Օրերս ադրբեջանական սոցցանցերի տիրույթում, ըստ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, հայտնվել է Հագարի գետի վրա կամրջի շինության լուսանկար: Կամուրջն, ըստ աղբյուրի, հանդիսանալու է Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի հատված:
«Առավոտ»-ը, թեմայի առնչությամբ այսօր հարց ուղղեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային՝ նրա ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակներում, առ այն, թե համապատասխանու՞մ են, արդյոք, իրականությանը պնդումները, որ այդ ճանապարհի շինարարությունը նախաձեռնել ու սկսել է հենց ռուսական կողմը և, արդյոք նման այլընտրանքային երթուղու ի հայտ գալուց հետո, այնտեղ կկիրառվե՞ն նույն սահմանափակումներն ու կանոնները, որոնք այսօր գործում են Լաչինի միջանցքի նկատմամբ:
«Այդ հարցի հետ կապված այս պահին ես դեռ չունեմ տեղեկատվություն: Ես տեսել եմ ինչ-որ հաղորդագրություններ թեմայի վերաբերյալ, մենք այդ հարցը ուշադրության կենտրոնում ենք պահում և, հենց լինեն կոնկրետ տվյալներ՝ ես ձեզ հետ կկիսվեմ դրանցով, անպայման: Բայց այս պահին նման տեղեկատվություն չկա», – ի պատասխան «Առավոտի» հարցադրմանը՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքին այլընտրանքային երթուղու շինարարությունը նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով, որտեղ ասված է, որ երեք տարվա ընթացքում պետք է որոշակիացվի Լաչինի միջանցքին այլընտրանքային նոր երթուղու կառուցման նախագիծը, որն ապահովելու է Հայաստանի և Արցախի միջև ճանապարհային հաղորդակցությունը: Ռուս խաղաղապահները, ըստ հայտարարության տեքստի, պետք է տեղակայվեն հիշյալ հատվածի վրա՝ այն վերահսկելու նպատակով:
Կարդացեք նաև
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մոսկվա