Կյանքի 64-րդ հասակում մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ Մահվան պատճառ է հանդիսացել կոկորդի քաղցկեղը։
ՀՀ ժողովրդական արտիստ (2011) Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին Երևանում:
Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։
Կարդացեք նաև
1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։
1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։
1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է։
1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։
2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։
Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։
Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:
Մրցանակներ, պարգևներ
1996 թ. -Մովսես Խորենացու մեդալ
2005 թ.- ԼՂՀ մեդալ
2005 թ. -«Վաչագան Բարեպաշտ» մեդալ
2008 թ. -«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
2003 թ. -ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
2011 թ. -Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից: