Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական զինվորներն եկել են, առոք-փառոք նստել, իսկ մեր ժողովուրդը տանջվում է․ չհասկացա, ինչո՞ւ պետք է այդպես լինի»․ ՄԻՊ

Փետրվար 04,2022 14:34

«Շփման գիծն անցնում է անգամ ՀՀ բնակավայրերի միջով։ Ավելին՝ կան դեպքեր, երբ մարդկանց հողամասերի եւ տների միջով է անցնում։ Մարդու իրավունքների եւ անվտանգության տեսանկյունից եթե պատկերացնենք հայելային հետքաշումը, ապա դա նշանակում է , որ մենք բոլոր տեղերից հետ ենք քաշվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով շփման գծից զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայկական կողմի առաջարկին։

Նա նշեց․ «Իմ հայտարարություններից հետո ես տեսա, որ մի շարք պաշտոնյաներ ասացին, թե դա բնակավայրերին չի վերաբերելու, բայց դա խնդիրը չի լուծում։ Նախ, պարզ չէ, թե ո՞ւր ենք հետ քաշվում, որքա՞ն, ի՞նչ թիկունք ունենք, որ գնանք տեղակայումներ անենք՝ այն էլ ադրբեջանական թշնամանքի եւ ատելության պայմաններում։ Անգամ եթե խոսքն արոտավայրերի եւ հողատարածքների մասին է, ինչպե՞ս է մարդկանց անվտանգությունն ապահովվելու, ի՞նչ միջազգային մոնիթորինգ է լինելու, ադրբեջանական զորքերի տեղակայումները որտե՞ղ են լինելու։ Սա հիմնարար նշանակություն ունի, որովհետեւ նրանք տեղակայվելու են այն վայրերում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ իրենց իրավունքներով հանդերձ։ Այսինքն, մեր քաղաքացիներն էլի մնալու են իրենց լեգիտիմ իրավունքներից զրկված։ Ուստի շեշտը պետք է դնել մարդու իրավունքների, սեփականության օգտագործման իրավունքի վրա»։

Պաշտպանը հարցադրում արեց․ «Քաղաքացին ինչպե՞ս է վերահսկելու, որ մի քանի հարյուր կենդանուց մեկը մի մետր այս կամ այն կողմ չգնա։ Դուք դա պատկերացնո՞ւմ եք։ Ուստի մարդկանց համար պետք է ապահովել հատուկ գոտի, որպեսզի զբաղվեն գյուղատնտեսությամբ։ Միջազգային մոնիթորինգը թող գա, բայց պետք է լինի քաղաքացիների համար անվտանգ գոտի»։

Արման Թաթոյանը շեշտեց՝ իր համար ի սկզբանե ակնհայտ էր, որ Ադրբեջանի իշխանությունը հայելային հետքաշման առաջարկը չի ընդունելու․ «Եթե չեն ընդունում, եկեք մեր քաղաքացիների իրավունքներով շարժվենք։ Ամենայն հարգանքով ԱԳՆ-ի հանդեպ, բայց այս մոտեցումը վտանգում է մարդու իրավունքները․․․գլոբալ հարցերը ճիշտ է պետք օգտագործել։ Ադրբեջանական զինծառայողները եկել են, կներեք արտահայտության համար, առոք-փառոք նստել են իրենց համար, իսկ մեր ժողովուրդը տանջվում է, զրկվում օրինական իրավունքներից։ Չհասկացա, ինչո՞ւ պետք է այդպես լինի։ Որեւէ միջազգային կառույց կարո՞ղ բացատրել՝ սահմանը Շուռնուխում կիսած է հենց բնակավայրի միջով, եւ ամեն օր այդտեղ երեխաներ են խաղում։ Այդ աստիճան միլիտարիզացված գոտում երեխաների շահերն ինչպե՞ս են ապահովվելու։ Այո, խաղաղապահ զորքերը, մեր ԶՈՒ-ն ու ոստիկանները կարեւոր դեր ունեն, բայց այդտեղ երեք երկրի զինված ուժեր կան։ Հեռանկարում խնդիրները մեծանալու են։ Հարցեր կան, որոնք չեմ կարող հրապարակել, բայց արագ եւ թիրախային է պետք գործել, ներկայացնել միջազգային կառույցներին։ Զորքերի հետքաշմամբ էլ ավելի մեծ խնդիրներ կարող են առաջանալ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28