Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արտասահմանցի քաղաքացիներից ուսման պատրվակով «Սուրբ Թերեզայում» գումարներ են հափշտակվել». փաստաբան

Փետրվար 04,2022 17:42

Aravot.am-ի տեղեկություններով, փաստաբան Արսեն Մկրտչյանը հաղորդում է տվել հանցագործության մասին եւ ոստիկանությանը հայտնել, որ «Սուրբ Թերեզա» բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը, չունենալով համապատասխան լիցենզավորում, գործունեություն է ծավալել և հրաժարվում է մի խումբ հնդիկ ուսանողների տրամադրել դիպլոմներ: Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանը հաստատեց, որ իրեն դիմել են Հնդկաստանի 28 քաղաքացիներ, որոնք ընդունվել են «Սուրբ Թերեզա» բժշկական համալսարան:

«Ըստ իրենց բանավոր պնդումների, իրենք տեղյակ չեն եղել, որ այդ ուսումնական հաստատությունը «բուժական գործ» մասնագիտությամբ կրթական ծառայություն տրամադրելու արտոնագիր եւ նման գործունեություն իրականացնելու իրավունք չունի: Իրենք, այնուամենայնիվ, վճարել էին վարձավճարը, ուսանել եւ ստացել են համալսարանի կողմից սահմանված ձեւաչափի դիպլոմներ: Սակայն ուսանողներն այն աստիճան անուշադրության են մատնված եղել, որ դիպլոմներում իրենց անունները սխալներով են գրվել, որոշների դեպքում ներդիրներում է անունները սխալ գրված եղել: Դիպլոմների մի մասն էլ մակագրված է եղել ոչ թե ռեկտորի, այլ դեկանի կողմից»,- ասաց փաստաբանը:

Արսեն Մկրտչյանը հավելեց, որ խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ ուսանողները փորձել էին դիպլոմները ապոստիլով հաստատել: «Այդ վրիպակները հայտնաբերելուց հետո՝ նրանք դիմել էին ռեկտորին, ռեկտորը ոչ ադեկվատ ձեւով է իրեն պահել։ Ուսանողները նաեւ համապատասխան տեսանյութեր են ինձ ներկայացրել, ըստ որոնց՝ տպավորություն ես ստանում, որ շուկայում են, ոչ թե ուսումնական հաստատությունում:

Անհասկանալի պատճառով քաղաքավարի մոտեցմանը, ադեկվատ խնդրանքին ի պատասխան՝ ռեկտորը սկսում է բղավել եւ խուսափել: Դրա համար էլ ուսանողները դիմել էին ինձ: Ես գրավոր ընթացակարգով երկու ամիս առաջ գրավոր հարցում եմ կատարել։ 5-6 անգամ էլ, հեռախոսային բանավոր զրույցների համապատասխան, գնացել եմ այդ հաստատություն, որպեսզի հանդիպեմ տիկին Համբարձումյանին: Տիկին Համբարձումյանը, սակայն, չնայած նախնական պայմանավորվածություններին, երբեք չի եղել համալսարանում, իսկ հեռախոսով փոխանցել է, որ հարցը հանձնարարել է այս կամ այն աշխատողին: Երբ կապվել եմ այդ աշխատողների հետ, պատասխանը եղել է, որ իրենք դրա հետ կապ չունեն, մեկն ազատվել է աշխատանքից, մյուսը հորդորել է չբողոքել: Երբ ես ասացի, որ արդեն կդիմեմ իրավապահ մարմիններին: Փաստորեն, ստացվում է, որ արտասահմանցի ուսանողներից ուսման պատրվակով հափշտակվել են գումարներ։ Նույնիսկ այն փաստաթուղթը, որը թեկուզ իրավունք չի վերապահում այդ գործունեությամբ զբաղվելու, ի սկզբանե մտածված է եղել չտրամադրել: Կրթություն տրամադրելու պատրվակով եղել է խոշոր չափերի հափշտակություն, խարդախություն»:

Փաստաբանին հիշեցրինք, որ վերջերս նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն էր իր քաղաքացիներին հորդորել ձեռնպահ մնալ «Սուրբ Թերեզա» բժշկական համալսարան դիմելուց: Պարոն Մկրտչյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել դեսպանատան հայտարարությունները:

Ապա հավելեց. «Ի պատիվ հակակոռուպցիոն ծառայության, ասեմ, որ հանցագործության մասին իմ գրավոր հաղորդմանը շատ արագ արձագանք է եղել: Ես ունեմ հանդիպման պայմանավորվածություն համապատասխան պաշտոնատար անձի հետ, որին պետք է հանդիպեմ ու հայտնեմ մանրամասներ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28