«Խոսքը ծառայություն մատուցելու մասին չէ, այլ մասնագիտական կարծիքի։ Իմ ողջ գործունեության ընթացքում (15 տարի աշխատում եմ իրավական համակարգում) իմ բոլոր գործընկերները, այդ թվում` փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր են ունեցել ինձ հետ եւ շարունակում են ունենալ»,-Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով իր հետ կապված նախորդ տարի փաստաբաններից մեկի բարձրաձայնած սկանդալին։
Հիշեցնենք, որ փաստաբան Ամրամ Մակինյանը մի շարք հայտարարություններ էր արել՝ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալու փաստերի առիթով:
«Իմ կարծիքը որեւէ մեկի համար պարտադիր չի։ Ես որեւէ կերպ որեւէ ազդեցություն չեմ ունենում որեւէ հարցի վերաբերյալ։ Դա ինձ համար նաեւ մասնագիտական էթիկայի խնդիր է։ Այդ շահարկումները երեւի ինչ-որ նպատակ էին հետապնդում»,-կարծիք հայտնեց Աննա Վարդապետյանը։
Հարցադրմանն ի պատասխան, թե վարչապետի օգնականն ունի՞ լիազորություն նման միջամտություն անելու, Աննա Վարդապետյանը նշեց․ «Դա լիազորություն չի եղել, այլ եղել է խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից՝ մասնագիտական կարծիքի համար»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հանցակազմ չեք տեսնո՞ւմ։ «Ես հարցի վերաբերյալ բացատրություն եմ գրել։ Եթե հանցակազմ լիներ, կարծում եմ, գործ կհարուցվեր»,-պատասխանեց Աննա Վարդապետյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ