Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ չասեմ, մեծ ցավ եմ ապրում, որ մարդիկ կամովին կամ ստիպված նման բան են ասում: Որևէ արդարացում չկա». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ականների՝ Արցախի կարգավիճակի հարցով կարծիքների առիթով

Փետրվար 04,2022 15:20

«Այս հայտարարություններն աներևակայելի, անասելի են: Մեր ամբողջ գիտակցական կյանքի պայքարը եղել է նրա համար, որ Արցախը գտնի իր ազատությունը, իր իրավունքի իրացումը»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն թեզերը, որոնք առաջ են տանում ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչները, համաձայն որոնց՝ չի կարելի խոսել Արցախի կարգավիճակի մասին Ադրբեջանի սահմանից դուրս, այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՀՀ առաջին ԱԳ նախարարի փաստմամբ՝ այդ պայքարը ոչ միայն իր ու իր ընտանիքի վերադարձն է Հայաստան, այլև մեր հայ ժողովրդի ինքնության պայքարն է եղել: Նա վրդովվեց. «Ոչ մեկն այդ պայքարն իրավունք չունի հարցականի տակ դնել: Ես թույլ չեմ տա: Հայ ժողովուրդը պիտի որոշի, թե իր արժանապատվության բաժակը երբ կլցվի: Կարծում եմ՝ այդ հայտարարություններն անթույլատրելի են, հակասում են նույն այդ ասողների սեփական ասածներին թեկուզ երկու տարի առաջ: Ես նաև իրենց արժանապատվությունն եմ  պաշտպանում, երբ ասում եմ, որ սխալ են ասում: Ամոթ է, որ մենք պետք է ասենք, թե Արցախը հայկական է, քանի որ դա մեր ամբողջ ինքնության պայքարն է: Դա պիտի շարունակենք ի հեճուկս իրենց խոսքի, որ, ցավոք սրտի, հիմա ժամանակավորապես պետական կնիք ունի վրան: Եվ ահավոր է, որ մենք այս փուլը պիտի ապրենք ու հաղթահարենք: Դա ավելի մեծ պատնեշ ու խոչընդոտ է, քան թշնամու խոչընդոտը: Այո, փխրուն է անվտանգության վիճակը, անցումը լինելու է վտանգավոր, գիտեմ՝ ճնշումները շատ են, բայց ոչ մեկը, ոչ մի հայ մարդ պարզապես իրավունք ու հիմք չունի նման բան ասելու: Ամոթ չասեմ, մեծ ցավ եմ ապրում, որ մարդիկ, որոնք իրենց մտքով լավ բանի համար պայքարել են, կամովին կամ ստիպված նման բան են ասում: Որևէ արդարացում դրա համար չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28