«Պատկերացնում եմ, որ Հայաստան-Թուրքիա շփումը կարևոր է առանց նախապայմանների: Ես չեմ կարծում, որ այս իշխանությունն այս հռետորաբանությամբ, որը վերջին երկու ամսվա ընթացքում լսել եմ, ունակ է հավասարը հավասարի այդ երկխոսությունը տանել»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցին՝ արդյոք հայ-թուրքական ներկայիս բանակցություններն իրեն հավատ ներշնչո՞ւմ են, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, թեև մեր իշխանությունները խոսում են առանց նախապայմանների հարաբերությունների մասին, սակայն Թուրքիան իրականում նախապայմաններ է դնում: Նա պարզաբանեց. «Այն, որ Թուրքիան ճանապարհային քարտեզ է հրապարակել, կամ հայտարարել է ճանապարհային քարտեզի մասին, որը խոսում է միջանցքի մասին, արդեն հուշում է, որ ինքն ունի իր նախապայմանային մոտեցումները: Այն, որ Թուրքիան ասում է՝ մենք գնում ենք առանց նախապայմանների, դա չի նշանակում, որ դրանք են առանց նախապայմանների հարաբերությունները»:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «առանց նախապայմանների հարաբերություններ» նշանակում է, որ իրենք հիմա դիվանագիտական նոտաներ են փոխանակում, ասում են, որ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունները հաստատում ենք, և Թուրքիան միակողմանի բացում է միակողմանի փակված սահմանը. «Մնացածը շփումներ են, որոնք միշտ եղել են և ողջունելի են բոլորի միջև: Բայց, եթե դրանք կապվում են Արցախի հարցի, որևէ միջանցքի, որևէ սահմանի հետ կամ սահմանի ճանաչման հետ, դրանք արդեն նախապայմանային բանակցություններ են, որոնք անընդունելի են»:
Կարդացեք նաև
Այս հարցի առիթով ՀՀ առաջին ԱԳ նախարարը շեշտեց՝ պիտի հասկանանք՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մեզ համար գոյաբանական, ազգային անվտանգության խնդիր է, ոչ թե հայրենասիրական, գեղապաշտական հարց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ