Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանված արցախցիները պահանջում են Հայկ Խանումյանի հրաժարականը. ցույց Արցախի ներկայացուցչության դիմաց

Փետրվար 04,2022 14:08

Հայաստանի հանրապետության կառավարությունը Արցախի ղեկավարության հետ մեզ զրկել են անգամ այն նվազագույն աջակցություններից: Այսօր ասաց տեղահանված արցախցիներից մեկը, որն իրեն բախտակից այլ քաղաքացիների հետ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց խոսքով, անգամ չեն կարողանում վճարել տան վարձերը, կոմունալ վճարները:

Տեղահանված արցախցիներին վրդովվեցրել էր այն, որ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը եթերում հայտարարել է՝ միջազգային կառույցներն էլ են խոչընդոտ հանդիսանում, որպեսզի տեղահանված արցախցիները վերադառնան Արցախ:

«Այսինքն՝ միջազգային կառույցները, որոնք ինչ-որ չափով մեզ աջակցություն են տրամադրում, դրանով խոչընդոտում են, որ մարդիկ գնան Արցախ: Մենք սպասում ենք, մինչեւ Արցախում մեզ համար բնակարաններ կկառուցեն, մենք էլ մեծ հաճույքով կգնանք այնտեղ ապրելու, բայց, քանի դեռ չկա նման բան, մենք չենք կարող վերադառնալ»,-ասում էին նրանք՝ նշելով, որ միջազգային կառույցները մարզերում տեղահանված արցախցիներին վառելափայտով օգնում են կամ կոմունալ վճարումների մի մասը վճարում են: Նրանց խոսքով, միջազգային կառույցները ոչ թե խոչընդոտ են հանդիսանում, այլ օգնում են, որ տեղահանվածները այստեղ գոյատեւեն. «Իսկ երբ մեզ կասեն, որ ձեր բնակարաններն Արցախում պատրաստ են, մենք մեծ հաճույքով կգնանք: Հայկ Խանումյանը պետք է հրաժարական տա, մեր պահանջը հստակ է, մեզ Հայկ Խանումյանի նման պետական չինովնիկ պետք չի»,-ասում էին նրանք:

Արցախցիների բողոքին արձագանքեց ներկայացուցչության Ղազարյան ազգանունով պաշտոնյաներից մեկը: Նա ասաց, որ չի կարող մեկնաբանել Հայկ Խանումյանի՝ հարցազրույցում հնչեցրած մտքերը, եւ որ նա կպարզաբանի՝ ինչ է նկատի ունեցել: Ասաց, որ տեղահանված արցախցիների բողոքը կփոխանցի Արցախի հանրապետության ղեկավարությանը: Ասաց նաեւ, որ ցույցին ներկա շատերի հետ պարբերաբար հանդիպում են, քննարկում են եւ իրենց կարողությունների չափով փորձում են բազմաթիվ խնդիրներ լուծել:

Լեւոն Հայրյան

«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանն էլ ասաց, որ այս հարցում մեղադրել Հայկ Խանումյանին կամ մեկ այլ պաշտոնյայի՝ ճիշտ չէ, որովհետեւ այդ ամենն արդեն կայացած համակարգ է. «Անտարբերություն սեփական ժողովրդի, սեփական հայրենիքի հանդեպ: Այդ անտարբերությունից ծնվեց Հադրութի, Շուշիի, Շահումյանի կորուստը: Եվ այդպես շարունակվելու է: Մեզ միշտ պատասխանում են, որ երկիրը հնարավորություն չունի: Այն եռուզեռը, որ կա փողոցներում՝ սրճարանների, ռեստորանների շարժը, որը ինձնից լավ գիտեք, չի խոսում այն մասին, որ այս երկիրը տնտեսական փոքր հնարավորություններով երկիր է: Խոսում է այն մասին, որ այս երկրի հնարավորություններն օգտագործվում են ոչ ճիշտ: Պատգամավորները ստանում են 650-700 հազար դրամ աշխատավարձ, 250 հազար դրամ գրպանի ծախս, գումարած պարգեւավճարները: Ու այդ պատգամավորները հայտարարում են, որ երկիրը հնարավորություն չունի փախստական պահելու»:

Ինչո՞ւ իշխանությունները չեն դիմում աշխարհին, ասեն՝ ունենք 35 հազար փախստական, չենք կարողանում պահել: Բայց, ըստ Լեւոն Հայրյանի, ոչ մի միջազգային կառույցի չեն դիմում մեր իշխանությունները: Նրա խոսքով՝ չեն ուզում իրենց փախստականի կարգավիճակ տալ. «Պատճառը չեն ասում, ինչո՞ւ չեն ուզում Արցախի կարգավիճակի վրա աշխատեն: Հայկ Խանումյանը փոքր մարդ է, ես իրեն լավ եմ ճանաչում: Այս փոքր մարդն ուզեցել է կամ ինչ-որ մեկին դուր գալ, կամ էլ ինչ-որ մեկի առաջադրանքն է կատարել: Իր երազանքն է, որ վերեւներում տեսնեն իր ելույթը, ասեն՝ լավ մարդ է, բերեք առաջ քաշենք»:

Ըստ Լեւոն Հայրյանի, երկրի կառավարությունն ունի 3 գործառույթ՝ պահպանել երկրի սահմաններն ու Սահմանադրությունը, զարգացնել տնտեսությունը եւ ժողովրդին կերակրել. «Ոչ մեկը չի արվում, Արցախը տվել են, հիմա էլ Սյունիքին ու Տավուշն են տալիս»:

Նրա խոսքով՝ «Այսօրվա իշխանությունները, որոնք արդեն ունեն 4 տարվա փորձ, հայտարարում են, որ նախկիններն են մեղավոր: Եթե դուք 4 տարի աշխատելուց հետո հղում եք անում նախկինների թերություններին, պարզ է, որ հաջորդ 4 տարին էլ ոչինչ չեք անելու: Մենք կոչ ենք անում իշխանություններին իրենց հավաքեն եւ իրենց պարտականությունը կատարեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28