Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից զարգացել եւ նոր ընթացք է ստանում արատավոր երեւույթ՝ կրոնական բաղադրիչի հիման վրա ատելության քարոզը հայերի եւ հայկականության հանդեպ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով ապացույցների վրա հիմնված արտահերթ նոր զեկույց՝ հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ։
Թաթոյանը շեշտեց, որ Ադրբեջանի նախագահը թիրախավորել է կրոնական բաղադրիչը եւ մուսուլմանական աշխարհին կոչ արել վրեժխնդիր լինել, ասելով՝ «հուսամ՝ մուսուլմանական աշխարհը կգնահատի այս ամենը, եւ ես ստանում եմ նամակներ այդ երկրների նաեւ ղեկավարներից», կամ՝ «հայերն իսլամաֆոբ են, ադրբեջանաֆոբիան հասել է հոգեկան հիվանդության աստիճանի»։
Արման Թաթոյանը որպես ապացույց հիշեցրեց նաեւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի խոսքը՝ «կեղծիքը եւ դավաճանությունը հայերի արյան մեջ են, նրանք կեսգիշերին կանանց եւ երեխաներին են կարողանում սպանել, մանիպուլացնում են իրենց քրիստոնյա լինելը»։
Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ նման հայտարարություններին զուգահեռ ադրբեջանցիները յուրացնում են հայկական եկեղեցիները՝ դրանք ներկայացնելով որպես ալբանական, այսինքն՝ բարձր պաշտոնյաների եւ իրական գործողությունների միջեւ կապակցվածություն կա։ «Եթե մեր մոտ իսլամաֆոբիա կա, այդ ինչպե՞ս ստացվեց, որ Արցախում պահպանվել են մզկիթները։ Շուշիի մզկիթներից մեկը, մեդրեսի՝ հոգեւոր վարժարանի շենքը վերանորոգվել են։ Իսկ Ադրբեջանն ինչպե՞ս կբացատրի Մեխակավանի եկեղեցու ոչնչացումը, Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու պղծումը, Շուշիի մայր տաճարի պղծումը։ Բաքվում կա հայկական եկեղեցի, բայց մեր ուսումնասիրությամբ՝ միայն պատերն են հիշեցնում եկեղեցի, չկան խորանը, խաչը, գերեզմանաքարերը։ Նման հարցերը միջազգային կառույցներին էլ ենք ներկայացնելու»,-նշեց պաշտպանը։
Կարդացեք նաև
Արման Թաթոյանը նաեւ փոքրիկ պատմական ակնարկ կատարեց՝ հիշեցնելով, որ Մուհամեդ մարգարեն ժամանակին իր պաշտպանությունն է հայտնել հայկական եկեղեցիների հանդեպ․ «Արաբական երկրներում մեր եկեղեցին բարձր դեր է ունեցել։ Հայ քրիստոնյաներն էլ ունեցել են ինտեգրված կյանք։ Հետեւաբար՝ մեզ իսլամաֆոբիայի մեջ մեղադրելը հակասում է պատմական փաստերին եւ կապ չունի իրականության հետ»։
Արման Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի վերոնշյալ քաղաքականությունը վտանգավոր է նաեւ այլ երկրների համար եւ ունակ է կայունություն խաթարել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ