Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատապ քայլեր ձեռնարկել զինված ուժերում զինծառայողների մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի մթնոլորտի, զինվորական կարգապահության վերականգնման ուղղությամբ. ՀՔԱՎ

Փետրվար 04,2022 15:16

2022 թվականի փետրվարի 2-ին համացանցում տարածվեց տեղեկություն, որ Կապանի զորամասերից մեկի զինծառայողը թողել է զորամասի տարածքը, փախել է անհայտ ուղղությամբ, թաքնվել է՝ զորամասում իր նկատմամբ կիրառված շարունակական ու անպատիժ, մարդկային արժանապատվությունը նվաստացնող գործողությունների՝ ծեծի, բռնությունների, սննդից զրկելու և այլ գործողություններից ազատվելու պատճառով։ Ըստ նորակոչիկի տատիկի խոսքերի՝ իր թոռը մնալով անտառներում՝ մեկ օր անց զանգահարել է եւ հայտնել իր գտնվելու վայրի մասին:

Ըստ զինծառայողի պապիկի՝ լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունների՝ բացի իր թոռից, ազգությամբ եւս մեկ եզդի զինծառայողի նկատմամբ ճնշում են գործադրել զորամասի սպաները. չեն թույլատրել ճաշարան ու զորանոց մտնել, և զինծառայողները ստիպված են եղել ձմռան այս ցուրտ եղանակային պայմաններում երկար ժամանակ մնալ դրսում։

Զինված ուժերում սպաների եւ ծառայակիցների կողմից զինծառայողների նկատմամբ խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ դրսևորումները, ճնշումները, բռնությունները, կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով սպանությունները, ինքնասպանությունները, ցավոք, եզակի կամ բացառիկ երեւույթ չեն։

Մեր կազմակերպությունը վերջին ամիսներին ահազանգեր է ստանում տարբեր զինծառայողներին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ վատ վերաբերմունք դրսեւորելու դեպքերի վերաբերյալ, սակայն այդ մասին զինծառայողները եւ նրանց ծնողները խուսափում են բարձրաձայնելուց: Ցավոք, շարունակում է քաղաքացիների մոտ պահպանվել զինվորական ծառայության հետ կապված իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգելուց, բողոքարկելուց խուսափելու վարքագիծը, որը հետևանք է հետապնդվելու, պաշտպանվածության և անվտանգության խոցելիության զգացման և իրավական գործընթացների ու ինստիտուտների հանդեպ չհաղթահարված անվստահության։

ՀՀ Կառավարությունը, պաշտպանության նախարարությունը զինված ուժերի բարեփոխումների վերցրած հանձնառությունը չի կարող իրականացնել զինծառայողների իրավունքների, նրանց մարդկային արժանապատվությունը նվաստացնող նման դրսևորումների պայմաններում։

Իրավունքների անպատիժ խախտման պայմաններում որևէ բարեփոխում չի կարող վստահելի ու արդյունավետ լինել, բարեփոխումները պետք է հիմնված լինեն զինծառայողների՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, երաշխավորման սկզբունքների հիման վրա։

Դատապարտելով Կապանի զորամասում տեղի ունեցած դեպքը և զինված ուժերում մարդու իրավունքի անպատիժ խախտման ցանկացած դրսեւորում՝ պահանջում ենք

  • Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբից եւ պաշտպանության նախարարությունից հրատապ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել զինված ուժերում զինծառայողների մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի մթնոլորտի, զինվորական կարգապահության վերականգնման ու պահպանման ուղղությամբ՝ բացառելով ցանկացած հատկանիշի հիման վրա խտրականության որևէ դրսևորում,
  • Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից իրականացնել օբյեկտիվ, լրիվ եւ արդյունավետ քննություն դեպքի հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28