«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում գինը դե յուրե սահմանն է, Կարսի ու Մոսկվայի ապօրինի պայմանագրերն են: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը նախանշեց այն հարցերի շրջանակը, որոնք կարող են հայ-թուրքական հարաբերություններում առաջանալ:
Նա մասնավորապես նշեց. «Ունենք ցեղասպանության և հայրենազրկման հարցերի լուծման և հայ ժողովրդի իրավունքների վերականգնման խնդիր: Բայց ես դա չեմ կապում դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ: Այսքան կորստից, ցավից հետո մեր իշխանությունը կողմ է եղել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա. դեսպանությունները թող բացվեն, տարիների ընթացքում բաժանարար հարցերը թող քննարկվեն ու լուծվեն, բայց թող ոչ մեկը հենց այնպես չասի սովետական սահման է, կամ ցեղասպանություն, միջազգային ճանաչումը 110 տարի է: Այս պատերազմն էլ մեկուկես դարից կդառնա տասը տարի, հետո հարյուր տարի է դառնալու Շուշին, Հադրութը, պետք է մի օր էլ մեկը ասի՝ այս պատերազմից անցել է հարյուր տարի… Իրենց գինը ո՞րն է. դե յուրե սահմանն է, Կարսի ու Մոսկվայի ապօրինի պայմանագրերն են, իրենց գործած մեղքն է պատմության մեջ, իրենց ժամանակակից ժողովրդավարական, եվրոպական երկիր դառնալն է, իրենց առերեսումն է պատմության հետ, իրենց զարգացած, լիդեր պետություն դառնալն է: Ես չէ, որ պետք է իրենց համար լուծումներն այդ տամ, թե որն է գինը: Ես իրենց բարոյախոսը չեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ