«Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջնահերթությունները սահմանադրական բարեփոխումներում
Այսօր վերսկսվում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը: 11 անդամներից բաղկացած Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին գործերից է լինելու մասնագիտական հանձնաժողովի ընտրությունը, որը, իր հերթին, պետք է մասնագիտական աջակցություն ցուցաբերի խորհրդին:
Խորհրդի հիմնական գործառույթներն են լինելու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների նշմարումներն ու սահմանումը, ինչպես նաև հանրային քննարկումների իրականացումը:
Խորհրդի կազմում, բացի իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներից, ներգրավված են նաև արտախորհրդարանական ընդդիմության 2 և քաղաքացիական հասարակության 3 ներկայացուցիչ (այդ թվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումից»): Ցավոք, խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին մասնակցելուց:
Կարդացեք նաև
«Իրազեկ քաղաքացիների միավորումը», Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ներգրավվելով, հետապնդում է երկու նպատակ: Առաջինը գործընթացի ներառականությունն ու հանրային մասնակցությունն է, երկրորդը՝ որոշ սահմանադրական կարգավորումների բարեփոխման առաջմղումը:
Հանրային մասնակցությունը
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը պետք է լինի առավելագույնս ներառական: Հանրության բոլոր խավերը պետք է կարողանան ներկայացնեն իրենց առաջարկները, ու այդ առաջարկները պետք է կա՜մ ընդունվեն, կա՜մ պատշաճ ու հասկանալի պատճառաբանված մերժվեն: Այս մասով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներդնելու է իր ամբողջ փորձը՝ հանրությանը գործընթացին ներգրավելու համար:
Գործընթացի սահմաններում գեներացվելու է հանրային հարաբերությունները կարգավորող գլխավոր փաստաթուղթը: Հետևապես, հանրային առավելագույնս լայն շերտերի համար պետք է հասկանալի ու ընդունելի լինեն սահմանադրական բոլոր կարգավորումները՝ թե՛ առանձին-առանձին և թե՛ որպես մեկ միասնություն (Սահմանադրության շարադրանք):
Հավատացած ենք, որ միայն այդպես կարելի է հասնել նրան, որ Սահմանադրությունն ընդունվի հանրաքվեի միջոցով, իսկ հանրությունում լինի ամբողջական ըմբռնում, որ հանրային հարաբերություները կարգավորվում են ոչ թե ինչ-որ մեկի պարտադրած, այլ հենց հանրության կողմից ընդունված կանոններով:
Հայեցակարգային առաջնահերթությունները
Չթերագնահատելով սահմանադրական բոլոր կարգավորումների կարևորությունը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» առանձնացրել է իր համար առաջնահերթ հայեցակարգային ուղղությունները, որոնք առաջ են մղվելու բարեփոխումների այս խորհրդում:
Իշխանությունը քաղաքացուն պատկանելն ապահովող կարգավորումներ
Թեև մայր օրենքով ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն դրա իրականացումն ապահովող սահմանադրական կարգավորումները մի շարք բարելավումների կարիք ունեն:
Այդպիսի կարգավորումների թվին են պատկանում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման հարցերը. ո՞ր մարմինները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից, որոնք՝ ոչ, ովքե՞ր ու ո՞ր տարիքից ունեն ընտրելու իրավունք, ովքե՞ր ունեն ընտրվելու իրավունք, ի՞նչ կարգով է այս կամ այն մարմինն ընտրվում և այլն:
Այստեղ նաև էական են հանրային կյանքի առանձին որոշումների կայացման կարգերը. ո՞ր հարցերը պարտադիր պետք է հանվեն հանրաքվեի, ինչպիսին են լինելու ստորագրահավաքով օրենսդրական փոփոխությունների ու հանրաքվեների նախաձեռման կարգավորումները, սահմանադրության փոփոխության ընթացակարգերը և այլն:
Իշխանությունների տարանջատումը և փոխզսպումը
Հայաստանի սահմանադրական կարգավորումները մի շարք խնդիրներ են հարուցում հանրային իշխանության մարմինների թե՛ արդյունավետության, և թե՛ փոխզսպման տեսանկյունից:
Մի կողմից գործադիր իշխանության որոշ գործառույթներ վերցված են գործադիրից: Նման վառ օրինակ է բարձրաստիճան զինվորականության նշանակել-ազատելը, որն անհրաժեշտ է զուտ գործադիր գործառույթ հանդիսացող պաշտպանության իրականացման համար, բայց վերապահված է նախագահին, որը գործադիրի մաս չէ: Հետևապես՝ կարևոր է ունենալ այնպիսի սահմանադրական կարգավորումներ, որ իշխանության ամեն ճյուղը կարողանա անխոչընդոտ իրականացնել իր գործառույթները, և իշխանության մի ճյուղը չմտնի մյուսի տիրույթ:
Մյուս կողմից, գործադիրն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը, գործող կարգավորումներով, չափազանց մեծ մասնակցություն ունեն անկախ մարմինների ձևավորմանը, որը, անխուսափելիորեն, ազդում է այդ մարմինների՝ գործադիրից ու իշխող քաղաքական ուժերից անկախության աստիճանի վրա: Այդպիսի մարմինների թվին են պատկանում դատարանները, դատախազությունը, ընտրական ու հակակոռուպցիոն մարմինները և այլն: Արդ, կարևոր է, որ մայր օրենքի կարգավորումները նախատեսեն գործադիր իշխանության ու քաղաքական մեծամասնության նվազագույն մասնակցություն անկախ մարմինների ձևավորման գործընթացում:
Այդուհանդերձ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի սահմանափակվելու միայն այս կարգավորումների առաջմղմամբ, այլ առաջ է մղելու հանրությունից եկած ցանկացած առաջարկ, որը կհամարի հիմնավոր ու ժողովրդավարական արժեքներից բխող:
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Իրազեկ քաղաքացիների միավորում