«Եթե հիշողությունս չի դավաճանում, վարչապետը վերջին ասուլիսում ասաց, որ խորհրդարանական կառավարման ձեւը թույլ տվեց հաղթահարել քաղաքական ճգնաժամն ընտրությունների միջոցով, այլ ոչ թե խորացնել։ Այս մասին չի եղել մասնագիտական քննարկում՝ կապված կառավարման ձեւի հետ, բայց քաղաքական գնահատականը, կարծում եմ, ներկայացվել է վարչապետի կարծիքի տեսքով»,-Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունն արդյոք մտադի՞ր է խորհրդարանական կառավարման ձեւից անցնել կառավարման այլ ձեւի։
«Հարցը քննարկվել է խորհրդի եւ մասնագիտական հանձնաժողովի կողմից, եւ տեղեկատվություն կստանանք հետո»,-նշեց նա։
Որպես մասնագետ Վարդապետյանը կարծում է, որ որեւէ ոլորտում հաճախակի փոփոխությունները, հատկապես եթե հարցը սահմանադրությանն է վերաբերում, չեն կարող լինել դրական, եթե, իհարկե, խիստ անհրաժեշտ չեն․ «Խորհուրդը պետք է հիմնավորի սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությունը եւ խորությունը, մասնագիտական հանձնաժողովն էլ պետք է կարծիք ասի, ուստի այս պահին կանխատեսում անել հնարավոր չէ՝ փոփոխությունները լինելու են արմատակա՞ն, թե՞ ոչ։ Փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ, կարող են եւ չվերաբերել արմատական հարցերի, այլ առանձին ինստիտուցիոնալ խոչընդոտների, որոնք խանգարել են այս կամ այն ոլորտի զարգացմանը կամ դրական ազդեցություն չեն ունեցել»։
Վարչապետի օգնականը դժվարացավ նշել այնպիսի հարցեր, որոնք այս պահին հրատապ լուծման կարիք ունեն․ «Դա մասնագիտական հանձնաժողովի եւ խորհրդի գնահատելու հարց է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ