«Իշխանության գրկում, թե ընդդիմության ծոցում մենք պայքարում ենք, որ ունենանք մեր երկրում իրավունքի իշխանություն, քաղաքացիական ազատություններ, ազգային շահի գիտակցում և որ մեր իրավունքները պաշտպանենք միջազգային ատյաններում,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ երկար պայքարել ենք, որ այս վիճակը չլինի, այդ պայքարը, որը 25 հոգու պայքար չէր, այլ համաժողովրդական, թող ոչ մեկը չսեփականաշնորհի, հիմա այդ պայքարը հասել է այստեղ: Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասնեց. «Մենք հասել ենք այն վտանգավոր պահի, որ այդ ամենը վերադառնում է իրականություն, ինչի դեմ պայքարել ենք: Եվ որ դատական իշխանությունը, հանձին մեկ դատավորի, այն վտանգի տակ է, որ ինքը դառնա քաղբանտարկյալ, այն բանի համար, որ ինքն օգնում է, որ ՀՀ-ն չունենա քաղաքական բանտարկյալ: Այս շարունակական ընթացքն ուղղակի ՀՀ ապագայի համար անտանելի է, և հայ ժողովուրդը պետք է քայլեր կատարի, որ այս ընթացքի առաջն առնի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստելով, որ եղել է ընդդիմադիր տարբեր իշխանությունների ժամանակ, նկատեց. «Կարող եմ դժգոհություն հայտնել յուրաքանչյուր նախագահի վարչակազմի այս կամ այն դիրքորոշման, սկզբունքի, արտաքին քաղաքական քայլի վերաբերյալ, կարող եմ ասել, որ ՀՀ առաջին նախագահի այս կամ այն սկզբունքը, որոշումը կամ երկրորդ երրորդ նախագահների սկզբունքը սխալ էր, որ առաջին նախագահը ցորենը Ռաֆսանջանիից պետք է վերցներ, ինչպես պայմանավորվել էի, ոչ թե Թուրքիայից վերցներ, որ պարոն Քոչարյանը պետք է Արցախի նախագահ մնար, և ուժեղ Արցախ մնար, պարոն Սարգսյանը ընտրությունների իրական արդյունքը պետք է ընդուներ, կամ նվազագույնը ազգային համաձայնության կառավարություն ձևավորեր, կամ մադրիդյան սկզբունքներին դեմ էի, կամ չորրորդ նախագահը, կամ էս վարչապետը պիտի հավատարիմ մնար այդ արժեքներին, բայց հրապարակավ Ստրասբուրգում, Մոսկվայում, Բրյուսելում տանում է ազգային, պետական մոտեցումը, ոչ թե որպես քաղաքացի, առավել ևս որպես պետական այր: Ունենում է ելույթներ, որոնցում ականատես ենք լինում վերջին շրջանում աննախադեպ արտահայտությունների: Նման բան երբևէ չենք լսել: Երկուշաբթի օրը ԵԺԿ-ի քաղաքական վեհաժողովի առաջ պիտի ելույթ ունենամ հեռակա, դիմացս պիտի ասեն, որ ձեր վարչապետն այսպես է ասում, ի՞նչ պիտի ասի հայաստանյան պատվիրակը, ուղղակի պիտի հակադրվի, թե′ Թուրքիայի թե′ Ադրբեջանի թե′ Հայաստանի ղեկավարներին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ