն շրջանակներին, ներկայացնել յուրովի մեկնաբանությամբ՝ մաեստրոներ Ազնավուր և Կառվարենցի «Հավերժական սեր» ստեղծագործությունը։ Ինձ համար շատ դյութիչ էր երգի բառերին նոր շունչ տալը», – նշում է Բարրոն։
Այս երկլեզու ստեղծագործությունը ևս մեկ հնարավորություն է ներկայացնելու Ադամ Բարրո երգչի բարձր նշաձողն իր կատարողական արվեստի և յուրահատուկ մոտեցման առումով։ Երգի վրայից թանգարանային փոշին հեռացնելով՝ Բարրոն հետաքրքիր թարգմանություն է իրականացրել և զգացել, որ հիանալի է հնչում.
Կարդացեք նաև
Երդվեցինք մեկմեկու հավերժական սեր,
Ժամանակն այն ջնջեց ու
Օրեցօր խոցվում են մտքերս։
Որքան սիրո խոստումներ
Խեղդվեցին մեր սրտերում,
Համբույրի պահին
Հեկեկոցից մնացին չասված։
Բայց ոչինչ չի փոխվել
Որովհետև «ցտեսություն»-ը
Չի կարող լինել հրաժեշտ։
Խենթացած, հույսով,
Խնդրում եմ Աստծուն
Քեզ նորից տեսնելու,
Խոսելու, երդվելու համար։
Բարրոն նշում է, որ առաջիկայում Ժան Պիեռ Մահեի հետ աշխատանքի արդյունքում կներկայացնի նաև հայերեն տարբերակը և այլ նոր երգեր, որոնց մասին մանրամասները կլինեն շուտով։
Ադամ Բարրոն, նույն ինքը Մուրադ Ամիրխանյանը, ֆրանսահայ համայնքի լուսաստղն է, որտեղ հայտնվում է սեր ու ջերմություն է փոխանցում, հույս ու հավատ ներշնչելով շրջապատին, իսկ նրա շրջապատը ձգվում է Ֆրանսիայից մինչև Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Բելգիա և այլուր։
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ