Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա լավ հնարավորություն է ուսանողների համար՝ զինվելու նոր գիտելիքներով». Վահրամ Դումանյանը՝ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին

Փետրվար 04,2022 17:18

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնցից 16-ը՝ բակալավրի կրթական աստիճանով, իսկ 18-ը՝ մագիստրոսի: Նրա խոսքով՝ 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 10 ուսանողի կշնորհվի 220.000-ական դրամ կրթաթոշակ:

«Սա լավ հնարավորություն է ուսանողների համար՝ զինվելու նոր գիտելիքներով և դրանք ծառայեցնելու մեր երկրի զարգացմանը»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ մրցույթն անցկացվել է 7 ոլորտներում՝ բնագիտության, հասարակագիտության, հայագիտության, հումանիտար, բժշկության, ճարտարագիտության և մշակույթ-սպորտի:

Շնորհավորելով հանրապետության լավագույն ուսանողներին կարևոր ձեռքբերման համար՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ պատասխանատվություն է և ձեռք բերածը նորովի վերարժևորելու ու հաջողությունը շարունակելու կարևոր նախապայման: Նրա խոսքով՝ մրցույթի նպատակն է բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Նախարարը կարևորել է, որ այս մրցույթի շրջանակում բուհերի ուսանողների միջև բարձրանա մրցակցությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի նրանց որակական առաջընթացին, հետաքրքրությունների ընդլայնմանը, ինքնադրսևորվելու հնարավորությունների խթանմանը և կարողությունների բացահայտմանը:

«Սիրելի՛ երիտասարդներ, դուք մարմնավորում եք մնացած բոլոր լավագույն ուսանողներին, քանի որ մեր հպարտությունը հանդիսացող ուսանողական բազմահազարանոց հանրույթը չի սահմանափակվում ներկա 34 ուսանողով. նրանք, վստահաբար, ավելի շատ են: Դուք եք մեր երկրի տերը, այն հզորացնող ուժը, մեր ապագան. կցանկանայի, որ յուրաքանչյուր երիտասարդ ունենար այս գիտակցումը: Ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր լավագույն գործընկերն ենք, աջակիցն ու հովանավորը: Ջանք մի՛ խնայեք ձեր նախընտրած ոլորտում կայանալու, նոր ասելիքով հանդես գալու, լավագույն ապագան կերտելու համար: Հատկապես մասնագիտական գործունեության դաշտում մեր երկրի առջև դրված խնդիրները պարտավոր ենք լուծելու, որպեսզի մեր ժողովուրդն ավելի բարեկեցիկ ապրի: Խոր ցավով եմ նշում, որ մեր ուսանողներից շատերն իրենց կյանքը չխնայեցին և հերոսացան Արցախյան պատերազմներում: Դուք այժմ կրկնակի եռանդով պետք է աշխատեք՝ տեր լինելով նաև նրանց գաղափարներին»,- նշել է նախարարը՝ ուսանողներին մաղթելով անսպառ եռանդ, բարձր պատասխանատվություն, սեր, նվիրում և մեծամեծ նվաճումներ նախընտրած ոլորտում։

Լավագույն ուսանողներին ողջունել են նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:
Լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների հավաստագրերը, ինչպես նաև նախարարության դրամաշնորհով տպագրված նվերները՝ գրքերը, հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Այս պարգևն ինձ համար խթան կհանդիսանա, որպեսզի բոլոր ուժերս ուղղեմ մեկ հիմնական նպատակի, այն է՝ զինվել գիտելիքների մեծ պաշարով: Այսօր ինձ համար նոր սկիզբ է՝ գնալ իմ ընտրած լուսավոր ճանապարհով և դառնալ լավագույն մանկավարժներից մեկը»,- մեզ հետ զրույցում մրցույթից ստացած իր տպավորություններն է արտահայտել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի ուսանողուհի Ջուլիետա Մանուկյանը:

Գավառի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի ուսանողուհի Մանե Դևոյանի խոսքով՝ մրցանակը խթան է ոչ միայն հաղթողների, այլև մրցույթից դուրս մնացած ուսանողների համար, որպեսզի նրանք հետագայում ավելի մեծ ջանասիրությամբ տրվեն համալսարանական աշխատանքին. «Այս մրցանակն ինձ համար մեծ նշանակություն ունի հետագայում նոր հաղթանակների հասնելու համար: Վստահ եմ, որ նման հաղթանակներ տեսնելուց հետո բոլոր ուսանողների շրջանում կմեծանա մրցույթին մասնակցելու և հաղթելու ձգտումը»:

Գորիսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողուհի Հայկուշ Արզանյանը վստահեցնում է՝ մրցույթն ազդակ է բոլոր ուսանողների համար առավել խորքային զբաղվելու հետազոտական աշխատանքով և ուսումնառության ընթացքում ակտիվ լինելու:

«Այս մրցույթը նոր խթան է մասնագիտական որակներում գագաթնակետին հասնելու առումով, որովհետև մեր հանրապետությունն այսօր լավագույն մասնագետների կարիք ունի: Կարևորում եմ, որ մրցույթի արդյունքում խրախուսվում են ոչ միայն առաջադիմությունը, այլև հասարակական և գիտական ակտիվությունը, որը ոչ միայն մասնագիտական որակների, այլև անձի՝ որպես անհատի կայացման գործում մեծ նշանակություն ունի»,- ասում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Նարեկ Շալունցը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Սամվել Եղիազարյանն արդեն երկրորդ անգամ է արժանանում «Լավագույն ուսանող» մրցանակին: Նա ասում է, որ այս մրցույթում հաղթելն իր համար նոր խթան է գիտության բնագավառում նվաճումներ գրանցելու համար. «2 տարի առաջ շահած մրցանակը դրական առումով մեծ բան է փոխել իմ կյանքում և պարտավորեցրել ավելի մեծ ձգտումներ ունենալուն: Եվ այս ամենի «մեղավորը» դրական առումով ԵՊՀ-ն է, որի դասախոսները ջանք ու եռանդ չեն խնայում յուրաքանչյուր ուսանողի կրթելու և առաջ տանելու համար»:

Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներից և ուսանողներից բաղկացած տրիոյի և վոկալ կվարտետի կատարումներով:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28