Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանի իշխանությունը հռետորաբանությունը մի ամսով դադարեցնի, ատելությունը վերանալո՞ւ է․ ուստի մի ասեք այդպես»․ Թաթոյանի կոչը պաշտոնյաներին

Փետրվար 04,2022 12:20

Ադրբեջանի կողմից ատելության եւ թշնամանքի է արժանանում ոչ միայն ՀՀ-ի եւ Արցախի, այլեւ առհասարակ հայկականության հետ կապ ունեցող ցանկացած երեւույթ՝ սկսած Հայաստան պետությանը վերաբերող ատելությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով ապացույցների վրա հիմնված արտահերթ նոր զեկույց՝ հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ։

«Հատկապես պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանի իշխանությունը թիրախավորում է սովորական մարդկանց։ Օրինակ՝ «հայերը բարբարոս ազգեր են, գերեզմաններից հանում էին մահացածներին, հալեցնում ոսկի ատամներն ու վաճառում»։ Արվում են նաեւ այնպիսի համեմատություններ, որոնք միտված են մարդկանց հանդեպ ատելություն առաջացնելուն։ Օրինակ՝ «շներ, շակալներ, հիվանդ հոգեբանությամբ մարդիկ»,-որպես օրինակ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեջբերեց պաշտպանը։

Արման Թաթոյանը շեշտեց՝ փորձել են հասկանալ, թե որն է նման արտահայտությունների աղբյուրը․ «Գտել ենք 1919թ․ Պոպովի հատուկ բառարան, որում բացատրվում է, որ «գյավուր» բառը, որը բոլորիս գիտենք որպես «անհավատ», օգտագործվել է նաեւ որպես «շուն» անվանակոչելու համար։ Դա թուրք ժողովրդի կողմից որպես վիրավորանք էր օգտագործվում բոլոր այն անձանց հանդեպ, որոնք եղել են «անհավատներ»։ Այսինքն, նաեւ այս իմաստով է օգտագործվել պատերազմից ժամանակ եւ դրանից հետո, դարձել կարգախոս»։

Արման Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանական քարոզչությունը միտված է սերմանելու, որ եթե հայ ես, ուրեմն ունես վատ հատկանիշներ․ «Վերջերս Ադրբեջանի նախագահն է դա սկսել՝ ասելով, որ «հայերը թունավորված են եւ այդ թույնը գալիս է սփյուռքից»։

Արման Թաթոյանը նկատեց՝ մեր պաշտոնյաները հաճախ խոսում են Ադրբեջանի նախագահի՝ ատելություն պարունակող հռետորաբանության մասին․ «Հատուկ շեշտեմ, որ դա ոչ այնքան հռետորաբանություն է, այլ տարիներով կենսագործվող քաղաքականություն՝ սկսած կրթությունից։ Սխալ է ասել, որ ադրբեջանական իշխանությունները կամ նախագահը պետք է դադարեցնեն այդ հռետորաբանությունը։ Է հետո՞։ Պատկերացրեք՝ հռետորաբանությունը մի ամսով դադարեցրեց, ատելությունը վերանալո՞ւ է։ Հասկանանք, թե իրական քաղաքականությունն ինչպիսին է»։

ՄԻՊ-ը նաեւ ընդգծեց՝ պատերազմից հետո Ադրբեջանում խաղաղության կոչեր են արել մարդիկ, որոնք այն աստիճանի հարձակումների են արժանացել, որ ստիպված են եղել լքել երկիրը․ «Անդերսոն» սրճարանի տերը երկու երկրների միջեւ խաղաղության կոչ է արել, բայց հարձակումների է ենթարկվել, ստիպված փակել բիզնեսն ու հեռացել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28