Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապահովագրական ընկերությունները մոտ 4 մլն դոլար վճարում են ծրագրային ապահովման համար, այստեղ կոռուպցիոն ռիսկ ենք տեսնում»․ Արտակ Խաչատուրով

Փետրվար 04,2022 14:48

«ԱՊՊԱ-ն չի թանկանալու» նախաձեռնության անդամները շարունակելու են բողոքի ցույցերը, ինչպես նաեւ՝ ԿԲ-ի եւ ապահովագրողների բյուրոյի նկատմամբ ճնշումները։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամներն ասացին, որ երկուշաբթի օրը բողոքի ցույց են անելու բյուրոյի շենքի դիմաց, դիմել են համապատասխան մարմիններին՝ ցույցն արտոնելու համար։

«Եթե ցույցը չարտոնեն՝ կմտածենք, թե ինչ մեթոդներով կանենք մեր անհնազանդության ցույցերը, իսկ այդ ամենի պատասխանատվությունը թող մնա ապահովագրողների բյուրոյի վրա»,-ասաց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը։

Նա ասաց, որ իրենց պահանջը նույնն է՝ ԱՊՊԱ պայմանագրի թանկացման որոշումը բյուրոն կայացրել է առանց հանրային քննարկման եւ իրազեկման, ուստի պահանջում են կասեցնել այդ որոշումը, շահագրգիռ կողմերի հետ սկսել փաթեթի շուրջ քննարկումները։

Ըստ այդ որոշման, ԱՊՊԱ պայմանագիրը թանկանում է տարեկան 3 հազար դրամով, սակայն բոնուս-մալուս համակարգում էլ փոփոխություն է կատարվել, որով որոշակի գումարի վթարի եւ հատուցման պարագայում վարորդի հաջորդ ԱՊՊԱ պայմանագիրը զգալիորեն թանկանում է։

Նախաձեռնության անդամները գտնում են, որ բյուրոյի այս որոշումն անարդար է, նրանք գտնում են, որ եթե վարորդը վթար է անում, թող այլ մեխանիզմ կիրառեն նրա համար, ոչ թե նման մեծ ֆինանսական տույժ դնեն։

«Միակ դրական փոփոխությունն այն է, որ եթե նախկինում մինչեւ 100 հազար դրամ էր վթարի հատուցման վնասը, մալուսային չորս դաս էր կիրառվում, հիմա՝ երեք դաս։ Այսինքն՝ նախկինում 15 հազար դրամով էր թանկանում ԱՊՊԱ-ն, հիմա՝ 13 հազար»,-ասաց Արտակ Խաչատուրովը։

Նախաձեռնության անդամների կարծիքով՝ այս փոփոխությունը վերադարձնելու է նախկին բարքերը, երբ դեռ ԱՊՊԱ չկար․ «Վթարի ժամանակ վարորդներն իրար մեջ պայմանավորվելու են, առձեռն գումար են տալու իրար, մենակ թե ԱՊՊԱ չկանչեն, որ հաջորդ պայմանագիրը չթանկանա։ Բացի այդ, նաեւ փորձելու են օրենքը շրջանցել, ասենք՝ վարորդները մեքենան անվանափոխում են կնոջ անունով, կամ մեկի անունով, որը վթար չի ունեցել, ու հանգիստ կվարի, հենց վթար արեց, իր փոխարեն կհատուցեն, մալուսային դասը կբարձրանա տվյալ անձի համար, հետո այդ վարորդը անվանափոխում է արդեն իր անունով»։

«Ապահովագրական բյուրոն այդ որոշումը կայացրել է հատուցումների ծավալից ելնելով, դա էլ կապված է եղել վթարների քանակի հետ։ Մենք էլ ասում ենք՝ դիմեք օրենսդիր կամ այլ մարմիններին, թող հարցին լուծում տան, ճկուն մեխանիզմ առաջարկեք, թող իրենք էլ կիրառեն։ Բայց իրենք ինքնագլուխ որոշում են կայացնում, քաղաքականություն որոշում, ինչի այդ առաքելությունը չունեն։ Դա նույնն է, որ բանկը քաղաքացիների համար բանկային գործից դուրս վարքագծային կանոններ սահմանի, օրինակ ասի՝ գույքահարկի պարտք ունենաս, քո տոկոսները կբարձրանան, տույժ կկիրառենք, կհամարվես անբարեխիղճ հարկ վճարող»,-ասաց Արտակ Խաչատուրովը։

Նրա խոսքով՝ ապահովագրական ընկերությունները դժգոհում են, թե հատուցման գումարները չեն բավականացնում․ «Իրենք իրենց շահույթից վճարում են ապահովագրական բյուրոն սպասարկելու համար, բյուրոն ամբողջովին ֆինանսավորվում է միայն ապահովագրական ընկերությունների վճարած գումարներով։ Օրինակ՝ մի ապահովագրական ընկերություն վճարում է տարեկան 80 միավոր, մյուսը՝ 120, էն մյուսը պակաս, ու ապահովագրական ընկերությունները «գլխացավանք» ունեն՝ հարկեր-տուրքեր, բյուրոն սպասարկելու ծախսեր եւ իրենց սպասարկող ծրագրային ապահովման ընկերության ծախսերը։ Ասում են՝ 80% տալիս ենք հատուցում, 20%-ը՝ վարչական ծախսերն են, այս ծախսերի մեջ ծրագրային ապահովմանը կլորիկ գումար են տալիս։ Նախկինում ծրագրային ապահովման ընկերությունը սպասարկում էր ասենք՝ տասը միավորով, հետո գալիս է նոր ընկերություն ու սպասարկում 110 միավորով, բայց նույն գործառույթն է անում։ Նախկինում բոլոր ապահովագրավճարներից 5%-ը գնում էր այդ ծրագրային ապահովման ընկերությանը, հետո դարձրեցին 7%, հիմա դարձրել են 13% ։ Սա ներքին շրջանառության տեղեկություն է։ Այդ գումարը մոտ 4 միլիոն դոլարից ավել է, այսինքն` մի ընկերությանը տարեկան այդքան գումար են տալիս։ Մենք հենց այստեղ ենք կոռուպցիոն ռիսկ տեսնում։ Ասում ենք՝ այլ ընկերության հետ պայմանագիր կնքեք, ավելի էժան պայմաններով սպասարկի։ 4 միլիոն դոլարն անհասկանալի է, թե ինչի վրա է ծախսվում»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28