Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցիչների մի մասը ստանալու է մեծ փող, մյուս մասին ինչպես սերիալում՝ «սպանելու» են». Սերոբ Խաչատրյան

Փետրվար 04,2022 14:04

«Հանրակրթության ոլորտում ցանկացած փոփոխություն՝ բովանդակային, թե մնացյալ առումներով, ուղիղ կապի մեջ է մանկավարժական համալսարանի հետ: Մանկավարժական համալսարանն այսօր գիտակցում է իր անելիքը այդ փոփոխությունների տիրույթում, եւ հսկայածավալ աշխատանք է սպասվում մանկավարժականում»,-«Մեդիա կենտրոնում» կայացած «Դպրոցը կփրկեն մանկավարժները: Իսկ ո՞վ կփրկի մանկավարժներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների հարցով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Նաիրա Սաֆարյանը:

Նրա խոսքով. «Եթե այսօր դպրոցում ուսուցչի որակի մասին ենք խոսում, այն պետք է սկսվի մանկավարժական համալսարանից: Այնտեղից դուրս եկող շրջանավարտը պետք է ամբողջությամբ համապատասխանի այն պահանջներին, որոնք այսօր ուզում ենք տեսնել: Փոփոխություններն արդեն սկսված են, Հանրակրթության մասին օրենքում փոփոխությունները նախատեսված են: Ես եւս ԱԺ-ում եղած լսումներին մասնակցել եմ: Կարող եմ փաստել, որ ցավոք, իմ գործընկերների կողմից բովանդակային փոփոխությունների մասով շեշտադրումը հիմնականում անտեսվում էր, տնօրենները եւ ելույթ ունեցողները շեշտը դնում էին ուսուցչի աշխատավարձերի ու դպրոցում տնօրենի աշխատանքի հետ կապված խնդիրների վրա»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ շատ մեծ ռիսկեր է տեսնում կամավոր ատեստացիայի հետ կապված փոփոխություններում, որտեղ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է բարձր դրույքաչափեր սահմանել այն ուսուցիչների համար, որոնք կանցնեն կամավոր ատեստացիան. «Խոսք է գնում 200000 դրամ բազային դրույքի մասին, որը հավելավճարներով կդառնա 400000:

Աշխարհում կա շատ մեծ բեւեռացում, նույնը առկա է նաեւ մեր հասարակությունում: Այս որոշմամբ, ըստ էության, մենք ծայրահեղ բեւեռացումը տանելու ենք դպրոցներ; Այսինքն, դպրոցում լինելու է ուսուցիչ, որը 22 ժամ դասավանդելուց հետո ստանալու է 80000 հազար աշխատավարձ, կամ հարկերը ներառված՝ 108000, եւ լինելու է ուսուցիչ, որը 22 ժամի դիմաց ստանալու է 400000 դրամ, որովհետեւ ինքը թեստը լավ է գրել կամ համահեղինակությամբ մի տեղ հոդված է տպագրել: Չնայած այլ հարց է, թե այդ հոդվածի քանի տոկոսն է ինքը գրել»:

Կրթության փորձագետի խոսքով, հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհում հայտնի գնահատման ծրագրերը լավագույն դեպքում չափում են ուսուցիչների կարողունակությունների 10-30 %-ը. «Ենթադրենք Հայաստանի ուսուցիչների գնահատման ծրագիրը լավագույնն է աշխարհում, թեեւ կամավոր ատեստավորումը ցույց տվեց, որ այդքան էլ լավը չէին թեստերը: Համարենք լավագույնն է՝ 30 %: Հիմա մարդուն 30% գնահատելով ինչպե՞ս ենք այդքան բարձր աշխատավարձ տալիս: Կարծում եմ՝ դպրոցներում առանց այդ էլ միջավայրը լավը չէ, հիմա ուսուցիչների միջեւ խտրականություն ենք դնում:

Իհարկե, այդ թեստերը շատ հեշտությամբ կարող են հաղթահարել հայտնի դպրոցների ուսուցիչները, իսկ սովորական կամ հիմնական դպրոցներում աշխատող ուսուցիչների համար հե՞շտ են արդյոք այդ ծրագրերը: Ես կողմ եմ, որ հավելավճարների սկզբունքը գործի, բայց եկեք այդքան չծայրահեղացնենք»:

Սերոբ Խաչատրյանը կորեական հայտնի սերիալից օրինակ բերեց. « Չգիտեմ նայե՞լ եք «Կաղամարի խաղը» սերիալը, ստացվելու է հետեւյալը՝ ուսուցիչների մի մասը ստանալու է մեծ փող, մյուս մասին ինչպես սերիալում «սպանելու են», բայց բարոյապես: Ասելու են՝ դու ցածր վճարվող ուսուցիչ ես, թեստը չես հանձնել: Իսկ այն ուսուցչից, որին 400000 ենք տալիս, համապատասխան արդյունք պահանջելո՞ւ ենք, թե՞ ասելու ենք՝ կարող ենք երկուսդ էլ հավասար արդյունք տալ»:

Նա անդրադարձավ նաեւ դպրոցի կառավարման փոփոխություններին, որոնց համատեքստում լինելու է տնօրեն եւ վարչատնտեսական համակարգող. «Ստացվում է դպրոցում լինելու է երկու մարդ, երկուսն էլ նախարարության կողմից նշանակված: Եթե մեկը մյուսին է նշանակում՝ դա նորմալ է, բայց երկու մարդ, երկուսն էլ «վերեւից» եկած, չգիտեմ, թե ինչ կստացվի սրանից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28