«Անցած Սահմանադրությունը խախտումներով է ընդունվել, այս իշխանությունն օգտվում է այդ Սահմանադրության լիազորություններից: Տեսնում եմ՝ գերկենտրոնացում է գնում»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով ներկայումս իրականացվող սահմանադրական փոփոխությունների մասին:
Նրա համոզմամբ՝ այն, ինչ սկսվեց որպես համաժողովրդական շարժում, գնալով դառնում է իր բնորոշմամբ՝ գերանձնավորված, միաբևեռ իշխանություն: Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց. «Այս իշխանությունը միշտ հղում է անում ընտրության մանդատին, իհարկե, ժողովրդի մեծամասնությունը, «Ժառանգության» նման չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Ես կարող եմ հիմա պնդել, որ նոր ընտրության դեպքում այս իշխանությունը մեծամասնություն չի վերցնելու»:
Նա միտումներ է տեսնում գերանձնավորման այս իշխանության կողմից, մինչդեռ նախորդների հետ կապված կային ֆեոդալական հարցեր: Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասնեց. «Այն քայլերը, որ մենք տեսնում ենք՝ դատական իշխանության, դատավոր Բախշիյանի հետ կապված, այլ քաղաքական բանտարկյալների, տեղական իշխանությունների պահով, չեմ կարող ասել՝ Սահմանադրության փոփոխության հետ կախված են: Միտումերն այն են, որ եթե նախորդ իշխանության հետ ֆեոդալական հարցեր կային, հիմա տեսնում ենք, որ միանձնյա հարցեր կան: Եթե գործող վարչապետը, որ երկու տարի առաջ լրիվ այլ բաներ էր ասում Արցախի հարցով, հիմա շատ հանգիստ այնպիսի բաներ է ասում, և ոչ մեկը ռիսկ չունի իրեն հակադարձել սեփական կուսակցությունից, անկախ վերլուծաբաններից, ես կարծում եմ, որ մենք մտնում ենք մեզ համար ճակատագրական շրջան: Եվ ազատ, անկախ հասարակությունը, լրագրողները դատավորները, մասնագետներն ուզում են իրավունքի իշխանություն մեր տան մեջ, մեր հայրենիքում, և նաև մեր իրավունքները աշխարհում յուրովի պետք է ոտքի կանգնեն, որովհետև արդեն ՀՀ-ի ազատությունն ու ինքնիշխանությունն է դրված: Ես, որ չարություն, դավային տեսություն չունեմ, կարծում եմ՝ սրա համար չէ, որ մեր պետական դրոշը բարձրացավ ՄԱԿ-ի շենքում 30 տարի առաջ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային