Սկիզբը՝ այստեղ:
Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը
Իշխանության ներքին չվերթ՝ «ինչորԲասին» և այլոք
Հաջորդ իշխանության հնարավոր երեք տարբերակներից (մոսկովյան, արևմտյան, թուրքական), ոչ մեկն էլ չի բխում Հայաստանի խորքային շահերից:
Կարդացեք նաև
Հայաստանի հետպատերազմյան վերականգնում հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերելքի ռեսուրսը, այն է` հաջորդ իշխանության կորիզը, ձևավորվի Հայաստանում: Միայն այդ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ ունենալ խորքային ստրատեգիական հարաբերություններ, Արևմուտքի հետ` կոնցեպտուալ նոր, առողջ աշխատանքային հարաբերություններ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գտնել արժանապատիվ հարևանության մոդելը: Առանց այս ամենի՝ Հայաստանի հեռանկարը մշուշոտ է:
Ինչո՞ւ առայժմ չի ստացվում Հայաստանում նոր, սոլիդ իշխանության ձևավորումը: Թվում է, թե բոլոր նախապայմանները կան:
Այսօր Հայաստանի գրագետ խավերի 95 տոկոսը (առանց չափազանցության) համակարծիք է, որ այս իշխանությունը պետք է փոխվի: Դա չի նշանակում, թե այդ 95 տոկոսը այս կամ այն ուժի կամ գործչի կողմն է, բայց շատ հստակ է մերժում գործող իշխանությանը:
Որոշ հարցումներով՝ Նիկոլն ունի 25 տոկոս, այլ տարբերակներով՝20 ու նույնիսկ 17: Բայց նույնիսկ սա չէ էականը:
Ղազախստանում իրադարձություններից 1-2 օր առաջ Նազարբաևին անվանում էին Յելբասի՝ ժողովրդի հայր, ուներ նորմալ վարկանիշ: Սպասել, որ Նիկոլի վարկանիշը է´լ ավելի իջնի, սխալ մոտեցում է: Կարող է իջնել, կարող է չիջնել. այս պահին հանրային հեղինակության առումով Նիկոլը ինչ-որ փոքր խմբի «չգիտեմ ինչ բասի» է. կոպիտ սխալ է նրան «ժեխբասի» կամ նույնիսկ «մարգինալբասի» համարելը: Նա արդեն չունի կայուն սոցիալական հենարան: Նիկոլն ունի և միշտ ունենալու է հասարակության մի փոքր մասի աջակցությունը: Նրա ուժը դա չէ: Նրա ուժն իրավապահներն են, զգալի զանգվածների կոնֆորմիզմը և հակառակ պրոցեսի թուլությունը: Այս առումով նա ուղղակիորեն ուժայինների «Բասին» է, իսկ անուղղակիորեն՝ կոնֆորմիստների:
Գոնե նրանք, ովքեր եղել են պետական կառավարման համակարգի բարձունքներում, սա լավ պետք է հասկանան: Եվ սա վարկանիշի հետ որևէ կապ չունի:
Ինչպե՞ս սկսել հայաստանակենտրոն նոր իշխանության ձևավորման պրոցեսը: Ինչպե՞ս սկսել հանրային լայն պրոցեսը, ինչպե՞ս մարդկանց հնարավորություն տալ՝ մասնակիցը դառնալու մեծ փոփոխությունների, և ինչպե՞ս կոնֆորմիստներին ցույց տալ այլընտրանք:
Մի կողմից՝ անիմաստ է սպասել, թե ե´րբ Նիկոլի ցածր վարկանիշն ավելի կիջնի կամ կզրոյանա, մյուս կողմից՝ անլուրջ է առանց անելիքի իմացության օրումեջ հայտարարել տարբեր շարժումների կամ պրոցեսների մասին:
Եթե երկրի գրագետ բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկրում պետք են փոփոխություններ, դրանք անպայման տեղի են ունենում: Իսկ եթե պրոցեսը ձգձգվում է, ուրեմն երկու կարևոր տապալում կա, ու խնդիրը պետք է փնտրել այդտեղ.
- Բովանդակություն
- Կազմակերպչական-կառուցվածքային աշխատանք
Նիկոլի՝ իշխանության մնալու գաղտնիքն այն է, որ հասարակությանը չի առաջարկվում հասկանալի կոնսոլիդացիոն բովանդակություն, որը թույլ կտա ունենալ լայն ներկայացվածությամբ պրոցես: Մարդիկ, տարբեր սոցիալական խավերը չեն հասկանում, թե իրենց ի´նչ է առաջարկվում: Ավելին, այդ մարդկանց հուզող խնդիրների մեծ մասի մասին չի էլ խոսվում: Չկա այն բովանդակությունը, որը կհամախմբի բժշկին, տաքսիստին, գործարարին, դասախոսին, կրպակավաճառին, տնային տնտեսուհուն, գյուղացուն, ուսուցչին և այլոց: Նոր բովանդակությունը պետք է ցույց տա հասարակությանը իր վաղվա օրը, պետք է խոսի անվտանգությունից մինչև սոցիալական հարցեր, խաղաղությունից մինչև արժանապատվություն, Թուրքիայի հետ բանակցություններից մինչև Ադրբեջանի հետ դեէսկալացիա, Քովիդից մինչև գնաճ և այլն:
Ի դեպ, երբ դա չի անում ընդդիմությունը, այդ բացը փորձում է լրացնել իշխանությունը: Բայց սա պարտված իշխանություն է, որը չի կարող դեպի վերելք առաջնորդել, այդ պատճառով էլ մենք լռվել ենք անհուսության փոսում: Այս գաղափարները ճիշտ ձևակերպելու և առարկայական խոսակցություն սկսելու դեպքում հունիսին Նիկոլին ձայն տված 680 հազարից մի քանի հարյուր հազարն ընդունելու է այս գաղափարները ու միանալու է վերելքի պրոցեսին, տանը մնացած 800 հազարի մեծ մասը տեսնելու է իր հետաքրքրությունը և նույնպես միանալու է, իսկ հունիսին փոփոխություններին կողմ քվեարկած 400 հազարը կդադարի մտածել, թե հուլիսից իրեն մոռացան:
Տակը մնալու է մի շերտ, որը միշտ Նիկոլին համարելու է ենթաքրիստոսի պես մի բան:
Ինչ վերաբերում է կառուցվածքային-կազմակերպչական կողմին, ապա այստեղ այսօր ուղղակի զրոյական վիճակ է: Մինչև քաղաքացին, հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչները, տարբեր սոցիալական խավերի շահագրգիռ խմբերը չիմանան, թե իրենց խնդիրներով ինչպե´ս գնան ընդդիմության գրասենյակներ, ոչ մի զանգվածային պրոցես չի լինի: Քանի՞ մարդ է այսօր աշխատում հաջողության պրոյեկտի վրա. չնչին թիվ, որովհետև աշխատանքի դաշտը չկա, աշխատելու և ինտեգրվելու մեխանիզմները չկան, նույնիսկ հասցեն չկա: Էդ դեպքում Նիկոլին սկզբունքորեն մերժող հանրության մեծամասնությունը ինչպե՞ս կոնսոլիդացվի, ինչպե՞ս դառնա թափանիվի մի մասնիկը: Ինչպե՞ս մաս կազմի իշխանության փոփոխության ներքին չվերթին:
Նոր, սոլիդ, համերաշխ իշխանություն բոլորին է պետք՝ բոլոր ընտրազանգվածներին, պետական համակարգին, ուժայիններին և այլն: Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ խաղաղ, սահուն ճանապարհով հաջողության հասնելու: Միակ հարցը՝ ե՞րբ վերջապես կմիացվի «օդանավի» շարժիչը:
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ