Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսագուլյանը այսօր հետապնդվում է բացառապես բաց լրատվության աղբյուրներում առկա տեղեկատվությունը հավաքագրելու եւ որպես քաղաքական գործիչ գնահատական տալու հետեւանքով»․ պաշտպան

Փետրվար 04,2022 16:47

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ եւ «Լայվ Նյուզ» կայքի համակարգող Գառնիկ Իսագուլյանի պաշտպան, փաստաբան Աննա Ծառուկյանը «Հայելի» ակումբում խոսեց իր պաշտպանյալին կալանքի մեջ պահելու՝ իշխանության դրդապատճառների մասին: «Սա ոտնձգություն է հստակ լրատվության նկատմամբ, որովհետեւ քիչ-քիչ մոտենում են բոլորին: Այսօր պարոն Իսագուլյանին լռեցնում են ոչ միայն որպես «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ, նաեւ փորձ են անում լռեցնել որպես լրատվության համակարգող, տապալել լրատվության աշխատանքը, որովհետեւ պարոն Իսագուլյանը այսօր հետապնդվում է բացառապես բաց լրատվության աղբյուրներում առկա տեղեկատվությունը հավաքագրելու եւ որպես քաղաքական գործիչ գնահատական տալու հետեւանքով: Այստեղ այլ բան չկա: Հանցակազմի ակնհայտ բացակայության մասին է խոսվում, որովհետեւ Վլադիմիր Կարապետյանի վերաբերյալ ցանկացած հայտարարություն մեկ տարի շարունակ եղել է լրատվական դաշտում բաց: Վերջինս նույնիսկ զրպարտության մակարդակով վիճարկման որեւէ հայց չի ներկայացրել: Չեմ խախտում վերջինի անմեղության կանխավարկածը, բայց կարծում եմ՝ գիտակցելով, որ Արգիշտի Քյարամյանի հետ որպես պաշտպանական կողմ ունենք խնդիր, որովհետեւ Քյարամյանը ամբաստանվում է նաեւ անձնագրերի հետ կապված հայտարարության հիման վրա, հենց այդ մարմնին դիմելով՝ փորձ է արել այսպիսի հետապնդմամբ հիմք ստեղծել:

Տեսեք՝ ինչ է տեղի ունեցել: 2021 թվականի դեկտեմբերի 21-ին բիրտ ձեւով մուտք են գործում բնակարան, մասկի-շոու կազմակերպելով ձերբակալում են պարոն Իսագուլյանին: Եվ դա անում են այն մարդու նկատմամբ, որը երբեւէ, որեւէ կերպ որեւէ մարմնի կանչով չի եղել, որ չներկայանա: Նույնիսկ ազգային անվտանգությունը կանչում՝ ասում էր, որ առանց փաստաբանի չգնա, նա ասում էր՝ Աննա, հանգստացիր, ամեն ինչ նորմալ է: Երբ Քննչական կոմիտեն այդ ձեւով կազմակերպում է ձերբակալում, ապօրինությունը սկսվում է այդտեղից: Կարելի էր հրավիրել եւ տեղում ձերբակալել, եթե իրենք կալանավորման հիմքեր ունեին: Էլ չեմ ասում՝ հայտարարությունները, որոնք սուտ մատնության են բերել, պետք է ուղղված լինեին համապատասխան մարմիններին: Սեպտեմբերի 20-ին ասուլիսի ժամանակ վերջինիս կողմից որեւէ պետական կառույցի իրավապահ մարմինների Վլադիմիր Կարապետյանի մասով Իսագուլյանը չի դիմել: Հիմա դատավոր Դավիթ Արղամանյանը, որը հայտնի է որպես սույն իշխանության քաղաքական հայացքները ակնհայտ կիսող անձ ու հենց այդ հիմքով ինքնաբացարկ եմ հայտնել եւ ասել եմ՝ իր տեսակետների համար ինքը չի կարող այս քաղաքական գործը քննել, ինքը իր ինքնաբացարկի քննման որոշման մեջ չի էլ հերքում, որ ունեցել է այդպիսի քաղաքական հայացքներ»,-ասաց փաստաբանը:

Աննա Ծառուկյանը բողոք է տարել վերաքննիչ դատարան: «Վերաքննիչ դատարանը դատական նիստերից է մեզ զրկում: Երեք օրվա ընթացքում պարտականություն ունեն վարույթ ընդունել եւ ծանուցել: Սովորաբար դա անում են զանգով, որովհետեւ խափանման միջոցի հարց է եւ ծրարն է գալիս երեք օրում: Մինչեւ հիմա այդ ծրարը չեմ ստացել: Հետաձգում են, մեկ ամիս հետո նիստ նշանակում: Գնում ենք դատական նիստի: Դատավոր Տիգրան Սիմոնյանն է, որը շրջակա միջավայրի փոխնախարար է եղել եւ ակնհայտ ունի քաղաքական հայացքներ: Աշխատակազմից մոտենում են ինձ եւ ասում, որ շենքը հոսանքազրկվել է եւ դատական նիստ չենք հրավիրում: Առաջարկում եմ դատական նիստը բացել եւ պարզ թղթային արձանագրմամբ շարունակել, որովհետեւ մարդը արդեն մեկ ամիս կալանավորված է: Ասում են՝ այդպիսի կարգ չունեն: Փաստորեն քրեական դատավարությունից դուրս այդ աշխատակազմը ինչ-որ կարգ ունի, որին ես ծանոթ չեմ: Ի դեպ, այդ օրը բոլորը դատական նիստ արել են ու միայն Իսագուլյանի նիստը տեղի չի ունեցել:

Նիստը նշանակվել էր ամսի 3-ին՝ երեկ: Գնում ենք: Բայց ճանապարհին զանգում, ասում են՝ դատավորը կորոնավիրուսով հիվանդ է եւ գործը վերամակագրվել է: Հասնում եմ դատարան ու պարզում, որ վերամակագրվել է Կարեն Բիշարյանին՝ Քոչարյանի գործով նախկին դատախազին: Աշխատակազմից հետաքրքրվում եմ, թե կա՞ նշանակված օր, պատասխանում են՝ ոչ, տվյալ դատավորը նույնպես հիվանդ է, դատական նիստ նշանակված չէ: Խոսքը երկու ամիս կալանքի մասին է:

Բողոք եմ տարել հիմնավոր կասկածի վիճարկմամբ: Կարող է մի պահ պարզվել, որ մենք ճիշտ ենք, մարդը անմեղ է ու այսքան ինչի՞ համար է նստած: Ահա այսպիսի դատական համակարգ ունենք այսօր»,- ասաց Աննա Ծառուկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28