Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հոդվածի առկայությունն ինքնին խայտառակություն է». Ռուբեն Մելիքյան

Փետրվար 04,2022 16:23

Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից ՀՀ քր.դատ.օր. 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացվել է գրություն, որ Արմինե Ադիբեկյանը հունվարի 19-ին Politik.am կայքում Բորիս Մուրազիի հետ հարցազրույցի ժամանակ ծանր վիրավորանք է հասցրել: Ըստ նույն աղբյուրի, նյութեր են նախապատրաստվում:

Aravot.am-ի հետ զրույցում Արմինե Ադիբեկյանն ասաց, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն կարող ենք ստանալ իր պաշտպան Ռուբեն Մելիքյանից: Իր ֆեյսբուքյան էջում տիկին Ադիբեկյանը գրել է․ «Մի հարց ՀՀ ոստիկանությանը, ո՞ւմ եմ վիրավորել և ո՞վ է չափել ծանրության մակարդակը, կարո՞ղ եք մանրամասնել։ Իմ հայտնաբերության ուղղությամբ միջոցառումների շրջանակում կարող եք դիմել Մասիվի քննչական, ձեզ կպատմեն, որտեղ կարող եք ինձ գտնել»։

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Aravot.am-ին հետեւյալը փոխանցեց. «Ձեզանից եմ տեղեկանում դրա մասին, մեզ հետ որեւէ կերպ չեն կապվել, մեր բոլոր տվյալները ՀՀ իրավապահ մարմիններն ունեն: Եթե ինչ-որ հարց ունեն տիկին Ադիբեկյանին, կարող են իր հետ կապվել եւ հավասարապես կարող են նաեւ ինձ հետ կապվել: Եթե լրացուցիչ հարցեր կան պատրաստ ենք դրանք լսել եւ մեր իրավունքներից օգտվելով՝ արձագանքել կամ չարձագանքել, որովհետեւ մեր կարծիքով՝ սա այն իրավիճակն է, որը պահանջում է հրապարակային դատավարություն: Մենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ ենք դատարանում մեր բոլոր փաստերը ներկայացնել: Իսկ մինչ այդ, մեր իրավապահ մարմինները թող վարվեն այնպես, ինչպես կցանկանան»:

Այնուհետեւ պարոն Մելիքյանը հավելեց. «Նախ ես պարտքս եմ համարում նաեւ վերահաստատել իմ հստակ մոտեցումը, որ այս հոդվածի առկայությունն ինքնին խայտառակություն է, դա անգամ եվրոպացիներն են վերջին ԵԽԽՎ զեկույցում արձանագրել։ Երկրորդ՝ այս հոդվածը, բացի խայտառակություն լինելուց, նաեւ չարաշահվում է, կիրառվում է երկակի ստանդարտներով եւ նպատակ է հետապնդում լռեցնել իշխող քաղաքական ուժի ընդդիմախոսներին:

Երրորդ՝ այս հոդվածը ոչ միայն կիրառվում է երկակի ստանդարտներով քրեական գործերի հարուցման տեսանկյունից, անհասկանալի է, թե որտեղից է մեր ոստիկանությունը ստանում նման տեղեկություններ: Առնվազն մի դեպք ունենք, երբ դա անանուն աղբյուրից էր մեր ոստիկանությանը հասել՝ e-mail-ի ձեւով:

Քրեադատավարական խտրականություն նույնպես կիրառվում է, որովհետեւ բոլոր այդ դեպքերում, երբ ենթադրյալ ծանր վիրավորանքը վերաբերվում է մեկ այլ անձի, քան Նիկոլ Փաշինյանն է, այդ թվում նաեւ ՔՊ-ականներն են, ապա պարտադիր այդ մարդիկ ճանաչվում են որպես տուժող, իսկ եթե Փաշինյանն է, ոչ մի կերպ տուժող չեն ճանաչվում: Սա կոպիտ ապօրինություն է, որովհետեւ տուժող ճանաչվելը ոչ միայն ենթադրյալ տուժողի, այլեւ մեղադրյալի շահերից է բխում: Այս ամենը բերում է հետեւության, որ մենք գործ ունենք ոչ թե իրավական, այլ իրավականից շեղված քաղաքական գործընթացի հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28