Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է. քաղաքապետը ծանոթացել է աշխատանքների ընթացքին

Փետրվար 04,2022 15:24

Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է:

Նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարությունն ընթանում է ամբողջ թափով:

Բաբաջանյան – Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24մ: Այն ունի 7 ուղեանց, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:

«Բավականին լավ համագործակցություն եղավ ֆրանսիական նախագծող կազմակերպության, իսպանական, վրացական կազմակերպությունների, ինչպես նաև մեր տեղական կապալառուների հետ: Պետք է նշեմ նաև, որ բավականին լավ արդյունք ունենք, աշխատանքներն ընթանում են ըստ նախանշվածի, խնդիրներ չունենք և ակնկալում ենք, որ արդեն մայիսին ամբողջությամբ կբացենք: Արդյունքում կունենանք մեկ ընդհանուր ճանապարհ, որը հնարավորություն կտա շրջանցել Երևանի կենտրոնական փողոցները»,- նշել է քաղաքապետը:

«Կամրջի շինարարությունը գրեթե ավարտել ենք: Եվրոպական չափանիշներին համապատասխան կառույց է: Վստահաբար կարող եմ ասել, որ գործող ճանապարհից այն ավելի ապահով կլինի և որ կարևոր է՝ վարորդների համար զգալիորեն կկրճատի Արգավանդից Շիրակ տեղափոխվելու ճանապարհահատվածը: Շատ հպարտ եմ, որ ավարտին ենք հասցնում այս մեծ նախագիծը: Շատ դժվար էր աշխատել քովիդի և պատերազմական իրավիճակի պայմաններում, բայց լավ թիմի ու համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացանք հասնել արդյունքի»,- ասում է վերահսկող կազմակերպության անձնակազմի ղեկավար Պիեր Մորիսը:

Կարևոր այս նախագծի իրագործումը որքան պատասխանատու էր շինարարների համար, նույնքան էլ՝ քաղաքային իշխանությունների: Ճանապարհաշինության ընթացքում եղան նաև անհանգստություններ որոշ քաղաքացիների կողմից: Նախագծում նրանց առաջարկով փոփոխություններ արվեցին:

«Բոլոր մեծածավալ շինարարությունները ենթադրում են որոշակի դժվարություններ, և այս ճանապարհահատվածի շինարարության պարագայում էլ առանց երթևեկության կազմակերպման փոփոխության հնարավոր չէր աշխատանքներ իրականացնել: Շնորհակալություն եմ հայտնում մեր համաքաղաքացիներին՝ համբերատար լինելու համար. ծրագիրն իրականացվեց, ճանապարհը կառուցվեց: Մի քանի ամսից արդեն ճանապարհը բաց կլինի շահագործման համար, և բոլորը կզգան, թե որքան հարմար է երթևեկել նոր ճանապարհով»,- ասել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տեխնիկական մասնագետ Վարդան Կարապետյանը:

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով համայնքն այսօր տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում`ճանապարհաշինությունից ավտոբուսների հավաքակազմի համալրում, տրանսպորտի համակարգման կենտրոնի ստեղծում ու լուսացույցների կառավարում: Արդեն իսկ բանակցություններ են ընթանում կառավարության հետ՝ ևս մեկ՝ Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատված կառուցելու նպատակով:

«Այս պահին բանակցում ենք «Սիմենս» կազմակերպության հետ, որպեսզի մոտ ժամանակներս լուսացույցների համատեղ կառավարման փորձնական համակարգ ներդնենք մի քանի խաչմերուկներում, և եթե ամեն ինչ հաջող ընթանա, կսկսենք փուլ առ փուլ շարժվել առաջ: Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մենք որոշ աշխատանքներ կատարել ենք և շարունակում ենք իրականացնել: Մոտ ժամանակներս արդեն, կարծում եմ, եվրոպական արտադրության ավտոբուսների ձեռքբերման մրցույթը կայացած կլինի, և ակնկալում ենք, որ 2022թ. արդեն դրանք կլինեն Երևանում: Կարծում եմ՝ այս ծրագրերով հնարավորություն կունենանք վերափոխելու Երևանն ու դարձնել մարդակենտրոն և հարմարավետ՝ քաղաքացիների համար»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող նոր ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Անընդհատ երթևեկությամբ այն կապ կհաստատի Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28