Լրահոս
Օրվա լրահոսը

2021 թ. պետպատվերի շրջանակներում Հայաստանում ճառագայթային բուժում է ստացել շուրջ 2500 բուժառու. քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Փետրվար 04,2022 16:19

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտությունների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։

Այս տարվա կարգախոսն է. «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն և  հավասարություն»։

2020 թվականին Հայաստանում  քաղցկեղով հիվանդացությունը (առաջնակի ախտորոշված) կազմել է 6934 դեպք, իսկ մահացությունը` 5367 դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 14.8%: Այն զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (54.7%, 2941 դեպք, կանայք`45.2%/2434):

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2018-2019թթ. տվյալներով` Հայաստանում քաղցկեղից վաղաժամ (մինչև 65 տարեկանների շրջանում) մահացության ցուցանիշը կազմել է` 71 (ըստ 100 հազար բնակչի), իսկ բոլոր տարիքային խմբերում` 166, որը ավելի ցածր է, քան Հունգարիայում (99 և 212), Խորվաթիայում (83 և 200), Սերբիայում (96 և 196), Ռումինիայում (93 և 182), Ռուսաստանի Դաշնությունում (76 և 155) Լիտվայում (79 և 176), Լեհաստանում (76 և 180), Մոլդովայում (83 և 157) (“Health for All” WHO)։

Տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի քաղցկեղները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի: Վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները:

Իրականացվող ծրագրերը

2015 թվականից մեկնարկել է 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը: Մեկնարկից մինչև 2021թ. տարեվերջ  իրականացվել է 328 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն, որից 28671-ը` նախորդ տարի: Կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը` 2022 թվականին սքրինինգային հետազոտությունները շարունակվելու են:

2019 թվականից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։

2021 թվականից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը, որի շրջանակներում Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ: Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում շարժական մամոգրաֆով սպասարկվել է 6961 կին: Ախտորոշումը հստակեցնելու նպատակով 511 կին (7.4%) ուղեգրվել է լրացուցիչ հետազոտությունների: Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ)աջակցությամբ: 72 կնոջ (1.1%) մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է և 66 պացիենտի տրամադրվել է անվճար մասնագիտացված բուժօգնություն: 2022-ի հունվարից շարժական մամոգրաֆը տեղակայվել է Տաշիրի պոլիկլինիկայի տարածքում, փետրվարին այն կտեղափոխվի Ալավերդի, ապրիլին` Տավուշի մարզ, այնուհետև՝ Սյունիք։

Միաժամանակ, կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ շուրջ 210 հաշվառված պացիենտի (68%-ը՝ 28-50 տարեկան, 11%-ը` 50-60 տարեկան, 21%-ը` 60-65 տարեկան) անվճար տրամադրվել է շվեյցարական նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ 600մգլ» (հերցեպտին) դեղը` յուրաքանչյուրին ամբողջ բուժման համար անհրաժեշտ քանակով, ինչի շնորհիվ բարելավվել է նրանց կյանքի որակը:

2021 թվականի ընթացքում պետական պատվերի շրջանակներում Հայաստանում ճառագայթային բուժում է ստացել շուրջ 2500 պացիենտ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել է հաստ աղու քաղցկեղի սքրինինգ, որի ընթացքում հետազոտվել է մոտ 699 պացիենտ, որոնցից 81-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։

Այս տարի նախատեսվում է նաև փորձարարական կարգով ներդնել կոլոռեկտալ քաղցկեղի  սքրինինգային ծրագիրը` պետության աջակցությամբ։

Քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ

  • Չ՛ծխել
  • Հետևե’ք քաշին, խուսափե՛ք գերքաշությունից, ճարպակալումից
  • Զբաղվե՛ք ֆիզիկական ակտիվությամբ. շատ քայլելը նպաստում է քաղցկեղի ռիսկի նվազեցմանը
  • Սննդակարգը հարստացրե՛ք  հատիկեղենով, բանջարեղենով, մրգերով և լոբազգիներով
  • Խուսափե՛ք յուղոտ, օսլայի և շաքարի բարձր պարունակությամբ արագ պատրաստվող սննդատեսակներից (fast food),
  • Սահմանափակե՛ք շաքար պարունակող ըմպելիքը և ալկոհոլի օգտագործումը
  • Սահմանափակե՛ք կարմիր (տավարի, խոզի և գառան) և վերամշակված մսի օգտագործումը
  • Խուսափե՛ք սննդային հավելումներից
  • Կրծքով կերակրումն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
  • Քաղցկեղ ախտորոշվելուց հետո` հետևե՛ք բժշկի խորհուրդներին:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28