Լրահոս
Օրվա լրահոսը

Ուռուցքաբանությունը միշտ եղել է մեր կառավարության կարևորագույն ուղղություններից մեկը, և վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել. Արսեն Թորոսյան

Փետրվար 04,2022 17:03

Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի օր։ Առողջապահական այս ճյուղի մասին կարելի է անդադար խոսել, քանի որ աշխարհի զարգանալուն հետ փոխվում են բուժման մեթոդներն ու մոտեցումները և պետք է քայլել այդ ամենին զուգահեռ։

Ուռուցքաբանությունը միշտ եղել է մեր կառավարության կարևորագույն ուղղություններից մեկը և վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել՝ թե’ հասանելիության, թե’ վաղ հայտնաբերելիության և թե’ ապրելիության առումով։ Վստահ եմ, որ արված աշխատանքը շարունակվելու է նույն տեմպերով։

Մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել, թե ինչ ծրագրեր են ներդրվել Հայաստանում՝ քաղցկեղի դեմ պայքարի համար սկսված 2018 թվականից, որոնցից օգտվում են մեր հազարավոր հայրենակիցներ:

1.2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում։

2.2019 թվականի հուլիսից պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում տրամադրվում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվողներին, բռնադատվածներին, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածներին, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին, մինչև 18 տարեկան երեխաներին,  առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց:

Բնակչության բոլոր խմբերին, բացառությամբ վերը նշվածից, հիշյալ ճառագայթային բուժումն իրականացվում է արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ:

Ավելի ցածր էներգիայով ճառագայթային բուժումն իրականացվում է անվճար՝ ախտորոշված չարորակ նորագոյացություն ունեցող բոլոր պացիենտների համար, անկախ սոցիալական վիճակից։

3.Սքրինինգային հետազոտություններ իրականացնելու նպատակով 2020 թվականին ձեռք է բերվել մամոգրաֆիայի շարժական սարք, որի միջոցով մարզերում իրականացվում է բնակչության համար կրծքագեղձի անվճար հետազոտություններ։

4.2020 թվականից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող հիվանդները բուժում են ստանում թիրախային Տրաստուզումաբ (Հերցեպտին) դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: 2020 թվականից ուռուցքաբանական հիվանդներին, մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ անվճար տրամադրվում է շվեյցարական Ֆ.Հոֆֆմանն-Լա Ռոշ կազմակերպության կողմից արտադրված նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը:

5.2020 թվականից մեկնարկել է հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն» ունեցող տարեկան շուրջ 500 հիվանդի անխափան տրամադրվել են հակավիրուսային նորագույն դեղեր: Հեպատիտ Ց-ն համարվում է լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն։

6.Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար ձեռք է բերվում 25 անվանում դեղ:

  • Բժշկական հիմնարկներում ստեղծվել են մուլտիդիսցիպլինար թիմեր պացիենտների ճշգրիտ ախտորոշումը և բուժումը կազմակերպելու համար (Tumour Board): Նման թիմերի առկայությունը բժշկական կենտրոններին պետական պատվեր տրամադրելու նախապայմաններից է։

8.Պետական պատվերի շրջանակներում ներդրվել է արտահիվանդանոցային  պալիատիվ բուժօգնության ծառայությունը: Միաժամանակ, ստացիոնար պալիատիվ բուժօգնության ծառայություն է ներդրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ
ԱԺ պատգամավոր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28